HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձորաստանցին Սանկտ-Պետերբուրգից եկել էր գյուղում արդար ընտրություն ապահովելու համար

Ամպերից մի քանի մետր է ցածր Ձորաստան գյուղը: Չնայած ասֆալտապատ ճանապարհին, լեռնագնացի կոշիկներ պիտի ունենաս բարձրադիր գյուղի զառիվեր ճանապարհները մագլցելու համար: Տագնապդ ավելի է խտանում, երբ ճանապարհի երկայնքով անընդմեջ լքված տներ, կողպված դռներ ես տեսնում: Առաջին բաց մուտքը Սուրբ Մարիամ եկեղեցունն է, որի կիսաբաց դռան արանքից անգամ վառվող մոմի լույս է նշմարվում: Եկեղեցու պատի  եզրագծով փոքրիկ կածան է, որից այն կողմ վերջապես հանդիպում եմ երկու ոստիկանի, ովքեր, պարզվում է, այսօր Սյունիքի մարզի Ձորաստան համայնքի ղեկավարի ընտրություններում հասարակական կարգն են պահպանում:

Չգիտեմ ընտրական օրենքում նման պարտադիր պահանջ կա, թե մեկ այլ օրենսդրությամբ է կարգավորվում նրանց ներկայությունը, բայց զավեշտալի է ընդամենը 22 տուն ունեցող գյուղի ընտրական տեղամասում երկու ոստիկանով հերթապահություն սահմանելը: Չեն էլ թողնում լուսանկարեմ: «Իրավունք չունես, եթե ես չեմ ցանկանում,- ասում է ավագ լեյտենանտի կոչումով խստաբարո ոստիկանը ու մատնացույց անում եկեղեցուց դուրս եկող կնոջը,- նրան նկարի, ամենատարեց ընտրողն է»:

«Միայն նա չի տարեց, մեր գյուղի ջահելներից մեկը ես եմ, ես էլ արդեն կես դար ապրել եմ»,- զրույցին խառնվում է Ձորաստանի գործող համայնքապետ Ավետիս Ավետիսյանը:

 Ավետիս Ավետիսյանը Գեւորգ Հարությունյան

Նրա մրցակիցն այս ընտրությունում Կապանի մարզադպրոցի տնտեսվար Գեւորգ Հարությունյանն է, ով նախկինում եւս համայնքի ղեկավար է աշխատել: Վերջինիս խոսքով՝ մինչեւ կեսօր որեւէ խախտում չի արձանագրվել: Հարցին, թե ինչու է որոշել համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել, պատասխանում է· «Ժողովրդի համար ցանկանում է մի գործն անել»: Հավելում է նաեւ, որ նախընտրական շրջանում որպես թեկնածու հանդիպումներ է ունեցել համայնքի բնակչության հետ, իսկ գործող գյուղապետը, ըստ նրա՝ «քարոզչությունն իրականացրել է զանգերով»:

Գեւորգի վստահված անձը՝ Գրիշա Մարտիրոսյանը, եւս հաստատում է, որ դեռեւս խախտում չի նկատել. «Փակ քվեարկություն է, ով կընտրվի, կընտրվի, եթե իմ նախընտրած թեկնածուն չընտրվի, ես երեւի թե կշնորհավորեմ մյուսին, ընտրությունը հո ճակատամարտ չի՞, որ թշնամանանք»,- մի տեսակ կասկածանքով ասում է Գրիշան:

«Ընդամենը 56 ընտրող կա էս գյուղում, ժամը 18-ի դրությամբ 42 ընտրող է մասնակցել քվեարկությանը, ի՞նչ խախտում կարող է լինել գյուղում, տարեց մարդիկ են, դրանց կեսին ստիպված ենք օրենքով նախատեսված կարգով օգնել, որ կարողանան քվեարկել»,- ասում է թիվ 38 ընտրատարածքի 1-ին տեղամասի նախագահ Նունե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ իրենց ուշադիր հետեւում են թեկնածուների վստահված անձինք:

Նունե Գրիգորյան Տիկին Ամալյա

Տիկին Ամալյան Ձորաստան գյուղից միակը չէ, ով Սանկտ-Պետերբուրգում է ապրում: Գործող համայնքապետի խոսքով՝ այնտեղ անգամ Ձորաստան անունով համայնք կա, որտեղ ընդգրկված է ձորաստանցի 36 ընտանիք եւ ամեն տարի, օգոստոսի երկրորդ կիրակին, նրանք միշտ հավաքվում են գյուղում:Ընտրական պարտքը կատարած Ամալյա Բալասանյանը, ով երկար տարիներ Ձորաստանում մշակույթի տանն է աշխատել, չի թաքցնում, որ ինքը Սանկտ-Պետերբուրգից երեկ հատուկ եկել է, որ գյուղում ընտրությունը արդար լինի, որ անգամ իր ձայնը որոշիչ լինի, մարդկանց մասին մտածող թեկնածուն ընտրվի: Ասում է, որ առավոտ շուտ է կատարել իր քաղաքացիական պարտքը:

«Մեր համայնքի բյուջեն շատ փոքր է, ընդամենը 70 հա հող ունենք, եկամուտների հետ միասին հազիվ 4 մլն բյուջեով համայնքի համար ի՞նչ խնդիր պիտի կարողանանք լուծել, բայց փառք ու պատիվ մեր հայրենակիցներին, ովքեր Սանկտ Պետերբուրգում են ապրում: Նրանք ե՛ւ ճանապարհի կառուցմանն են աջակցել, ե՛ւ եկեղեցու բարեկարգմանը»,- պատմում է համայնքապետը:

«Մորս թշակն իմ աշխատավարձից բարձր ա: Հիմա, որ խոսում են էս համայնքները միավորելու մասին, ենթադրենք գյուղապետարանում աշխատող 3-4 մարդն էլ զրկվեց աշխատանքից, դրանից մեր պետությանն ի՞նչ օգուտ, որ մտածում են խոշորացման մասին»,- շարունակում է  նա: Համայնքի գործող ղեկավարի կարծիքով՝ խոշորացումն ավելի կարագացնի գյուղերի դատարկումը, մինչդեռ, ըստ նրա, այնպիսի քաղաքականություն պիտի տարվի, որ մարդիկ գյուղ վերադառնալու ցանկություն հայտնեն: Ավետիսի ասելով՝ այդ դեպքում հնարավոր է, որ անգամ արտերկրում ապրող իրենց համագյուղացիները վերադառնալու ցանկություն ունենան:

«Անգամ, եթե Ձորաստանում դպրոց, մանկապարտեզ չկա՞»,- հարցնում եմ նրան: Հարցիս հետեւում է նրա կես-կատակ, կես լուրջ պատասխանը. «Ժամանակին մեր գյուղի երեխեքը 8-ի բազայի վրա էին ծնվում, դրանից հետո էլ գնում էին հարեւան գյուղի դպրոց»:

Ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Նունե Գրիգորյանը ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո մեզ հայտնեց, որ մեկ ձայնի տարբերությամբ Ձորաստանի համայնքապետ է ընտրվել Գեւորգ Հարությունյանը: Նրա օգտին քվեարակել 21 ընտրող, գործող համայնքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Ավետիս Ավետիսյանն ստացել է 20 ձայն, մեկ քվեարթերթիկ անվավեր է ճանաչվել:

Մեկնաբանություններ (1)

aram
Ինչ է եղել, գյուղը ֆորմալ իմաստով կարծես գոյություն ունի, թոշակառուներն ընտրում են ըստ օրենքի տառի, ոստիկանով, բանով, ընտրում են գյուղա - ՊԵՏ! Եւ ամեն ինչ կարգին է երեւում - թղթային իմաստով!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter