HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնաճը փոխարժեքին համարժեք է. ՏՄՊՊ հանձնաժողովի նախնական դիտարկումը

Կառավարության այսօրվա նիստում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ իրենց ուսումնասիրության նախնական տվյալներով` Հայաստանում գնաճը փոխարժեքին համարժեք է: 

Նիստի ժամանակ նա ներկայացրել է հանձնաժողովի դիտարկումների արդյունքները ապրանքների թանկացման հարցում և շուկայական դիրքի չարաշահումները:

Շաբոյանի խոսքով` նախ առանձնացվել են այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դրանք, ըստ նրա, այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, և հանձնաժողովը դիտանցումներ է իրականացնում այդ ապրանքային շուկաներում, հետևում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտան դրանց կողմից հակամրցակցային գործողություններ:

Այնուհետև այդ ապրանքային շուկաներից առանձնացվել են այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն: «Դրանք 16-17 անուն ապրանքներ են: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կարագին, ձեթին, հավի մսին, հավկիթին, սուրճին, ալյուրին և այլն»,- ասել է Շաբոյանը:

Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի:

«Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Այնուհետև գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը:

Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի դրանից, ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա»,- նշել է Ա. Շաբոյանը: 

Շաբոյանի խոսքով` ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել` նշելով, որ խոսքը հիմնականում վերաբերում է երկու խոշոր արտադրողներին՝ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններին: Ելույթն ամբողջությամբ` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter