HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Policy Forum Armenia-ի նոր զեկույցը` Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ճանապարհային քարտեզ եւ նոր տեսլական Կովկասի համար

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքի հերթական զեկույցը՝ «Հայաստանը եւ Արեւմուտքը. նոր տեսլական Կովկասի համար» վերտառությամբ: Զեկույցի նախնական տարբերակը ներկայացվել էր հուլիսի 2-ին ԱՄՆ Ատլանտյան Խորհրդում տեղի ունեցած ներկայացուցչական քննարկումների ժամանակ:

Զեկույցը նախատեսված է այն մասնագետների եւ քաղաքական գործիչների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի, ինչպես նաեւ վերջինիս՝ Արեւմուտքի հետ ունեցած կապերի ուժեղացմամբ: Այն պարունակում է նորարարական մի շարք մտքեր, որոնք մարտահրավեր են նետում Հայաստանում եւ Կովկասում Արեւմուտքի ներգրավման մասին գերակայող տեսակետներին:

Զեկույցում միտումնավոր անտեսվում է Հայաստանի զարգացման առանցքային խոչընդոտող գործոնը՝ երկրում առկա կառավարման մակարդակը, եւ ներկայացվում է տարածաշրջանի համար մի այնպիսի տեսլական, որը կարող է գոյություն ունենալ Հայաստանում սեփական ժողովրդի լայն աջակցությունը վայելող, գլոբալ միտումների հետ համաշունչ քայլող եւ երկրի անկախությունն արտաքին միջամտություններից ապահովել կարողացող առաջնորդների առկայության պարագայում:

Փոփոխությունները, որոնք ասպարեզ կբերեն այս տեսակի առաջնորդներ, ի վիճակի կլինեն կապանքներից ազատելու Հայաստանի զարգացման ներուժը եւ արդյունավետ կերպով հանգեցնելու զեկույցում առաջարկվող արտաքին քաղաքականության վերաուղղորդմանը:

Զեկույցում ասվում է, որ թեպետ Հայաստանը ինքն է մեղավոր ներկայումս ստեղծված իրավիճակի համար, այնուամենայնիվ, Արեւմուտքը բաց է թողել Հայաստանին դեպի ժողովրդավարություն եւ լավ կառավարում ուղղորդելու հնարավորությունը:

Այդուհանդերձ, վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են տալիս Արեւմուտքին՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար: Սակայն, ինչպես շեշտվում է զեկույցում, դա չի կարող տեղի ունենալ ներկայիս իշխող վարչակարգի պարագայում, որը վատնել է երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական ներուժը եւ Հայաստանը հասցրել է անդառնալիի եզրին:

Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում է Հայաստանի եւ հարեւան պետությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի միջեւ առկա երկկողմ հարաբերությունները: Թեեւ զեկույցում ընդունվում է առկա ստատուս քվոյի լրջությունը, որը հենված է Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության նախընտրությունների միջամտության վրա, այնտեղ նաեւ ելք է առաջարկում:

Ընդգծվում է, որ Ռուսաստանի ներկայիս վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ դեմ է երկու երկրների երկարաժամկետ շահերին: Հարաբերությունների նման դասավորվածությունը չի կարող կայուն լինել: Մարտահրավերը Ռուսաստանին համոզելն է, որ այն հետ կանգնի եւ հնարավորություն տա Հայաստանին կամուրջներ կառուցել այլ երկրների ու խմբերի հետ՝ հենվելով սեփական ռազմավարական շահերի վրա, բայց՝ միաժամանակ պահպանելով իր բացառիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը իր դատողություններում նշում է. «Զեկույցը, որ հաջորդում է Ատլանտյան Խորհրդում հուլիսի 2-ին տեղի ունեցած բազմակողմ քննարկումներին, հանդես է գալիս թե՛ որպես Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը ներկայացնող համապարփակ ներըմռնման գոհացուցիչ արդյունք, թե՛ որպես այդ քննարկումներին հետեւող ստեղծագործ ամփոփում: Այն նաեւ եզակի փորձ է Հայաստանի ապագան դիտարկել ռազմավարական հեռանկարում, ինչը օգտակար է նրա՝ Ռուսաստանից միակողմանի կախվածությունից անդին անցնելու համար եւ դռներ է բացում այլընտրանքային քաղաքական մտածողության առջեւ: Արտաքին քաղաքականության խնդիրներն ու մարտահրավերները ճիշտ կերպով շաղկապված են ավելի լավ կառավարման եւ ժողովրդավարության կերտման հետ»:

Վերլուծելով հայ-ադրբեջանական կարգավորումը՝ զեկույցում ներկայացվում են երեք հնարավոր սցենարներ: Հայաստանի տեսակետից ամենագրավիչ սցենարը ենթադրում է երկրի տնտեսական եւ պաշտպանական կարողությունների զարգացումը այնպես, որ պահպանելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը միաժամանակ կհանգեցնի տարածաշրջանում կայունության ապահովմանը եւ կնպաստի Անդրկովկասյան տնտեսական շուկայի առաջացմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների: Արեւմուտքի համար գրավչության տեսակետից զեկույցը ներկայացնում է տեսլական, որտեղ Հայաստանը դերակատարում ունի որպես առանցքային միջանցք արեւմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իրանի ապաշրջափակման գործում, անկայուն տարածաշրջանում գտնվող Վրաստանի համար հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր եւ ներկայանում է որպես հնարավոր բուֆեր տարածաշրջանում Թուրքիայի նեոօսմանական ձգտումների դեմ:

«Որոշ ժամանակ է, ինչ ես հետեւում եմ Policy Forum Armenia-ի գործունեությանը եւ համարում եմ, որ պրոֆեսիոնալների այս փոքրիկ, բայց բացառիկ խմբի աշխատանքն իսկապես տպավորիչ է: PFA-ի՝ եղած կաղապարներից դուրս մտածելու ունակությունը, հաստատակամությունը եւ տարբեր ու դժվար թեմաների շուրջ լավ հետազոտված ու մանրամասն զեկույցները մշտապես համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին: Նրանց վերջին զեկույցը Հայաստանի եւ Արեւմուտքի մասին բացառություն չէ: Պարտադիր չէ համաձայնվել զեկույցի բոլոր եզրակացությունների հետ, սակայն այն հանդես է գալիս որպես ամենախոհուն եւ հեռուն գնացող աշխատանքներից մեկը՝ Հայաստանի արտաքին հարաբերությունների թեմայով»,-ասել է PFC Energy International էներգետիկայի ոլորտում համաշխարհային խորհրդատվական ընկերության նախկին նախագահ Վահան Զանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter