HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Նամակագիրը հրաժարվո՞ւմ է նամակից. Գուրգեն Աղաջանյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գուրգեն Աղաջանյանի` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի հայցի քննության նախնական դատական նիստը:

Քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել «զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով», «զրպարտության համար փոխհատուցում վճարել և հատուցել վնասները»: Գուրգեն Աղաջանյանը վիրավորվել է ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի եւ նույն վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի մասին արված թերթի հրապարակումից եւ պահանջում է փոխհատուցում` 804 հազար դրամի չափով:

Նշված հրապարակման մեջ «Ժողովորդ»-ը մեջբերումներ է արել խմբագրությանը հասցեագրված` Գուրգեն Աղաջանյանի անունից ստացված նամակից, որտեղ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին եւ պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանին մեղադրանքներ էին ուղղվել:

Ավելի ուշ խմբագրություն է այցելել Գուրգեն Աղաջանայնը, որի անունից օրաթերթը նամակ էր ստացել եւ հրապարակել: Գ. Աղաջանյանը պնդել է, թե ինչքը չէ նամակի հեղինակը: Խմբագրությունում Աղաջանյանին ցույց են տվել «Հայփոստ»-ի միջոցով խմբագրությանն ուղարկված նամակը (նամակի հետադարձ հասցեն Պետգույքի կառավարման վարչությանն է), վերջինս պատճենահանել է նամակն ու ծրարը եւ հեռացել: Հաջորդ օրը Աղաջանյանը խմբագրություն է ներկայացրել մի հերքման տեքստ, որը օրաթերթը չի հրապարակել, քանի որ, ըստ «Ժողովուրդի, այն իրականում հերքում չէր, այլ գովեստի խոսքեր` իր հետ խմբագրություն այցելած Ա. Մարկոսյանի հասցեին, տեքստն անհեթեթ էր, հրապարակված նյութի հետ որեւէ առնչություն չուներ: 

Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը, Գուրգեն Աղաջանյանը «վիրավորվել» է հետևյալ արտահայտություններից. «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք», «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, «գիտնական», կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ», «Կ. Կիրակոսյանն իրեն այդ ոլորտում ավելի ապահով զգալու համար եւ պետգույքի մի զգալի մասը յուրացնելու նպատակով աճուրդի կենտրոնի տնօրեն է նշանակել իր քեռու տղային` Մարտին Քալաշյանին, ով նույնպես կեղծիքների մեծ վարպետ է»…:

Հատկանշական է, որ նույն նյութում «Ժողովուրդ»-ը ներկայացրել էր նաև Կարինե Կիրակոսյանի և վարչության ներկայիս պետ Արման Սահակյանի կարծիքները:

Երրորդ կողմի` Կարինե Կիրակոսյանի և Աշոտ Մարկոսյանի, ինչպես նաև հայցին բերված պատասխանի ծանուցման բացակայության պատճառով նիստը հետաձգվեց, և հերթական նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 8-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter