HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Այս ամենը ինձ վարկաբեկելու նպատակով է արվում»

Պետությունն ընդդեմ Վարդան Պետրոսյանի. քաղաքացիական հայց

Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստին դատավոր Վաղինակ Մկրտչյանն անդրադարձավ պաշտպանական ու տուժող կողմերի, մեղադրող դատախազի տարբեր միջնորդություններին, ինչպես նաև` գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հայցին: Այն վերաբերում է վթարված «Նիվա» մակնիշի մեքենային, որը պետական մեքենա է, իսկ որպես վարորդ աշխատել է տուժողներից Արթուր Հակոբյանը:

Պետական գերատեսչությունը 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին վթարված «Նիվա» մեքենայի համար փոխհատուցում ստանալու խնդրանքով հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վարդան Պետրոսյանի: «Նիվա» մեքենան գյուղնախարարության ԾԻԳ-ը գնահատել է 2 մլն 600.000 դրամ:

- Ինչով եք հիմնավորում այդ գումարը,-հարցրեց դատավոր Մկրտչյանը հայցվորի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանից:

- auto.am կայքից ենք օգտվել,-պատասխանեց գյուղնախարարության ԾԻԳ-ի իրավաբանը:

- Իսկ հաշվարկե՞լ եք մնացորդային գումարը, որն ըստ ապրանքագետի` 737 հազար դրամ է: Բացի այդ, ինչո՞ւ եք Վարդան Պետրոսյանի դեմ այդ հայցը ներկայացրել, ինչո՞ւ ԱՊՊԱ-ին չեք ներկայացրել,- հարցրեց Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

-Ո՛չ, չենք հաշվարկել: Իսկ ԱՊՊԱ-ին չենք կարող ներկայացնել, քանի դեռ պարզված չէ, թե ով է մեղավոր,-պատասխանեց իրավաբան Կարապետյանը:

-Հայցվորը հստակ պահանջ է ներկայացրել, ում ուզի, նրան էլ կներկայացնի գումարային պահանջ, դա իր իրավունքն է,-ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:  

-Ստացվում է, որ ամբողջ հանրապետությունը մեղավոր է վթարի մեջ, բացի Վարդան Պետրոսյանից,- ասաց տուժողներից Արթուր Հակոբյանի կինը՝ Նաիրա Հայրապետյանը:

Դատավորը պարզաբանեց, որ քաղաքացիական հայցը լրացման ու հիմնավորման կարիք ունի:   

«Միշտ ասել եմ՝ խնդրում եմ իմ փաստաբանը կողքիս լինի»

Քննարկվեց նաև  Վարդան Պետրոսյանի՝ որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննությունների արձանագրությունները անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը: 

Վարդան Պետրոսյանը նշեց. «Իմ առաջին երկու հարցաքննությունը քննիչը ցանկացել է կատարել առանց իմ պաշտպանի, միշտ ասել եմ՝ խնդրում եմ իմ փաստաբանը կողքիս լինի: Իսկ հետո ինքս եմ որպես բողոքի ակցիա հրաժարվել ցուցմունք տալ»:

Այս միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը և տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: Նրանց հիմնավորումն այն էր, որ Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալը պայմանավորված է եղել նրա առողջական վիճակով:

Դատավորը որոշեց մերժել միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատարանում կհարցաքննվեն ոստիկաններ

Նիկոլայ Բաղդասարյանը լրացրեց նախկինում արված միջնորդություններից մեկը և դարձյալ խնդրեց անթույլատրելի ճանաչել դեպքի վայրի զննության արձանագրությունը՝ շեշտելով, որ քննիչը չի արձանագրել բազմաթիվ հետքեր, որոնք առկա են քրեական գործի լուսանկարներում: Պաշտպանը ցանկանում էր հեռուստացույցի վրա ցույց տալ հետքերը, սակայն դատավորը չթույլատրեց տեղադրել հեռուստացույց՝ պարզաբանելով, որ համակարգչի վրա հնարավոր է նույնը ցույց տալ:

- Հետքերը շարունակվում են, դրանք չեն ավարտվում կողնակում: Ինչը քննիչը չի գծել: Փոխարենը արձանագրվել է մի հետք, որը լուսանկարներում չկա,- շեշտեց պաշտպանը: Արձանագրության տակ ստորագրել է ՀՀ Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակից, որի անունը առկա չէ փաստաթղթում, առաջարկում եմ հետաձգել միջնորդության քննարկումը և դատարան հրավիրել փորձագետ Թ. Եգորյանին:

-Ուզում ես ասես, որ 70-ի տա՞կ ա խփել»,- ցույց տալով «Նիվա»-ի լուսանկարը՝ հարցրեց մահացած տղաներից մեկի մայրը:

- Էս ամենը 5 անգամ լսել ենք, էսպես որ գնաց, 2015-ին չեն ավարտի դատավարությունը,- առարկեց Ռուբեն Բալոյանը:

- 5 անգամ լսել եք, 6-րդն էլ լսեք,- ասաց դատավորը:

Միջնորդությունը բավարարվեց: Բավարարվեց նաև դատախազի միջնորդությունը` հարցաքննության կանչել դեպքի վայրի զննությանը մասնակից ընթերականին, ՃՈ տեսուչներին և տեղամասային տեսուչին: Դատախազը ցանկանում է պարզել, թե ով է առաջին ընթերական, ում տվյալները նշված են, սակայն նա գոյություն չունեցող անձ է:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Քննիչ Հայկարամ Հակոբյանը չի գա դատարան

Նիկոլայ Բաղդասարյանն էլ միջնորդեց դատարան հրավիրել հենց քննիչին՝ Հայկարամ Հակոբյանին:

- Քննիչն է գլխավոր դերակատարը, նա կարող է ասել, թե ինչու մի ընթերական չկա: Չեմ կարծում, որ ոստիկանական համակարգում աշխատողները քննիչի գործողություններում եղած խախտումների մասին խոսեն, քանի որ նույն համակարգն են ներկայացնում,-կարծիք հայտնեց պաշտպան Բաղդասարյանը:

-Հիմա քննչական կոմիտե է գործում, նրանք արդեն տարբեր համակարգերում են,-ակնարկեց Ռուբեն Բալոյանը:

Նորից ալկոհոլի մասին

Ռուբեն Բալոյանը 2 միջնորդություն ներկայացրեց, երկուսն էլ վերաբերում էին ալկոհոլի թեմային՝ կանչել «Չէինք սպասում» հաղորդման հեղինակներին և դատաբժիշկ-փորձագետ Մինասյանին:

- Տուժող կողմը հիմնավոր կասկած ունի, որ Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմությունը կեղծվել է, կասկած ունի, որ նա խմած է եղել վթարի օրը: Հիվանդության պատմության 7-8 էջերը փոխված են, մեր համոզմամբ:

- Եթե մերժեք, մենք կդիմենք երկրի նախագահին, գլխավոր դատախազին: Ինչ էլ լինի, մենք գտնելու ենք կեղծված թղթերը,-ասաց մահացած երեխաներից մեկի մայրը՝ տիկին Նաիրան:

Նիկոլայ Բաղդասարյանը դարձյալ նշեց, որ ալկոհոլի հարցը մեղադրանքի ծավալից դուրս է, կա հաստատված փաստ, որ իր պաշտպանյալը սթափ է եղել:

Դատախազ Արթուր Սարգսյանը առարկեց՝ նշելով, որ դատաբժիշկը որևէ փորձաքննություն չի կատարել, այլ օգտվել է այլ գրառումներից:

- Ինձ համար արդեն կասկածելի են մեղադրողի գործողությունները,-նշեց Ռուբեն Բալոյանը,-թվում է՝ մենք նույն կողմում պիտի լինենք, բայց...

Վարդան Պետրոսյանը խոսեց այս թեմայի մասին՝ ասելով. «Անընդհատ փորձ էր արվում պարզել սթափ բառի ս մեծատառն ու ս փոքրատառը, հաջորդ նիստերին կփորձեք պարզել հարցական նշանները, հետո բացականչականները: Հնարավոր է` դատարանում հերքվեն ինձ վերագրված 3 կետերը, բայց ալկոհոլի մասին պատմությունը օդում կախված կմնա: Էլի եմ ասում՝ այս ամենը ինձ վարկաբեկելու նպատակով է արվում»: 

Դատավորը մերժեց Բալոյանի երկու միջնորդությունները՝ այդպիսով կանխելով ալկոհոլի թեմայի զարգացումը դատարանում: Նա պատճառաբանեց, որ ալկոհոլի թեման դուրս է մեղադրանքի ծավալից:

Մեկնաբանություններ (1)

Հրաչուհի
Դատախազի լկտի պահվացքի և անգրագետության վրա արդեն աչք փակել հնարաոր չէ: Սա գագաթնակետն է, անձամբ եմ ներկա գտնվում դատավարությանը և կասեմ, որ շարունակում են իրենց ՛՛ՄԱՐԻՈՆԵՏԱՅԻՆ ԿԼՈՈՒՆԱԴԱՆ՛՛, քնի որ այնպես են խճճվել իրենց իսկ գործած ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ, որ ելք անգամ չենգտնում: ՇՆՈՐՀԱՈՐՈՒՄ ԵՄ. առակ......!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter