HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմվել է խախտումներով

Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ներկա փուլում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը քննության է առնում միջնորդությունները: Այսօրվա նիստին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը լրացրեց նիստեր առաջ իր իսկ կողմից արված մի միջնորդություն: Այն վերաբերում էր Եղվարդ-Երևան ավտոճանապարհի վրա նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարից հետո քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից կազմված դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելուն:

«Քննիչ Հայկարամ Հակոբյանը դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմելիս խախտել է Քրեական դատավարության օրենսգրքով արձանագրություններ կազմելու դրույթի բոլոր կետերը: Նախ ընթերականերից միայն մեկն է մասնակցել քննչական այդ գործողությանը, մյուս ընթերակայի տվյալներով մարդ չկա Հայաստանում: Բացի այդ՝ կան հետքեր, որոնք չեն արձանագրվել քննիչի կողմից, այնինչ հետքեր էլ կան, որ լուսանկարներում չեն երևում, բայց քննիչը գծել է: Ոստիկանության տեսուչ Խուդավերդյանը չի ստորագրել արձանագրության տակ, կից սխեմայում կատարվել են ուղղումներ, սակայն բացակայում է մասնակիցների ստորագրությունը, որ դրանք կատարվել են նրանց գիտությամբ: Արձանագրության կազմմանը մասնակցող անձինք իրենց իրավունքների ու պարտականությունների մասին չեն իմացել, ինչի մասին վկայեցին նաև դատարանում: Նշված չէ, թե ինչ տեխնիկական միջոցներ են կիրառվել»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը՝ ընդունելով, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմվել է թերություններով ու բացթողումներով, այդուհանդերձ նշեց, որ դրանք ձևական բնույթի են եղել և էական նշանակություն ունենալ չեն կարող: «Ձևաթղթերը նույնն են բոլոր գործերով, մի քանի այլ արձանագրություններում էլ մասնակիցները ստորագրել են վարորդների համար նախատեսված տեղում, արդյո՞ք դա էական խախտում կարելի է համարել: Իսկ երկրորդ ընթերակայի հետ կապված՝ նախորդ նիստերից մեկում արդեն նշել եմ, որ նման տվյալներով անձ իսկապես չկա Հայաստանում, սակայն չի բացառվում, որ անձը պարզապես սխալ տեղեկություններ է հայտնել, իսկ այդ պահին քննիչը չի ստուգել նրանց անձնագրերը: Ինքներդ պատկերացրեք՝ ուշ ժամ, վթար, խառնաշփոթ»,- առարկեց դատախազը՝ գտնելով, որ դեպքի վայրի զննությունը, թերություններով հանդերձ, պետք է ճանաչել որպես թույլատրելի ապացույց:

Տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նախընտրեց դատարանից ժամանակ խդրել ու գրավոր ներկայացնել առարկությունը. «Մենք չենք ցանկանում, որ ամբաստանյալը ավելորդ օրեր անցկացնի մեկուսարանում, բայց պարտավոր ենք մեր դիրքորոշումը հայտնել՝ հաշվի առնելով միջնորդության կարևորությունը: Նիկոլայ Բաղդասարյանի բերած բոլոր տվյալները ես պիտի ստուգեմ հատիկ-հատիկ: Այն, ինչ ներկայացվեց, ինձ համար լրիվ անընդունելի է: Ըստ էության պաշտպանական կողմը առաջ է քաշում կարճման խնդիր: Սա է հաջորդ քայլը լինելու»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ դատարանից խնդրեց 20 օր ժամանակ:

- Պարոն Բալոյան, Ձեր կարիքով, ողջամի՞տ ժամկետ է 20 օրը, այսինքն՝ նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբի՞ն նշանակենք դատական նիստը,- հարցրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:

Վարդան Պետրոսյանը դատաքննության հետաձգման հետ կապված ասաց հետևյալը. «Շատ զգացված եմ հարգելի քաղաքացի Բալոյանի հայտարարությունից, որ նա չի ցանկանում, որ ես ավելորդ մնամ մեկուսարանում: Բայց ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ եմ գտնվում տուժողների նամակի ֆոնի վրա, որովհետև միտում կար, որ դատապարտյալների հիվանդանոցում ես արտոնյալ պայմաններում եմ: Ասեմ, որ իմ կալանքը կրում եմ լուռ, անտրտունջ, այնպես, որ ինքս ինձ հարգում եմ կալանքում: Եվ միայն Ձեր հայեցողությանն եմ թողնում, եթե որոշեք տվեք 20 օր, 10 օր, մեկ տարի, սա ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Միայն, թե ամեն ինչ լինի օբյեկտիվ»:

Դատարանը 10 օր տրամադրեց Ռուբեն Բալոյանին իր առարկությունը գրավոր ներկայացնելու համար:

Սխեմայի լուսանկարի կարմիր օղակներն արվել են «Հետքի» կողմից

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հասկանալի է, այն, ինչ ներկայացվեց Նիկոլայ Բաղդասարյանի կողմից, այսինքն ճշմարտությունը, լրիվ անընդունելի է անիրավ համակարգի և ոչ թե արդարադատության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter