Ալմաթիում տոն են տալիս ասիական հավաքականները
Ալմաթիում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները մեկը մյուսի հետեւից անհաջող ելույթներ են ունենում: Երեկ հանդես եկած մեր պատվիրակներից Արա Խաչատրյանը, որը 32 տարեկան է, 77 կգ քաշային կարգի A խմբում պոկեց 150 եւ հրեց 180 կգ: Սա շատ հեռու էր առաջին եռյակի ցուցանիշներից: Արան երկամարտի 330 կգ արդյունքով ընդհանուր ցուցակում ընդամենը 16-րդն էր: Նրանից առաջ B ու նույնիսկ C խմբի մարզիկներ կային: Հակոբ Մկրտչյանն էլ, որը բարձրացրել էր 320 կգ, 21-րդն էր:
77 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Ալբանիայի ներկայացուցիչ Դանիել Գոդելին, որը երկամարտում ցույց տվեց 369 կգ արդյունք: Երկրորդը չինացի Ժոն Գուոշուն էր (367 կգ), իսկ երրորդը՝ հյուսիսկորեացի Կիմ Կվան Սոնը (363 կգ):
Երեկ 85 կգ տղամարդկանց B խմբում էլ Աղասի Աղասյանը բարձրացրել է 353 կգ ու զբաղեցրել խմբի 5-րդ տեղը:
Այսօր մենք ներկայացուցիչ չենք ունենա հարթակում: Վաղը 69 կգ կանանց A խմբում ուժերը կչափի Եվրոպայի 2007 եւ 2008 թթ. չեմպիոն, աշխարհի 2006 եւ 2010 թթ. բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Այսօր 69 կգ կանանց C եւ B խմբերն արդեն ավարտել են ելույթները:
Ալմաթիում, փաստորեն, ասիական հեգեմոնիա է: Ավարտվել են տղամարդկանց 56, 62, 69, 77 եւ կանանց 48, 53, 58 կգ քաշային կարգերի մրցումները: Փոքր մեդալները (պոկում եւ հրում վարժությունների) չհաշված՝ մեծ ոսկե մեդալներ են նվաճել, այլ կերպ ասած՝ չեմպիոններ են ունեցել Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Ալբանիան եւ Ղազախստանը: Հենց այս հերթականությամբ էլ դասավորվել են ընտրանիները մեդալների հաշվարկում: Չինացիներն ունեն 3-ական ոսկե ու բրոնզե եւ 1 արծաթե մեծ մեդալ, հյուսիսկորեացիները՝ 2-ական ոսկե ու բրոնզե եւ 1 արծաթե, Ալբանիան ու Ղազախստանը՝ 1-ական ոսկե: Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Հայաստանի, Լեհաստանի, Բուլղարիայի նման ուժեղ թիմերն առայժմ ստվերում են: Սրանցից միայն ռուսներն են մեկ փոքր արծաթ շահել:
Մեկնաբանել