HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Որտե՞ղ է ներդրել «GILD Arbitrage Risk Capital Fund»-ը 20 մլն եվրոն

Էստոնական «GILD Arbitrage Risk Capital Fund»-ը, հրապարակելով 2008 թվականի իր հաշվետվությունը, նշել է, որ ֆոնդը Հայաստանում ներդրել է 20 մլն եվրո: Ըստ հաշվետվության` ներդրումները կատարվել են հանքարդյունաբերության ոլորտում: Կիպրոսում գրանցված «Melorama Holding Ltd»-ի միջոցով: Այս ընկերությունը Հայաստանում ձեռք է բերել ոսկու հանքավայրեր եւ կատարել հանքավայրերի ուսումնասիրություններ: Այս ամենի համար, ըստ այդ հաշվետվության, արդեն ծախսվել է 20 մլն եվրո:

Ո՞ր հանքավայրերն է ձեռք բերել օվշորում գրանցված այս ընկերությունը` դեռեւս չենք կարողացել պարզել: Կառավարությունը մեր հարցմանը պատասխանել է, որ «ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների կողմից ներկայացված բաժնետերերի ցանկերում Կիպրոսում գրանցված «Melorama Holding Ltd»-ն ընդգրկված չէ»: Այս պատասխանն, իհարկե, դեռ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ կամ կառավարությունը տեղյակ չէ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործարքներից, կամ էլ «Melorama Holding Ltd»-ն ինչ-ինչ պատճառներով միջնորդավորված է գործարքներ կատարում եւ բաժնետերերի ցանկում ուղղակիորեն չի երեւում իր անունը, երեւում է մեկ այլ ընկերություն, որի բաժնետերն, այնուամենայնիվ, «Melorama Holding Ltd»-ն է:

Էստոնական «Äripäev» թերթի մեր գործընկերոջ օգնությամբ հաջողվել է պարզել Կիպրոսում գրանցված «Melorama Holding Ltd»-ի բաժնետերերին: Ընկերությունն ունի երեք բաժնետեր.

1. 25%-ը պատկանում է «AS Gild Fund Management»-ին: Այն գրանցված է Էստոնիայում:
2. 60%-ը պատկանում է «Melorama Investments Ltd»-ին: Այն գրանցված է Մարշալյան կղզիներում: Մարշալյան կղզիները նույնպես օվշորային գոտի է:
3. 15%-ը պատկանում է Դավիթ Մանուկյանին, ում գրացման հասցեն է` Երեւան, Աղբյուր Սերոբի 11/3, բն. 2:

Այս հասցեում մարդ չի ապրում, հեռախոսազանգերին երբեք չեն պատասխանում: Բնակարանը պատկանում է ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանին կամ նրա որդուն` Դավիթ Մանուկյանին: Անդրանիկ Մանուկյանից պարզաբանումներ ստանալու մեր ջանքերն ապարդյուն են: Նրա օգնականն անընդհատ ասում է, թե նա գործուղման է մեկնել: Նախապես տեղեկացրել էինք, թե ինչի շուրջ ենք ցանկանում պարզաբանումներ ստանալ: Նույն պատճառաբանությունը նա բերեց նաեւ մեր երկրորդ զանգից հետո, թեեւ Անդրանիկ Մանուկյանին նույն օրը տեսել ենք քաղաքի կենտրոնում` մի միջոցառման ժամանակ: Պարզ է, որ նախագահի խորհրդականը մեկնաբանություններ չի ցանկանում տալ:

Ա. Մանուկյանը դեռեւս նախարար եղած ժամանակ առնչություն ուներ հանքերի հետ: Հենց նրա միջոցով է Հանքավանի ոսկու հանքավայրը վաճառվել ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը: Մեր ունեցած տվյալներով` այն վաճառվել է 30 մլն դոլարով:

Էստոնացի լրագրողներից մեկը խիստ կասկածում է, որ նման ներդրումներ ընդհանրապես եղել են: Չի բացառվում, ավելի ճիշտ` հավանական է, որ 2008 թվականին իսկապես ոսկու մի քանի հանքավայրեր վաճառվել են օվշորային գոտում գրանցված այս ընկերությանը: Դա նշանակում է, որ այդ գործարքից պետությունը որեւէ լումա չի ստացել: Կարելի է ենթադրել նաեւ, որ գործարքները կատարվել են դրսում, եւ իրականում Հայաստան փող չի մտել:

Ո՞ր հանքավայրերն են ձեռք բերվել, ու՞մ են պատկանում այդ հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիաները, ովքե՞ր են գործարքի հեղինակները: Մի բան հստակ է, որ որեւէ պատահական մարդ չէր կարող ձեռք բերել ոսկու հանքավայրերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներ եւ վաճառել դրանք` առանց պետությանը որեւէ հարկ վճարելու:

«Äripäev» էստոնական թերթն իր հրապարակման մեջ մեջբերել էր «Հետքի» նախորդ համարներից մեկի հրապարակման այն հատվածը, որտեղ կառավարությունը նշել էր, որ «Melorama Holding Ltd»-ն հանքարդյունաբերության ոլորտի բաժնետերերի ցանկերում գրանցված չէ:

Թերթն այնուհետեւ ներկայացրել է «GILD Arbitrage fund»-ի տնօրեն Տոննո Վահկի (Tõnno Vähk) պարզաբանումը. «Մենք չենք կարող մեկնաբանել, թե ումից կամ ինչ պայմաններով ենք գնել ակտիվները (լիցենզիաները) Հայաստանում, որովհետեւ դրանք խիստ կոնֆիդենցիալ համաձայնագրեր են: Սա նաեւ կարող է մեծ վնաս հասցնել պոտենցիալ ներդրողների հետ ներկայումս վարվող բանակցություններին: Մենք կարիք չունենք մեր ներդրումների մասին մանրամասներ հայտնել հանրությանը. այս տեղեկատվությունը ներդրողների համար է մատչելի: Այս կարգի տեղեկատվությունը (լրագրողը հարցրել է այն ընկերությունների անունները, որոնք GILD-ն ունի Հայաստանում) կարեւոր չէ հասարակության համար, եւ այն հրապարակելը միայն կվնասեր ներդրողներին:

«Melorama»-ն մեծ խումբ է (բոլորը միասին` մոտ 30 ֆիրմա), եւ հոլդինգը («Melorama Holding Ltd») որեւէ հայկական ընկերության անմիջական սեփականատերը չէ: Համաձայն օրենքի` միայն հայկական ընկերությունները կարող են լիցենզիաներ ունենալ: Ուստի հասկանալի է, թե ինչու ներկայումս Կիպրոսից ուղղակի ներդրումներ չեն արվում Հայաստանի հանքերի ոլորտ: Մենք ոչ մի գործ չունենք Հայաստանի բնապահպանության նախկին նախարարի հետ. մենք ներդրում ենք արել այն ժամանակ, երբ նա արդեն ազատված էր պաշտոնից: Այն փաստերը եւ տեղեկատվությունը, որոնք ստացել եք Հայաստանի կառավարությունից եւ լրագրողներից, հավանաբար հավաստի են, բայց չեն առնչվում գործին, եւ մեր գնահատմամբ` բացարձակապես որեւէ իմաստ չունեն»,- ասել է Տոննո Վահկը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008-ին Կիպրոսից ներդրումները կազմել են մոտ 10 մլն դոլար: Սակայն, այս թիվը որեւէ առնչություն չունի հանքարդյունաբերության մեջ կատարված ներդրումների հետ:

Մինչեւ հանքարդյունաբերության ոլորտը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ենթակայությանն անցնելը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հատկացրել է ուսումնասիրման մի քանի տասնյակ լիցենզիաներ:

Ամենաշատ հանքավայրերը` հիմնականում ոսկու, տրամադրվել են «Լուլիար» ՍՊԸ-ին: Այն պատկանում է Սիլվա Համբարձումյանին: Վերջինիս է պատկանում նաեւ դարձյալ ոսկու եւ պղնձի հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ ստացած «Գ. Արշակյան» ՍՊԸ-ն: Ավելին, երկու ամիս առաջ Սիլվա Համբարձումյանը գնել է նաեւ «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում է Մեղրու Լիճվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիան: Կա՞, արդյոք, որեւէ կապ էստոնական ներդրումների եւ Սիլվա Համբարձումյանի հանքավայրերի միջեւ:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter