HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեկ տարուց ավելի ես ինձ զգում եմ գերու կարգավիճակում»

Ռուբեն Ամատունի,
«Կոշ» ՔԿՀ դատապարտյալ

Երկարատև դադարից հետո ես ստիպված ձեռքս եմ վերցրել թուղթն ու գրիչը՝ կրկին վերսկսելով պայքարն իմ իրավունքների պաշտպանության, ինձ հասանելիք ազատության համար, որից ինձ զրկել են՝ խախտելով ՀՀ մի շարք օրենքներ:

Մեկ տարուց ավելի ես ինձ զգում եմ գերու կարգավիճակում: 2013 թ.-ի հուլիսի 28-ին լրացել է իմ պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը՝ պատժի կրման ½ մասը: Սակայն ՔԿՀ վարչական հանձնաժողովը ինձ 3 անգամ մերժել է ներկայացնել անկախ հանձնաժողովին ազատման համար:

Ես անընդմեջ, 10 ամիս շարունակ բարձրաձայնում էի իմ (և ոչ միայն իմ) խախտված իրավունքների մասին, գրում բողոքներ, դիմում տարբեր պաշտոնատար անձանց ու լրատվամիջոցներին:

Վերջապես որոշեցի իմ իրավունքների համար դիմել դատարան: Եվ «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի մերժման որոշումը բողոքարկեցի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Ս. Մնոյանը մասնակի բավարարեց բողոքս՝ պարտավորեցնելով «Կոշ» ՔԿՀ վարչակազմին ինձ ներկայացնել անկախ հանձնաժողովին, քանի որ ես բնութագրվում եմ դրական, ուղղված: Ես համոզվեցի, որ կա արդարություն: ՔԿՀ վարչակազմը դատարանի որոշումից հետո արտահերթ նիստ հրավիրեց ու միջնորդագիր ներկայացրեց անկախ հանձնաժողովին ինձ ազատելու մասին:

Անկախ հանձնաժողովի կազմից հոգեբան Ռուբեն Աղուզումցյանն ու հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ըստ գործող կանոնակարգի, այցելեցին ինձ: Լսեցի ծանոթ արտահայտությունը՝ «տակը շատ ես թողնում» (այսինքն՝ պատժի ավարտին դեռ տարիներ են մնում): Բայց ես չէի կարող մտածել, որ դատարանի որոշումը կարող է ստորադասվել, հաշվի չառնվել անկախ հանձնաժողովի կողմից առ այն, որ ես համարվում եմ ուղղված ու դրական դատապարտյալ:

Այսպես՝ անկախ հանձնաժողովը հուլիսի 23-ին փակ և գաղտնի քվեարկությամբ, հավանություն չտալով դատարանի կայացրած որոշմանը, վերապահելով իրեն դատարանից բարձր լիազորություններ, մերժել է իմ պայմանական ազատումը: Անկախ հանձնաժողովը, վստահ լինելով իր անպատժելիության մեջ, կատարում է անօրինական գործողություններ՝ ունենալով իր կազմում բարձրաստիճան պաշտոնյաներ: Օրինակ՝ «Կոշ» ՔԿՀ-ն սպասարկող անկախ հանձնաժողովի նախագահն է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գ.Համբարձումյանը:

Այս պահին ես նույն դատարանում բողոքարկում եմ անկախ հանձնաժողովի մերժումը: Բողոքս ընդունվել է վարույթ: Հուսով եմ, որ այս անգամ ևս դատարանում կվերականգնվի արդարությունը, դատարանը կբավարարի իմ բողոքը՝ թեկուզ մասնակի: Գործը նույն դատավոր Ս. Մնոյանի վարույթում է, ով արդեն մեկ անգամ կայացրել է արդարացի, օբյեկտիվ որոշում:

Ես դեռ մեկ տարի առաջ պիտի լինեի ազատության մեջ՝ մորս կողքին, աշխատանք ունենայի, ընտանիք կազմեի, ոչ թե ենթարկվեի բարոյահոգեբանական խոշտանգման անվերջանալի մերժումներով: Սակայն 4 տարի 7 ամիս պատիժը կրելուց հետո ես չեմ չարացել կամ խելագարվել, ընդհակառակը բարձրացել է իրավագիտակցության աստիճանս, զբաղվում եմ ինքնակրթությամբ, «Կրթական ինքնագործ միավորման» նախագահն եմ:

Վերջին լուսանկարում այլ անձանց անձնական տվյալները փակված են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter