HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. տուփ հացի, խաղի և սփոփանքի համար

Աննա Բաբաջանյան

ՀՅ Դաշնակցության պատմության թանգարանն իր այցելուներին ներկայացնելու հարուստ հավաքածուներ ունի: Այստեղ կարելի է տեսնել մեր պատմության շրջադարձային ու բախտորոշ ժամանակահատվածներին վերաբերող վավերագրեր, եզակի հրատարակություններ, մշակութային ու պատմական արժեք ներկայացնող իրեր: Կարելի է հանդիպել նաև այնպիսի ցուցանմուշների, որոնք իրենց սովորական, առաջին հայացքից արտասովոր ոչինչ չխոստացող համրության մեջ պարփակում են զարմանալի դրվագներ, պատմական ուշագրավ անցքեր` դառնալով դրանց և մարդկային ողբերգական ճակատագրերի ակամա վկան:

Այսպիսի ցուցանմուշներից մեկն էլ շախմատային տուփն է` իր խաղաքարերով: Առաջին հայացքից նույնիսկ անհնար է կռահել, որ այդ հետաքրքիր խաղաքարերը պատրաստված են հացից: Սակայն հացն իսկապես հաց է, և այս շախմատն էլ ձեզ  կտեղափոխի տասնամյակների հեռուն` Հայաստանի Առաջին Հանրապետության անկումին հաջորդած օրերը, երբ խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո ծայր առան նախկին իշխանության ներկայացուցիչների ու կուսակցական-քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները: Նրանց մի մասը 1920-ի դեկտեմբերին արդեն ձերբակալվել էր ու փակվել Երևանի բանտում: Մարդանց, ովքեր դեռ երեկ տնօրինում էին երկրի ճակատագիրը, այժմ պարզապես «լցրել» էին բանտախցերում` թողնելով նրանց անորոշության, իրենց ու հայրենիքի վաղվա օրվա հանդեպ ծանր մտատանջությունների գրկում:

Կալանվածների համար, սակայն, ամենասարսափելին ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգեբանական լլկումներ էին: Եվ բնական է, որ ճաղերի ետևում հայտնվածներից ոմանք այդ սոսկալի պայմաններում պիտի որոնեին ինչ-որ հնար` իրականությունից կտրվելու, ժամանակի ընթացքի երևակայական պատրանք ստեղծելու համար:  Եվ ահա նրանց հաջողվում է գտնել այդ փոքրիկ «ուրախությունը»:

Այն խցում, որտեղ փակված էին հայտնի քաղաքական, պետական ​​գործիչներ Համո Օհանջանյանը, Հովսեփ Տեր-Դավթյանը, Հովակիմ Մելիքյանը, ինչպես նաև Հ. Բուդաղյանն ու Վարոս Բաբայանը, բախտակից կալանավորները որոշում են իրենց հասանելիք հացի՝ առանց այդ էլ չնչին քանակության մի մասը խնայել և ամեն օր հավաքելով՝ դրանցից շախմատի խաղաքարեր պատրաստել:

Գաղափարը հրապուրում է բոլորին, և սկիզբ է առնում բանտային շախմատի ծնունդը: Մեկը մյուսի ետևից լույս աշխարհ են գալիս խաղաքարերը` իրենց հայտնությամբ մեղմելով քաղցած մարդկանց կենսական պահանջը և խոստանալով զբաղմունք համատարած ձանձրույթով ու տագնապներով լի այդ պատերի ներսում:

Կալանվածները գիտեին, թե ինչու էր առանձնապես մեծ ոգևորությամբ գործին լծվել Համո Օհանջանյանը: Վերջինս հատկապես շատ էր սիրում շախմատ ու բավական լավ էր խաղում: Եվ երբ վերջապես ամեն բան պատրաստ էր, դատապարտվածների կյանքը բոլորովին այլ երանգներ ձեռք բերեց….

Փիլիսոփաները սիրում են կրկնել, թե կյանքը շատ նման է շախմատային դաշտին, որտեղ կատարվող քայլերի հաջորդականությամբ է վճռվում հետագա ընթացքն ու ելքը: Դժվար է այսօր ասել, թե այդ մասին ինչ էին մտածում այն մարդիկ, որոնք բանտախցի մի անկյունում հավաքված շարժում էին հացից շինված ֆիգուրները և գուցե նոսրացող քարերի ու դատարկվող հարթության ու իրենց վիճակի մեջ ընդհանրություններ էին տեսնում:  Սակայն մի բան կարող ենք հաստատապես ասել. երբ բանտարկյալների մի մասին հաջողվեց 1921-ին դուրս պրծնել բանտից ու լքել հայրենիքի սահմանները, ամենաթանկագին իրերի թվում նրանք իրենց հետ վերցրեցին շախմատի տուփը, որի մեջ ասես ամփոփված էր վերջին հույսը` հացից պատրաստված խաղաքարերի տեսքով:

Երկար դեգերումներից հետո այսօր բանտային շախմատը իր վերջին հանգրվանն է գտել թանգարանում: Հավանաբար ոչ ոք այլևս երբեք դրանով չի խաղա: Պարտիան ավարտված է: Եվ այս խաղում պարտվողներ ու հաղթողներ չկան: Կա միայն հիշողություն` հացի, խաղի ու վերադարձի տեսքով:

Փաստական տեղեկությունները՝ ՀՅԴ թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter