HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Առանց հաց կապրեմ, բայց խարդախություն չեմ թույլ տա անեն»,- ազատամարտիկ

Երեկ սոցիալական ցանցերում հայտնվեց Ռուբեն Եղիշյանի լուսանկարը, որում ներկայացվում էր նրա ծայրահեղ աղքատ վիճակը, նշվում էր նաեւ, որ Ամանորն ազատամարտիկը մթության մեջ կդիմավորի, եթե չմուծի հոսանքի վարձը: Այս հայտարարությունից հետո մի քանի քաղաքացիներ փոխանցել են ազատամարտիկի հոսանքի վճարը, իսկ որոշ մարդիկ էլ այսօր ուտելիքներ եւ քաղցրավենիք են տարել` նրա Ամանորը տոնական դարձնելու համար:

Ռուբենի տուն մտնելու համար մենք ստիպված եղանք փայտե աստիճաններով բարձրանալ բաղնիքի կտուրին, հետո կրկին իջնել քարե շենքի մուտքի մոտ: Հարեւանը Ռուբենին պատկանող դարպասը փոխարինել է նորով, փակել նրա տան մուտքը` նշելով, որ բակի այդ հատվածը պատկանում է իրեն: Ըստ Ռուբենի` այս գործողություններում հարեւանին օգնել է վերջերս կաշառք վերցնելու համար դատապարտված ոստիկանության Մաշտոցի բաժնի ավագ տեսուչ Ալեքսան Հարությունյանը:

«Ես տանը հիվանդ պառկած էի, ինքը մեր թաղայինն էր այդ ժամանակ, օրը երեք անգամ մոտ 4 հոգու ուղեկցությամբ գալիս էր, ասում արի բացի դարպասը, բակը պիտի փակենք: Մի օր էլ տանը չէի, եկա, տեսա հանել են դարպասը, մուտքը փակել, ստիպված աստիճաններ եմ դրել, էդպես եմ բարձրանում, մինչեւ պիտի նորից դիմեմ դատարան, էդ անօրինականությանը վերջ տամ: Առանց լույսի, առանց հացի էլ կապրեմ, բայց որ սենց խարդախություն են անում գլխիս` օգտվելով առիթից, որ հիվանդ մարդ եմ, ես թույլ չեմ տալու»,- ասում է Ռուբենը:    

Նա պնդում է, որ տան նախագծային փոփոխությունները կատարվել են սուտ վկայությունների եւ խարդախության միջոցով: Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` դատը վերաբացելու խնդրանքով: Այս խնդրին «Հետքը» կանդրադառնա քիչ ավելի ուշ:

Մինչ 1994թ.-ն իր ապրած կյանքը Ռուբեն Եղիշյանը չի հիշում: Անցյալը նա կարողանում է վերականգնել միայն փաստաթղթերի միջոցով: Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորվել է, որից հետո կորցրել հիշողությունը: Այժմ նա հաճախ էպիլեպսիկ նոպաներ է ունենում:

«Ղարաբաղի ինքնապաշտպանական ջոկատում եմ եղել, Մոնթե Մելքոնյանը որ զոհվեց, իրենից հետո էլ Մելսոնի ու դաշնակ Մերուժի հետ եմ կռվել: Հիմնականում Կիրովաբադի կողմերում էր մեր կռիվը: Երբ գրոհի ենք դուրս եկել, խրամատից մի 30 մետր հեռու` տանկի կողքին եմ եղել: Թշնամին խփել է տանկին, որից էլ սնարյադի ասկոլկեքը հարվածել են ինձ: Տղաներն իմացել են, թե զոհված եմ: Պատմում են, որ երբ վիրավորների մեքենան եկել է, տեսել են իմ բերանից էլ է արյուն գալիս, ինձ էլ են դրել էդ մեքենան: Մոտ 15 օր Մարտունիում եմ պառկել, որից հետո տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ»,- պատմում է Ռուբենը:


Հոսպիտալում նա կարողացել է միայն ընկերոջ մեքենայի համարը հիշել, որով էլ գտել են ընկերներին ու իրեն տեղափոխել տուն: Մոտ երեք տարի Ռուբենը չի քայլել, 1998թ.-ին գրեթե կազդուրվել է, փորձել ոտքի կանգնել, բայց այդ ժամանակ հիվանդությունից մահացել է կինը:


Ռուբենն այս պահին միայնակ է ապրում, ունի մեկ աղջիկ, ով ամուսնացած է. «Աղջկաս տուն գնալ-գալ ունեմ, մի հրաշալի թոռնիկ ունեմ: Որ լույս չունեի, էնտեղ էի գնում, բայց դե ինքն էլ ամուսնացած, ընտանիքի տեր է… Քույր էլ ունեմ, էլի գնում-գալիս եմ, ուղղակի ինքը չի կարողանում գալ, էս աստիճաններով ո՞նց պիտի բարձրանա, իջնի, հիվանդ կին ա»,- ասում է Ռուբենը:

Նրա տանը մեր գտնվելու ժամանակ Ռուբենին անընդհատ զանգում էին ազատամարտիկներ, քաղաքացիներ, հարցնում հասցեն, փորձում որեւէ բանով օգտակար լինել: Իր ազատամարտիկ ընկերներին նա պատասխանում էր. «Պետք չի, ոչ մի բան պետք չի, դու ինձնից վատ վիճակում ես, Աստված էրեխեքիդ նայի: Հենա, ժողովուրդն էնքան միրգ ա բերել, սկի վախենում եմ մնա, փչանա»:

Մեր ընթերցողները նույնպես որոշ գումար էին փոխանցել, որը Ռուբենը մեծ դժվարությամբ վերցրեց` ասելով, թե իրեն փող պետք չի, լույսն էր անջատած, դա էլ արդեն մուծել են:

Ռուբեն Եղիշյանն ամսական 32 հազար դրամ թոշակ եւ 50 հազար դրամ Պաշտպանության նախարարության կողմից օգնություն է ստանում: Հիմնականում ձմեռային ամիսներին է դժվարություններ ունենում, քանի որ տունն էլեկտրականությամբ է տաքացնում:

Ռուբեն Եղիշյանի տան դատական գործին «Հետքը» դեռեւս կանդրադառնա:

Լուս.` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter