HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 երեխաների հայր.«Արհեստական ընդհատումները մարդասպանություններ են, ինչ տարբերություն կա` մարդուն որովայնի մեջ սպանեն, թե որովայնից դուրս»

Էմմա Պետրոսյան

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում վերջին տարիներին ծնելիության աճ է նկատվում, նվազել են վիժումներն ու հղիության արհեստական ընդհատումները:

Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի վարիչ  Ռոզա Մաճկալյանը  ասում է, որ նախորդ տարվա համեմատ` մեկ ամսվա կտրվածքով կանանց կոնսուլտացիաների թիվն աճել է 40 հղիով,  ծնունդների թիվը` 25-ով:

Նվազել է տնային պայմաններում արհեստական միջոցներով առաջացրած վիժումների թիվը, գինեկոլոգը դա կապում է օրենքի այն կետին, որ արգելում է առանց դեղատոմսի դեղատներից արհեստական վիժում առաջացնող դեղեր ձեռք բերելը: «Դեռ մի որոշ ժամանակ առաջ աբորտները քչացել էին, բայց վիժումները շատ-շատ էին, հիմի էս վերջի 2 ամիսներին վիժումներն էլ են զգալի քչացել: Այսինքն  կարող ենք ասել, որ օրենքը լիարժեք գործում է, կանայք էլ արդեն սկսել են զբաղվել ընտանիքի պլանավորմամբ, հենց այդ պատճառով էլ անցանկալի հղիություններ քիչ են լինում»,- նշում է կանանց կոնսուլտացիայի վարիչը և ավելացնում, որ ոչ նախկինում, ոչ էլ առավել ևս հիմա կանայք չեն դիմում Ալավերդու բշկական կենտրոն հղիության արհեստական ընդհատման համար, քանի որ տեղյակ են. այստեղ նման ծառայություններ չեն մատուցվում:

Ռոզա Մաճկալյանը դեմ է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին: Համոզված է ` կինը երբեք այդ քայլին չի գնա, դա արվում է միայն տղամարդկանց դրդմամբ: Ինքն աղջիկ  չունի, ասում է` բոլոր ընտանիքների համար էլ երջանկություն է աղջիկ երեխա ունենալը: Ալավերդու բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում աղջիկ երեխայի ծնունդն անգամ լավ նշան է համարվում:

«Մեր ծննդատանը ունենք մի ավանդույթ. հունվարի մեկին եթե առաջի երեխան աղջիկ է ծնվում, մենք համարում ենք` դա մեծ հաջողություն է մեր թիմի համար, աղջիկը մեր ծննդատանը հաջողություն է բերում: Մենք տենց ենք միշտ ասում, հենց առաջին երեխան ծնվում է՝ բոլորս հետաքրքրվում ենք, թե ինչ սեռի երեխա է»,- ասում է Ռ.Մաճկալյանը:

Ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում նույնպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնական դրդապատճառները մի քանիսն են. նախ ընտանիքներում նախապատվությունը տալիս են տղա երեխաներին, քանի որ նրանք համարվում են ազգանվան շարունակողը: Դրդապատճառներից երկրորդն այն է, որ տեխնոլոգիաների հասանելիությունը հնարավորություն է ընձեռում նախապես ծանոթանալ երեխայի սեռին: Զույգերից շատերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ինչի արդյունքում էլ երկու սեռի երեխա ունենալու հավանականությունը նվազում է:

«Տղեն ավելի լավ ա հոր համար, որ իր հետ ընկեր լինի, ոնց որ ախպեր էլի, իսկ մայրն աղջկան ա նախընտրում, քանի որ աղջիկն իրա համար ոնց որ իր քույրը լինի: Օրինակ ես որ ամուսնացել էի, իմ առաջնեկը որ ծվեց, ես ուզում աղջիկ լինի, բայց տղա ելավ»,- հիշում է Հագվի գյուղի բնակիչ Մարուսյա Օհանյանը: Ասում է՝ իրենց գյուղում գրեթե բոլոր ընտանիքներն էլ մեկից ավելի երեխաներ ունեն: Առհասարակ, գյուղերում բազմազավակ ընտանիքներ շատ կան:

Սարգսյանների բազմազավակ ընտանիքը Քարինջ գյուղից է: Այս տանը երեխաները աշխատում են գրեթե մեծահասակներին հավասար:

 «Մեծ աղջիկս օգնում ա, պահում ա երեխուն, միջնեկն էլ ա պահում: Որ չպահեն, կարալ չենք գործ անենք»,- ասում է երեխաների մայրը՝ Հասմիկ Պարանյանը:   Վերջինիս համար թեև տղա ունենալը մեծ հպարտություն է, բայց աղջիկներն էլ նրա աջ ձեռքն են առօրյա շատ գործերում: Գյուղերում ինչքան շատ երեխա ունես, այնքան օգնող ձեռք ունես տանը: Քարնջեցի այս ընտանիքը երբեք չի խուսափել աղջիկ երեխա ունենալուց, դեռ ավելին, հպարտ են, որ նման աղջիկներ են լույս աշխարհ բերել:

Ալավերդու բնակիչ, 7 երեխաների մայր Սուսաննա Դանիելյանը հիշում է, որ 3 աղջիկ լույս աշխարհ բերելուց հետո իրենց բարեկամներն արդեն սկսել էին անհանգստանալ, թե Սուսաննան երևի տղա զավակ այլևս չի ունենա: «Կողքի բարեկամները ծանր էին տանում, զուտ դրա համար կուզեի տղա էլ ունենայի էլի: Չորրորդը դիտավորյալ էխո գնացի, որ բարեկամները հոգեպես հանգստանան, ոչ թե ես հանգստանամ, իմ համար մեկ էր՝ աղջիկ կծնվի, թե տղա, այլ ուրիշները հանգստանային: Բաներ կան, որ իրապես քո կամքից չի: Հիմի ես կուզենայի, որ առաջինը տղա լիներ, ավելի լավ կզգայի ինձ»,- ասում է բազմազավակ մայրը: Իսկ այն  հարցին, թե ինչու պիտի իրեն ավելի լավ զգար, եթե առաջնեկը տղա ծնվեր, պատասխանեց. «Դե էդ բարեկամություն ա, բան ա: Որ առաջինը տղա ա լինում, մի ուրիշ ձևով են հպարտ զգում»:

Սուսաննա Դանիելյանի ամուսինը՝ Վիտալի Գրիգորյանը շատ այլ հայ տղամարդկանց պես նույնպես ցանկացել է, որ իր առաջնեկը տղա ծնվի: Սպասումները չեն արդարացել, բայց դրանից չի դժգոհում: «Դե 3 հատ աղջիկ իրար հետևից ունենալը մի քիչ դժվար էր, որ տղա չէր, սկզբից մի քիչ դժվար մարսեցինք էլի: Բայց հետո 4 տղա ծնվեցին, մենք հասկացանք, որ տենց էր պետք: Հիմի աղջիկները քոմագ են անում, համ էլ աղջիկները մի քիչ ավելի շուտ են հասունանում»,- ասում է Վիտալի Գրիգորյանը և ավելացնում, որ առաջին երեք երեխաների դեպքում սեռը նախապես չեն պարզել, իսկ ահա չորրորդ երեխայի ժամանակ արդեն նախապես են իմացել, որ տղա են ունենալու: Բայց եթե անգամ պարզվեր, որ երեխան աղջիկ է, միևնույն է հղիության արհեստական ընդհատման քայլին չէին գնա:

«Ամեն մարդ էս աշխարհում հնարավորություն ունի մեկ անգամ ծնվելու, ամեն մարդ յուրահատուկ ա, իրա նմանը էլ չկա, արտաքնապես կարող ա կա, բայց էությունն ուրիշ ա: Եվ երբ որ մարդու կյանքը ընդհատվում ա, ֆսյո, էս մարդը էլ հնարավորություն չունի երկրորդ անգամ ծնվելու: Արհեստական ընդհատումները մարդասպանություններ են, ինչ տարբերություն կա` մարդուն որովայնի մեջ սպանեն, թե որովայնից դուրս», ասում է Վիտալի Գրիգորյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տարբերությունն այն է, թե ո՞ր ՊԱՀԻՑ է պտուղը «մարդ արարած»: Այս թեմայի շուրջ տասնամյակնե՜ր քննարկումներ և բանավեճեր են եղել: Երկրների օրենքներում ներկայումս մինչև որոշակի պահ է թույլատրվում աբորտ անել. այսինքն՝ քանի դեռ պտուղը դե յուրե «մարդ արարած» չէ. այսինքն՝ սեփակա՛ն գիտակցություն ու զգացմունքներ դեռ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter