HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես կարիք ունեմ ներկայանալու»

Շուշան Օհանյան

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը եւ թատրոնին կից «Երիտասարդ դերասանների ակումբն» այս տարվա սեպտեմբերի 1-ից «Ես կարիք ունեմ ներկայանալու» մշակութային-ներառական նախաձեռնության շրջանակներում  հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ներգրավում են նրանց ուժերով պատրաստվող փոքրիկ բեմադրություններում: «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հ/կ-ի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի մշակույթի միջոցով նրանց ինտեգրել հասարակությանը:

Փոքրիկ դերասաններին «հայտնաբերելու» համար թատրոնի տնօրեն Համլետ Հարութունյանը եւ դերասան, նախաձեռնության ռեժիսոր Էրիկ Գրիգորյանը  նախապես այցելել են դպրոցներ, Գորիսի ցերեկային խնամքի կենտրոն, անհատական հանդիպումներ ունեցել հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների հետ: Հ. Հարութունյանի խոսքով` նախաձեռնության մեկնարկին մեծ թվով երեխաներ էին ցանկություն հայտնել ներգրավվել բեմադրություններում, սակայն արդեն պատրաստվող բեմադրությունների վերջնական փորձերին մասնակցում են երեքը:

«Այս կարճ ժամանակահատվածում փորձել ենք երեխաներին հնարավորինս ծանոթացնել թատերական արվեստի «էլեմենտների» հետ` սկսած  լուսավորությունից մինչեւ բեմական խոսք, շարժումների ուսուցում»,- պատմում է թատրոնի տնօրենը: Նախաձեռնության ղեկավարի խոսքով` երեխաների հետ աշխատում են լարված գրաֆիկով, նրանք շատ ոգեւորված են, բայց, հաշվի առնելով նրանց սահմանափակ կարողությունները, չեն կարող երկար ծանրաբեռնել: Նախատեսվող երեք ամիսը շատ քիչ է երեխաներին  նախապատրաստելու համար, որպեսզի կարողանան խաղալ ներկայացումների մեջ, թեկուզ` փոքր դրվագներում: Այնուամենայնիվ, ըստ Էրիկի, փոքրիկներն այնքան խանդավառված են, որ կփորձեն միջոցներ գտնել ավելի երկար ժամանակ նրանց հետ աշխատելու համար:

«Մենք փոքր դրամաշնորհներ էինք հայտարարել Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում: Մրցույթի գլխավոր նախապայմանն էր` առաջարկները պետք է ուղղված լինեին խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը եւ, համապատասխանաբար, դրանց ուղությամբ ծրագրերի իրականացմանը: Առաջնություն կտրվեր այն ծրագրերին, որոնք կկարողանային շարունակականություն ապահովել»,- մեզ հետ զրույցում նշեց «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հ/կ-ի տնօրեն Լեւոն Ներսիսյանը:

Այն, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները շատ հաճախ իրենց հեռու են պահում հասարակությունից, դրանում Լ. Ներսիսյանը տեսնում է նաեւ ծնողների մեղքը: Ըստ նրա, ծնողների մոտ այն թյուր կարծիքը կա, որ այդ կերպ նրանք «պաշտպանում» են երեխաներին` չհասկանալով, որ երեխաների մեջ կոտրում են անհատականությունը:

«Հատուկ կարիքներով երեխաների ներգրավումը թատերական արվեստի մեջ նպաստում է նրանց թե' մտավոր, թե' խոսքային, թե' ֆիզիկական ընդունակությունների զարգացմանը»,-նշում է հոգեբան Արփինե Հովհաննիսյանը եւ ավելացնում, որ նման ներկայացումները միջոց են իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու, ստեղծագործելու, ներկայանալու իրավունք ունի: 

«Երեխաներն ունեն տեսողության, տեղաշարժման, տարիքային բնականոն աճի հետ կապված խնդիրներ: Բնականաբար, ամեն ինչ հարթ չէր կարող ընթանալ, բայց ժամանակի հետ կարողացանք փոխվստահության մթնոլորոտ ստեղծել»,- նշում է Էրիկ Գրիգորյանը:

Մարին, ով ներկայացման մեջ կկվի դերում է հանդես գալիս, սովորում է չորրորդ դասարանում` գերազանց առաջադիմությամբ: Թե' տնօրենը, թե' ռեժիսորը հիացած են Մարիի խաղով, արագ ընկալելու ունակությամբ: «Մի քանի տարի առաջ ասում էր, որ բժշկուհի է դառնալու, իսկ հիմա համոզված է, որ դերասանուհի կդառնա: Շատ ոգեւորված է, իրեն կարեւորված է զգում»,- ասում է Մարիի մայրը:

Ամանորից առաջ փոքրիկների ուժերով հանդիսատեսին կներկայացվի Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Ռեժիսորն ու երեխաները դրան սպասում են յուրօրինակ անհանգստությամբ, բայց վստահ, որ հանդիսատեսը կգնահատի իրենց աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter