HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ Հայաստանը Նորվեգիա չէ, բայց եւ Սոմալի չէ

Էդգար Վարդանյան

Հայաստանցիների զգալի մասը խիստ դժգոհ է սեփական երկրում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակից եւ արտագաղթի հսկայական տեմպերը, կամ, որոշ փորձագետների գնահատմամբ, դեպոպուլյացիան, դրա վառ վկայությունն են։  Բայց հաճախ շատ դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչի՞ց են մարդիկ հիմնականում դժգոհ։ Կարծում ենք, որ դա պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել գիտական խորքային հետազոտություն։ Մեր կողմից կատարված նախնական դիտարկումները խոսում են դժգոհության առիթ հանդիսացող պատճառների մեծ քանակի գոյության եւ դրանց բազմազանության մասին։ Պետք է նշել նաեւ, որ մեր տպավորությունն այն է, որ այնպես չէ, թե բոլորը միեւնույն բաներից են միշտ դժգոհում։ Հասարակության տարբեր խմբեր եւ շերտեր ունեն սեփական առարկաները դժգոհության համար։

Սակայն, մեր հիփոթեզն այն է, որ, այնուամենայնիվ, կան որոշակի խնդիրներ, որոնք հավասարաչափ դժգոհության առիթ են հանդիսանում բնակչության տարբեր շերտերի, խմբերի համար եւ որ այդ խնդիրների մեջ կան այնպիսիք, որոնց վերացումը կարող է կտրուկ փոխել մարդկանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

Եթե Հայաստանում իրավիճակ փոխելու ցանկություն կա, որ արդյունքում մարդիկ հիմնականում ավելի շատ գոհ լինեն Հայաստանից, քան թե դժգոհ, պետք է հասկանալ դժգոհությանը հանգեցնող պատճառների բնույթը, դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը։

Հարկավոր է արձանագրել, որ վերոնշյալ պատճառներից շատերը երբեւէ հնարավոր չի լինելու վերացնել։ Օրինակ, եթե մարդիկ դժգոհ են, որ Հայաստանը սեյսմիկ գոտում է գտնվում եւ հնարավոր ավերիչ երկրաշարժի վախը անհանգստություն է պատճառում նրանց, ապա այստեղ շատ քիչ բան է հնարավոր անել դժգոհությանը հանգեցնող այդ պատճառի հետ։ Իհարկե, կարելի է սեյսմակայուն շենքեր կառուցելու, երկրաշարժերի կանխատեսման ժամանակակից համարակարգերը ներդնելու միջոցով որոշակիորեն մեղմել մարդկանց անհանգստությունը, բայց հասկանալի է, որ հիմնականում, այն մարդիկ, որոնք անհանսգստացած են Հայաստանի սեյսմիկ վիճակով, կշարունակեն դիսկոմֆորտ զգալ այս առումով։

Նույնը կարելի է ասել, օրինակ, Հայաստանի հարեւանների հետ կապված խնդրի առումով։ Եթե հայաստանցիներին անհանգստացնում է այն, որ Հայաստանի արեմտյան եւ արեւելյան հարեւաններն են երկու թուրքական պետություններ, որոնց պատճառով է նաեւ Հայաստանը հայտնվել ծանր վիճակում եւ եթե հայերը համոզված են, որ «թուրքը մնում է թուրք», ապա դժվար թե ապագայում ինչ-որ էական բան կփոխվի անհանգստության, դժգոհության այդ պատճառի հետ։

Բայց, իհարկե, դժգոհության պատճառ հանդիսացող շատ երեւույթներ հնարավոր է փոխել։ Օրինակ, երեւանցիները դժգոհ են Երեւանի տրասնպորտի համակարգով։ Ակնհայտ է, որ որոշակի կամքի, պրոֆեսիոնալիզմի եւ նյութական միջոցների ներդրման միջոցով կարճ ժամանակում հնարավոր է այնպես անել, որ երեւանցիները, հիմնականում, այլեւս չդժգոհեն տրանսպորտից։

Սակայն, պետք է նկատել, որ սեփական երկրի հանդեպ մարդկանց զգացողությունը էապես հնարավոր կլինի փոխել այն դեպքում, երբ կգտնվեն այն որոշակի խնդիրները, այն մինիմումը, որոնց լուծումը բավարար կլինի այդ փոփոխությանը հասնելու համար։  Կարծում ենք, որ այդ խնդիրները գտնելու համար կարելի է շարժվել հետեւյալ տրամաբանությամբ։ Ենթադրենք, մենք չեն լուծում նույն տրանսպորտի հարցը,  այդ պայմաններում, արդյո՞ք հնարավոր է այնպես լինի, որ ինչ-որ այլ խնդիրների լուծումը հանգեցնի նրան, որ մարդիկ ավելի շատ գոհ լինեն երկրից, քան թե դժգոհ։ Եթե այո, ուրեմն պետք է ամրագրենք, որ տրանսպորտի հարցը առաջնային չէ։ Ուրեմն, կարծում ենք, որ հարկ է ստեղծել խնդիրների ցուցակ եւ վերլուծել վերջինս վերոնշյալ դիտանկյունից։

Իսկ ի՞նչ անել, երբ պարզվի, որ ինչ-որ խնդիրներ անհանգստություն են պատճառում հասարակության մի փոքր խմբին, շերտին միայն։ Օրինակ, հնարավոր է, որ մայրաքաղաքի մշակութային կյանքը դժգոհության համար առարկա է հանդիսանում բնակչության միայն հինգ տոկոսի մոտ։  Վերոնշյալ տեսակի, կարելի է ասել, վարժության համար, նման խնդիրը պետք է մի կողմ դրվի, դրան հարկ կլինի անդրադառնալ, բայց այլ հարցեր լուծելու ժամանակ։  Այստեղ պետք է պարզել այն խնդիրները, որոնք դժգոհության առիթ են հանդիսանում բնակչության մեծամասնության համար։

Առաջնային խնդիրների ցուցակը կազմելու եւ դրանց վերլուծությունը իրականացնելու ժամանակ, նախ եւ առաջ, պետք է պարզել այդ խնդիրների առաջացման պատճառները։ Խնդիրների առաջացման սուբյեկտիվ եւ որոշ դեպքերում, օբյեկտիվ պատճառները բացահայտելու համար, առաջարկում ենք հիմնվել հետեւյալ մեթոդաբանության վրա։ Հաճախ հարցնում են՝ ինչու՞ Հայաստանի հասարակությունը տարբեր ցուցանիշներով զգալիորեն զիջում է, ասենք, Նորվեգիայի հանրությանը։ Իսկ եթե փորձենք գալ հակառակի՞ց՝ հարցնենք, թե ինչո՞ւ է Հայաստանի հասարակությունը մի շարք ցուցանիշներով գերազանցում, ասենք, Սոմալիի հասարակությանը։ Ինչ­­­պե՞ս կարող է այս հարցը օգտակար լինել։ Մեր կարծիքով, այն հիմնական պատճառները, գործոնները, որոնց շնորհիվ հայաստանցիները գերազանցում են սոմալիացիներին, մեծամասամբ, հենց դրանց զարգացմամբ, կատարելագործմամբ, արդիականացմամբ էլ հնարավոր կլինի հասնել նորվեգիացիներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter