HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը» դատարանը կլսի հունվարի 23-ին

Հավանական է՝ հունվարի 23-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը կայացնի Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Այդ օրը դատարանում կլինի նաև Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն, ով նույնպես հանդես կգա պաշտպանական ճառով: Այս մասին դատարանին տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը: Հենց Մարի Լոռ Դոզեի ժամանման նպատակով Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց հետաձգել նիստը: Այսպիսով, պաշտպանական ճառերն ու Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը» դատարանը կլսի հունվարի 23-ին ու կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Պաշտպանական կողմը չի ընդունում և անհիմն է համարում 12 միլիոն դրամի հայցը

Հիշեցնենք, որ դատաքննությունը վերսկսվել էր տուժողների ու տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի քննարկման նպատակով, որի շրջանակներում մոտ 12 մլն դրամի պահանջ է ներկայացվել Վարդան Պետրոսյանին: Հայցի դեմ, սակայն, առարկեց պաշտպանական կողմը՝ ներկայացնելով հարցումների պատասխաններ, ըստ որոնց վթարի հետևանքով տուժած Տաթևիկ Հակոբյանի ապագա բուժման ծախսերն ուռճացված են. «2 տարի շարունակ՝ բացի հանգստյան օրերից, անձը չի գնալու բուժումների: Իմ հարցմանը ի պատասխան՝ նշվել է, որ բուժումները տևելու են 15 օր, ապա 4-5 ամիս ընդմիջում է լինելու: Իսկ այդ գումարը, հավաստիացնում եմ Ձեզ, այնքան է, որքան դեռ պետք է վճարի ապահովագրական ընկերությունը: Եթե ավելի լինի, ինչը չեմ կարծում, Վարդան Պետրոսյանը նշել է, որ կտրամադրի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ հայցը չեն ընդունում նաև այն հիմքով, որ Վարդան Պետրոսյանը չի ընդունում իր մեղքը:

Սակայն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նկատեց, որ Տաթևիկին բուժող բժիշկները տևական բուժման ցուցում են տվել: Նա անգամ Աղայանի բացատրական բառարանից մեջբերեց «տևական» բառի իմաստը: Ռուբեն Բալոյանը նշեց, որ հարցում է կատարել նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերություն, որտեղից ստացել է պատասխան, որ Տաթևիկ Հակոբյանի համար փոխանցել են 1 մլն 802.000 դրամ, իսկ Արթուր Հակոբյանի համար՝ 242.000 դրամ որպես բուժման ծախս: «ԱՊՊԱ-ի պատասխանում նշված է, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իրենք այդ վճարումները կատարել են որպես կանխավճար: Սակայն ամեն տուժողի համար պիտի վճարվի 3 մլն դրամ»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ դատարանի ուշադրությունը սևեռելով այդ խնդրին, որ ԱՊՊԱ-ի՝ գումարները ժամանակին չփոխանցելու պատճառով հետաձգվում է քաղաքացիների անհրաժեշտ բուժումը:

Դիրքորոշում հայտնելով հայցի մասին՝ Վարդան Պետրոսյանն ասաց․ «Այս տարվա սեպտեմբերին իմ կողմից նախաձեռնվել էր հանդիպում, առաջարկվել է հաշտեցում ու գումարային կոնպենսացիա: Ես միշտ կողմ եմ եղել հաշտեցմանը։ Մարդը, որ կողմ է հաշտեցմանը, միշտ փնտրում է առիթ, իսկ մարդը, որ դեմ է հաշտեցմանը, փնտրում է պատճառներ։ Չէի ուզի խոսել այս ամեն ինչի մասին, բայց պարտավոր եմ, որովհետեւ գումարի կոմպենսացիա եղել է, որը, էլի նշեմ, չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը»։

- Որքա՞ն գումար են Ձեր հարազատները փոխանցել տուժող կողմին,- հարցրեց դատավոր Մկրտչյանը:

- Իմ ազգականները տուժող կողմին ներկայացրել են քսան հազար դոլար և առաջարկվել է, որ եթե լինի հաշտություն, ոչ մի գումար չի պահանջվելու… Հիմա ինչ դատարանը կորոշի, այդքան էլ կվճարեմ, բայց մինչ այդ ես ավելի շատ եմ առաջարկել, չեք ուզել, ուզում եք դատարանով ինձանից պոկել, պոկեք: Ես ուզում եմ, որ տուժողների ուզածը լինի,- նշեց Վարդան Պետրոսյանը՝ դարձյալ պատրաստակամություն հայտնելով Տաթևիկի հետագա բուժման հարցերը հոգալ։

Քաղաքացիական հայցը կլուծվի վերջնական դատական ակտ կայացնելիս: Մինչ այդ նշենք, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որպեսզի դատարանը հավաստիանա, թե ինչ բուժումներ պիտի անցնի Տաթևիկ Հակոբյանը, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը:

Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը հաստատեց, որ նման գումար տրվել է, սակայն իրենք տեղեկացրել են Վարդան Պետրոսյանի ազգականներին, որ, միևնույնն է, առանձին հայց են ներկայացնելու Տաթևիկ Հակոբյանի հետագա բուժման համար. «Պայմանավորվեցինք, որ ոչ մեկը չի իմանալու այդ մասին, ասեցին՝ իմացեք՝ մեկը բերել պատուհանին դրել է գումարն ու գնացել»,- ասաց Նաիրա Հայրապետյանը:

Դատախազն ու տուժողների ներկայացուցիչը հանդես եկան ճառերով

Թե՛ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը, թե՛ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեցին, որ Վարդան Պետրոսյանին վերագրած մեղադրանքը հիմնավորվել է դատավարության ժամանակ: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն վերաբերում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

Դատախազը միջնորդեց Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ պատժի սկիզբ հաշվելով 2013-ի նոյեմբերի 6-ը (ձերբակալման օրը): Դատախազը միջնորդեց նաև Պետրոսյանին զրկել վարորդական իրավունքից երեք տարով և բռնագանձել 480.000 դրամ` դատական ծախսի համար։

Արթուր Սարգսյանը ճառում նշեց, որ ապացույցներով հաստատվել է՝ Վարդան Պետրոսյանը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները. խոսել է հեռախոսով, գերազանցել է բնակավայրում թույլատրելի արագությունը և բախվել մեքենային կողնակում։

Դատախազը չբացառեց, որ նախաքննության ժամանակ միգուցե թույլ են տրվել խախտումներ ու բացթողումներ, սակայն դրանք, Արթուր Սարգսյանի կարծիքով, էական նշանակություն չեն ունեցել փաստական տվյալների փոփոխության առումով։

Տուժողի իրավահաջորդներից Աննա Կարապետյանը նամակով պահանջեց արդար դատավճիռ

Նաիրա Հայրապետյանն ու Արթուր Հակոբյանը ճառով հանդես չեկան, փոխարենը տիկին Հայրապետյանը ընթերցեց տուժողի մյուս իրավահաջորդ Աննա Կարապետյանի նամակը, որում դատաքննությունը նա համեմատել էր խեղկատակության հետ.

«Մենք գիտակցում ենք, որ հանցագործությունը կանխամտածված չի եղել, բայց նաև չենք կարող համակերպվել այն մտքի հետ, որ այդ հանցագործությունը երկու երիտասարդի կյանք է խլել և դարձել երկու ընտանիքի ողբերգության պատճառ… Մեր տան միակ շառավղի կորուստը աղետաբեր դարձավ մեր ընտանիքի համար ու գնում ենք մեր քաղաքից, մեր հայրենիքից, երևի փախչում իրականությունից»:

Նամակի վերջում նա դատարանից պահանջել էր արդար դատավճիռ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter