HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն հոկտեմբերի 12-ին ժամանել է Արցախ: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը: 

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված է Մ.Կաբալիեի հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Մոնսերատ Կաբալիեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի և նվագակցողի հետ: Այցի ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ստարմուս» ընկերության համագործակցությամբ: Համերգի գլխավոր հովանավորն է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ: Հովանավոր՝ «Աֆինա Պալլադա» ՓԲԸ:

Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել է կրկին գալ Արցախ: «…Վերադառնում եմ Արցախ և այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներին և երգել նրանց համար` հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»,-գրել է Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:

Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter