HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն 77.5 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանը եւ բարեփոխումներին

Հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպեցին ԵՄ-Հայաստան ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողություն: Աջակցության նոր փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Նոր գործիքներով նախատեսվում է 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում:  

Ինչպես հայտնում է ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության ծառայությունը, ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում. գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում՝ ԵՄ ծրագրերի իրագործման համար կարողությունների զարգացման միջոցով, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային ավտանգությանը: 

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Ներկա են եղել կառավարության շահառու մարմինների, ԵՄ անդամ պետությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում նշել է, որ Եվրոպական միության կողմից տրվող աջակցությունը հնարավոր  է դարձրել բարեփոխումների իրականացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտրի հետ կապված կանոնակարգերը, սննդի անվտանգությունը, մտավոր սեփականության իրավունքը, արդարադատությունը, մասնագիտական կրթությունը, պետական ֆինանսների կառավարումը: Նա վստահություն հայտնեց, որ ստորագրված համաձայնագրերի իրագործումը կխթանի բարեփոխումները համապատասխան ոլորտներում, ինչպես նաև կամրապնդի ոլորտային համագործակցությունը ԵՄ-ի հետ:  

«Եվրոպական միությունը ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունը անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նա հավելել է, որ «Արևելյան գործընկերության շրջակներում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է»: 

Երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը:  Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:  

Կառավարման ոլորտում, ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակներում:

Մեկ այլ համաձայնագով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:  

Ի վերջո, ԵՄ-ն կաջակցի միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման  միջոցով (1մլն եվրո):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter