HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդարանական «եռյակը» 2014-ի ավարտին

Էդգար Վարդանյան

Ավարտին է մոտենում քաղաքական «թեժ աշունը»։ Հավանաբար, վերջինս, իշխանությունների պատկերացումներով, անցավ «օրենքի» շրջանակներում, սահմանափակվեց մի շարք մարզային եւ մայրաքաղաքային երկու բազմամարդ հանրահավաքներով ու դրանց հետեւող երթերով եւ ոստիկանապետը առիթ չունեցավ գործադրել «սառը ցնցուղը»։ Աշնան ավարտին իշխող քաղաքական ուժը շարունակում է մնալ իր դիքերում, իսկ «եռյակը» չի շտապում հայտարարել «թեժ ձմռան» գալու մասին եւ հիմնականում զբաղվում է շտաբների ձեւավորմամբ։ Ի դեպ` այս անգամ էլ որոշ  արտախորհրդարանական քաղաքական ուժեր հասկացնել են տալիս, որ գարունն է «թեժ» լինելու եւ եթե նման հայտարարությունները հաճախակիանան, ապա հնարավոր է, որ ոտիկանապետը նորից հիշեցնի «սառը ցնցուղի» մասին։

«Թեժ աշունը» ցույց տվեց, որ «այլընտրանքային» ու ընդդիմադիր խորհրդարանական ուժերը թեեւ կարողանում են համագործակցել որոշակի խնդիրների շուրջ եւ նրանց հաջողվում է համատեղ ուժերով կազմակերպել բողոքի զանգվածային միջոցառումներ, սակայն լուրջ տարաձայնություններ ունեն հետագա միասնական գործունեության մարտավարությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները սահմանելու առումով։ Ավելին, այդ տարաձայնություններն այնպիսին են, որ նույնիսկ ստիպեցին վերոնշյալ ուժերին միմյանց հետ հաղորդակցվել մամուլով տարածվող հայտարարությունների միջոցով։ Օրինակ` ՀԱԿ-ըտարածեց հաղորդագրություն, որը, ըստ էության, ուղղված էր, ԲՀԿ-ին։

Վերջինում նշվում էր, որ «ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ» եւ այդ պատճառով ՀԱԿ-ը կոչ էր անում շտաբների ձեւավորմանը զուգընթաց Ազատության հրապարակում իրականացնել բողոքի զանգվածային միջոցառումներ։

Իր հերթին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի միջոցով, ըստ էության, բարձրաձայնեց եռյակում առկա խնդիրների մասին։ Նա նշեց, որ «հարթակը» միացյալ չէ եւ կոչ արեց իր գործընկերներին «բաց, հրապարակային, ժողովրդին հաշվետու եղանակով» հասնել համաձայնության «սկզբունքների եւ հետագա գործողությունների վերաբերյալ» եւ նշեց, որ անկախ ամեն ինչից, դեկտեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրելու։ 

Այս ամենը առնվազն նշանակում է, որ խորհրդարանական «անհամաձայնները», չունեն հստակ միասնական ծրագիր հետագա համատեղ գործունեության վերաբերյալ եւ որ այսօր, անկախ ամեն ինչից, չունեն բավարար ուժ իշխանափոխության հասնելու համար։

Հարկ է նաեւ փաստել, որ աշնան ընթացքում «եռյակը» չընդունեց որեւէ միասնական փաստաթուղթ, հայտարարություն։ Իսկ հանրահավաքներում հնչող ելույթներից շատ դժվար էր հասկանալ, թե այս կամ այն հռետորը որքանո՞վ է ներկայացնում «եռյակի» պաշտոնական դիրքորոշումը, կամ, ընդհանրապես, արդյո՞ք գոյություն ունի այդպիսի դիրքորոշում։ Սակայն ելույթներից առնվազն պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի, արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղղակի պահանջ չի ներկայացվել, «եռյակի» ներկայացուցիչների կողմից հնչել է միայն հեռանկարում այդպիսի պահանջ ներկայացնելու սպառնալիք։

«Թեժ աշունը» բացահայտեց նաեւ, որ ԲՀԿ-ն հակված չէ ռադիկալացնել բողոքը եւ պատրաստվում է անշտապ, երկրարաժամկետ կտրվածքով ինչ-որ գործողությունների։ ՀԱԿ-ը, թեեւ նույնպես անշտապ, բայց ավելի ինտենսիվ փողոցային գործողությունների կողմնակից է։ Ժառանգությունն էլ նախընտրում է հնարավորինս կարճ ժամկետներում ճնշում բանեցնել եւ արագ արդյունքներ արձանագրել։

Վերոնշյալ հանգամանքերը թույլ են տալիս ենթադրել, որ եթե մոտ ժամանակներում հետագա համատեղ գործունեության վերաբերյալ չլինի միասնական որեւէ որոշում, ապա մեծ է հավանականությունը, որ «եռյակի» ֆորմատը նոր լուրջ տրանսֆորմացիաների կենթարկվի։

Լուս.` blognews.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter