HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Tоварищ հայաստանցուն պետք է նոր մուշտակ ու խաչ, կամ եռյակի այս կարապը նույնիսկ մահից առաջ չի երգի

Վարազ Սյունի

Ամբողջ Հայաստանով նույն ծանր քամին է անցնում. հայ առաքելական եկեղեցու միջնադարյան քամին: Սա նախանշանն է այն բանի,որ հայի պետականությունը նորից թուլանում է:  Սովորաբար սրան հաջորդում  է ռուս-թյուրքական քամին, որի ժամանակ հայն իր պետականությունը կորցնում է: 

Ուրիշ երկրներում  ընդդիմությունը միշտ ցանկանում է գալ իշխանության՝  ի՛ր քաղաքական ծրագրերն ու նպատակները իրագործելու համար: Ուրիշ երկրներում ընդդիմություն է այն ուժը, որն իշխանության/կառավարության կազմում չէ: Ուրիշ երկրներում «ընդդիմության ընդդիմություն» չկա: 

Հայի երկիրը տարբեր է. հայի երկրում, պարզվում է, կա ոչ միայն իշխանություն, այլ նաև «իսկական» ու «կեղծ» ընդդիմություն, «ընդդիմության ընդդիմություն», «ալտերնատիվային» ու «ոչ իշխանական» ուժեր, «դհոլներ», «զուռնաներ» ու աստված գիտե, թե էլ ինչ՝ այս ամենի արանքում: Ուստի՝ Հայաստանի ներկա քաղաքականության մեջ ամենատարածված ժանրը քաղաքական թատրոնն է: 

Փոքրիկ Հայաստանի (տասնյակների հասնող) կուսակցությունների մեծագույն մասը, զարմանք չէ, որ նման է պառաված օրիորդի. չամուսնանալու պատճառը «օժիտ չլինելն է»: 

Հայի երկրում քաղաքականության գերագույն-գլխավոր նպատակը ընտրություններին «թիվ խփելն» է. դրանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Ինչքան թիվ «խփես», այնքան պաշտոն ու աթոռ ստանալու շանսդ կմեծանա. միգուցե նույնիսկ հանքատեր դառնաս (կամ մի փոքր «լևի» հանք ու հէկ  քեզանով անես): Գերանդ վերցրու ու թիվ հնձիր. եթե չի պոկվում, արմատից հանիր-գցիր՝  որպես «մոլախոտ»: Ու՞մ  է հետաքրքրում, որ նախկինում 3 անգամ դատված ես. ու՞մ  է հետաքրքրում,  որ «դոկտորի» կոչում ես գնել, ու՞մ է հետաքրքրում, որ 7-րդ դասարանի կրթություն էլ սկի չունես:   

Հայի երկիրը օլիգարխային ռեստորան է. ինչքան քեֆ անես, այնքան քեֆ կկպնի. չուզողների  «աչքն  էլ «ախրաննիկներովդ» կհանես». ոչ դատ կա, ոչ դատաստան (ոչ էլ դատավոր): «Բանանային» երկրներում գոնե «բանան» կա: 

Հայի երկրում քաղաքական թատրոնի կանոններից մեկն այն է, որ քեզ «ընդդիմություն» չանվանես. «շառից-փորձանքից» հեռու. հետո՝ դա ախպերախնամիական շրջանակներում լավ չի ընդունվում:  Հանկարծ բիզնեսներիդ վրա հարկայինին բաց կթողնեն: Բա որ հարկ վճարես, ո՞նց բարեգործություն պիտի անես: Կամ, ամենասարսափելին, հանկարծ Ռուսաստանի դեսպանատուն մուտքդ կարգելեն: 

«Իշխանական» կամ «իշխանամետ» էլ քեզ չանվանես. մեկ էլ տեսար ՆՈՐ ուժեր ընդդիմություն դարձան. դա էլ ախպերախնամիական շրջանակներում լավ չի ընդունվի: 

Իդեալականը «դանդա ՜ղ շտապելն է». և՛ Ազատության (ավելի ճիշտ՝ Թատերական) հրապարակը փակ կլինի նոր ուժերի համար, և՛ ընդդիմադիր դաշտը փակ կլինի նոր ուժերի համար, և՛  իշխանություններն (ու Մոսկվան) ՎՍՏԱՀԵԼԻ ընդդիմություն կունենան: Ուստի՝ 12 կետը դարձրեք 112: 

Համաձայն եմ՝ չպիտի ողջ ժամանակն ու էներգիան քաղաք-պետություն Երևանի Ազատության/Թատերական հրապարակում միայն ծախսել: Համաձայն եմ՝  պիտի մարզերում էլ շտաբեր բացել: Համաձայն եմ՝ դիալոգը կռվից լավ է ու երբեմն  պիտի նաև բանակցել: Բայց՝  ու՞մ հետ, ե՞րբ և ինչպե՞ս: 

Եթե նապաստակի միս ես ուզում ուտել, սկզբից այդ նապաստակին չպիտի՞ սպանես: Թե՞ պիտի «բանակցես» այդ նապաստակի հետ, որ ինքը թռնի ձեր մաղալն ու խորոված դառնա: 

Ինչքա՞ն կարող եք «մայդաններով» ու «Ղարաբաղի պատերազմով» վախեցնել մարդկանց: Նախ՝ Ուկրաինայում տարբեր արժեքների և ձգտումների 2 ազգեր են կանգնած իրար դեմ: Մի՞թե Հայաստանում էլ է այդպես: Հետո՝ Ղարաբաղում ե՞րբ է իսկական խաղաղություն եղել (կամ լինելու): Մի՞թե այսպիսի (կախյալ ու անդեմոկրատական)  Հայաստանի որևէ ուժ կհարգի: Իսկ ինչո՞վ ես դու տարբերվում Ադրբեջանից, որ նրանց նավթը բաց թողնեն ու քեզ բռնեն: Ժամանակը չէ՞, որ, ուրիշների վրա «մունաթ» գալու փոխարեն,  մի լավ նայես ինքդ քեզ: 

Որպեսզի այս ամենը շատ «չզռա»,  մի քիչ էլ պետության իմիտացիա արեք. իբր թե «սահմանադրական բարեփոխումներ» եք անում. կամ, ժամանակ առ ժամանակ, 1-2 «միլիցու»  բռնեք՝  50 դոլար կաշառք վերցնելիս: Շանթականների «սարսափելի մահակներից» ազգին «պաշտպանեք»: «Մեծ ձկներին» հանկարծ չբռնեք. թե չէ ձե՛ր իսկ բուրգը կքանդվի: Հանկարծ ընտրո՛վի մարզպետների, «Մարզային ժողովների» ու ինքնավար տեղական բյուջեների մասին չխոսեք:  ՀՀ կուսակցությունների մասին աղետա՛լի  օրենքի մասին նույնպես հանկարծ  չխոսեք: 

Կարևորն այն է, որ հունվարի 1-ից ամեն ինչ նորից «կարմիր» կդառնա ու «կթռնեք» պատասխանատվությունից. կմնա միայն վայելելը: 

«Անբարոյական» Արևմուտքի ապրանքներն ու ֆիլմերը կարգելվեն, товарищ հայաստանցին «Մոսկվիչով» կգնա հանք աշխատելու, կվառի «էժան» կարմիր գազն ու նորից իրեն «երջանիկ» կզգա: 

Հայաստանի օդային տարածքը նույնպես կարմիր կդառնա. Սփյուռքի հայը Մոսկվայով կգա Ծիծեռնակաբերդ, լաց կլինի ու էլի Մոսկվայով հետ կգնա: 

Ամեն քաղաքում Միկոյանի ու Կալաշնիկովի արձանը կտեղադրեն՝ Սյունիքի ֆեոդալահանքային բդեշխությունից մինչև Ալեքսանդրապոլ: Դպրոցներում (աղոթելուց հետո)  պարտադիր ռուսական երգեր կերգեն, պուտինյան ակումբներում «հայ կազակները» «նժդեհական» երգեր կերգեն, իսկ товарищ հայաստանցու կարմիր եղբայրները (Արաքսի ափին նստած) Արցախի օղին կվայելեն: Առաջվա պես՝ մեկ մեծ կարմիր ընտանիք: 

Բայց մինչ այդ՝ товарищ Խաչիկին պետք է մի հատ ռուսական հաստ ու նոր մուշտակ և մի խաչ, որ Սիբիրում աշխատելուց չմրսի ու աղոթելով քնի: 

Ափսոս, որ մի պրոբլեմ կա. ռուսական ռուբլու փլատակներից Հայաստան փախած հազարավոր հայերը ո՞ր հրապարակում պիտի հավաքվեն՝ հաց ու արժանապատվություն պահանջելու համար: Մոսկվայի ու իշխանությունների վստահելի (չ)ընդդիմությունը կկարողանա՞ մինչև  2017/2018 (ու անդին) Ազատության/Թատերական հրապարակը զբաղեցրած պահել, որպեսզի  88 չկրկնվի: 

ՀԳ. Կարապը երգում է այն պահին, երբ մոտ է իր մահին: Եռյակի ա՛յս կարապը գոնե մահից առաջ կերգի՞: Բայց մի րոպե. սա մեզ հայտնի նույն չաղ սա՞գը չէ՝  կարապի թևերով: 

Ամստերդամ

Լուսանկարը՝ hikingartist.com

Մեկնաբանություններ (2)

Մ.Կ.
«Եթե նապաստակի միս ես ուզում ուտել, սկզբից այդ նապաստակին չպիտի՞ սպանես: Թե՞ պիտի «բանակցես» այդ նապաստակի հետ, որ ինքը թռնի ձեր մաղալն ու խորոված դառնա».
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թեև հոդվածում քննադատել եմ Եռյակի գործառույթների որոշ հատվածներ, բայց ցանկանում եմ ավելացնել նաև հետևյալը. թեև դեռ վաղ է վերջնականորեն ասել, բայց այս շարժումը տարբեր է երևում. կարծես թե «վերևներում» էլ են այս շարժումը ցանկանում: «Վերևներ» ասելով ի նկատի չունեմ Ռուսաստանը կամ Արևմուտքը: Ուստի՝ կարծում եմ՝ այս շարժումը միայն Գ.Ծառուկյան չէ: ՀԳ. Հնարավոր է, որ ուղղաթիռի դեպքով ցանկանում են (Արցախի շուրջ վիճակը լարելով) շարժումը զսպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter