HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացավանի մշակույթի տունը վերածվել է զուգարանի

1992 թվականից չգործող Հացավանի մշակույթի տունը  (Կոտայքի մարզ) պահպանել է իր տեսքն ու ամրությունը, սակայն այժմ վերածվել է զուգարանի: Հացավանցի Հովիկ Ավետիսյանն ու Մյասնիկ Մանուկյանը ուղեկցելիս զգուշացնում են` չմտնել ներս, «կեղտ-մեղտ» կարող է լինել: «Ամբողջ սենյակները զուգարան են սարքել, սա էլ մշակույթի օջա՞խ է կոչվում»,- ասում է Հովիկ Ավետիսյանը:

Գյուղամիջում հավաքված տղամարդիկ հպարտությամբ են պատմում, որ մշակույթի տունը իրենց գյուղի կանայք են կառուցել: 1940-ականների սկզբներն էր` պատերազմական տարիներ, այն ժամանակ գրեթե տղամարդ չի եղել գյուղում, մնացածներն էլ հնձի են գնացել: Գյուղի կանայք են քարերը ծանր-ծանր տեղափոխել, նույնիսկ հղիները: 1947-ին ավարտել են շինարարությունը: Շենքն արտաքին տեսքից ամուր է թվում, ապակիներն են բացակայում, ներքին հարդարման աշխատանքների խիստ կարիք կա, իսկ գյուղի կանանց ձեռքերով բերված քարերը արտաքին տեսքին դեռ հպարտ կեցվածք են հաղորդում:

Հացավանցիները հիշում են, որ ցուրտ ձմեռները նրանց հավաքատեղին հենց մշակույթի տունն էր, զրուցում էին, կարդում, նարդի ու շախմատ խաղում: Իսկ հիմա ոչ միայն իրենք, այլ երիտասարդ սերունդն է զրկված համայնքային մշակութային կյանքից:

Մշակույթի տան նախկին վարիչ, 74-ամյա Մնացական Սահակյանը պատում է, որ ինքը շատ ուշադիր է եղել, երբ աշխատել է այնտեղ, «բառադի մարդկանց» ներս չի թողել. «Ով խելոք գալիս նստում, կարդում էր, խաղում էր, ընդունում էի, ով էլ չէ` հանում լարում էի»: «Հետո անկախությունը փչացրեց: Անկախությունը անտերության մատնեց»,- նախկին վարիչին շարունակում է Հովիկ Ավետիսյանը:

Հացավանի համայնքի ղեկավար Շավարշ Սարգսյանը հաստատում է, որ մշակույթի տունը շատ վատ վիճակում է, հին շինություն է և հիմնովին վերանորոգման կարիք ունի: Մշակույթի տան վերանորոգումը ընդգրկված է նաև գյուղի զարգացման քառամյա ծրագրում, սակայն համայնքը միջոցներ չունի: Տարեկան 10 մլն բյուջեն բավականացնում է միայն համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարելուն: 2010-ին մարզպետը խոստացել էր լուծել մշակույթի տան հարցը, սակայն չի ստացվել:

Գյուղապետը հույս ունի, որ ընտրական տարում գուցե կկարողանա գյուղում որևէ ծրագիր իրականացնել` կամ դպրոցը ցանկապատել, կամ ջրագծեր անցկացնել, ինչու չէ հերթը հասնի նաև մշակույթի տանը: «Սպասում ենք, էս ընտրությունների դիմաց միշտ ինչ-որ պետական ծրագիր ստացվում է մեր մոտ»,- հույս ունի Շավարշ Սարգսյանը:

Մեկնաբանություններ (3)

Mariam
shat lav klini vor Hacavan gyuxi inchvor hatvac vorosh chapov veranorogver
Քրիստինե
Հարգելի Anush, Հացավանը Կոտայքի մարզում է, համայնքը, բնականաբար, Հացավանն է
Anush
Shat lav kliner,vor hargeli lragrox@ grer naev,te vor marzum,vor hamaynqum e gtnvum Hacavan gyux@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter