HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը դատապարտել է ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի կապակցությամբ:

«Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեև այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը և Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ և անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Կարեն Անդրեսյանը:

Օմբուդսմենը նշել է, որ հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են: «Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական և քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը:

Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական և մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները: Խստորեն դատապարտում եմ ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու քաղաքական գործիչների գույքի կամ անձի նկատմամբ»,- ասված է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter