Հաշմանդամ ազատամարտիկն սպասում է նախարարի խոստումի ամբողջական կատարմանը
Կապանցի ազատամարտիկ Արմեն Համբարձումյանը մշուշով է հիշում պատերազմը, մարտական գործողությունները: Որևէ դրվագ չի ուզում պատմել, փոխարենն ասում է, որ պատերազմն իրենից խլել է առողջությունը:
1992 թ. հունիսի 4-ին Ճակատեն գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ գլխից վիրավորվել է, ասում է, որ հիմա էլ գլխի ձախ հատվածում բեկորներ կան: Այդ վնասվածքի պատճառով աջ ձեռքն ու ոտքը պարալիզացել են: Մինչ օրս 5 անգամ գլուխն են վիրատահել, 7 անգամ` ոտքը: «2012 թվից անկողնային եմ: Ոտքս մի քիչ վնասված էր, Մուրացանի հոսպիտալի կողքի խանութում էի, պատուհանի մոտ աչքերս շաղվեցին, մեջքի վրա ընկա: Տեղափոխեցին հոսպիտալ, բժիշկներն ասացին, որ խնձորակս ջարդվել է: Ոտքս չեմ կարողանում դնել գետնին»,- ասում է 45-ամյա Արմենը:
Նրա առողջական վիճակով հետաքրքրվել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ազատամարտիկը պատմում է, որ նախորդ տարի` սեպտեմբերի 15-ին, իրեն անձամբ զանգել է նախարարը, հարցրել է՝ ոնց է վիճակը, ինքն էլ ամեն բան ներկայացրել է: Արմենը նշում է, որ նախարարն ասել է՝ համապատասխան հանձնարարականներ կտա, խոստացել է նաև էնդոպրոթեզավորել խնձորակը: «Աջ ոտքս սկսել է սևանալ, հիմա որ բացեմ, ցույց տամ, կարող ա փախնես մեր տնից: Ես իմ կամքով համաձայն եմ, որ ոտքս ծնկից ներքև կտրեն, պրոթեզ դնեն, գոնե էսքան չեմ տանջվի»,- ասում է ազատամարտիկը:
Նախարարն, ըստ Արմենի, իրեն ասել է՝ խնդիր չկա, դու արի, հարցերը կլուծենք: Դրա հաջորդ օրն իրեն զանգահարել էր ՊՆ բուժվարչության պետ Կամավոր Խաչատրյանը՝ հետաքրքրվել էր, թե ինչ է ասել նախարարը: Արմենի խոսքով՝ ինքն ասել էր, որ նախարարն իրեն հանձնարական է տվել, թող կատարի: Քանի որ հանձնարականն արդեն կար, Արմենն ու եղբայրը գնացել են հոսպիտալ: «25.000 մեքենային փող եմ տվել, ախպորս հետ գնացել ենք Երևան, ճանապարհին` Արտաշատից, զանգեցի բուժվարչության պետին, բայց չպատասխանեց զանգիս, տեղակալները վերցրեցին հեռախոսն, ասացի` դեղս պատրա՞ստ է, ասացին` հա: Հասա ընդունարան, տեսա մարդ չկա, աշախատողներից մեկն եկավ, ասաց` կներես, Արմեն ջան, քեզ չենք ընդունում: Էդ պահին քիչ էր մնում կալյասկային նստած մեջքիս վրա ընկնեի»,- պատմում է առաջին կարգի հաշմանդամը:
Այնուհետև Արմենին տեղավորել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Առաջին շաբաթվա ընթացքում զուգարանում ընկնել է: Զուգարանը հիվանդասենյակից հեռու էր: Ասում է՝ զուգարաններով հիվանդասենյակներ կան՝ 10.000 դրամ վճարով, որոնք, սակայն, թանկ էին իր համար: Դրանից հետո նրան տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ ոտքի ջլի վիրահատություն են կատարել, ոտքի բութ մատների եղունգները հանել: «Եթե խնձորակս ջարդված է, ոտքի ջլի վիրահատությունն ինչի՞ս է պետք: Ախր, սկզբից պետք է վիրահատեն խնձորակս, ոտքս կտրեն, պրոթեզավորեն, որ ոտքս կարողանամ դնել գետնին»,- ասում է նա:
Լևոնը լրացնում է եղբոր խոսքը: Արմենի՝ հաշմանդամության 2 ամսվա թոշակը և կապանցի դպրոցականներին կողմից հավաքած գումարը վերցրել-գնացել էին Երևան:
«Ինտերնետում գրել են, թե նախարարը 2 մլն դրամով աջակցել է ինձ էնդոպրոթեզի համար, բայց հազար դրամ փող չեն տվել ինձ: Կոմբինատին դիմել էի, ասացին` հենա նախարարն օգնել ա քեզ»,- ասում է զրուցակիցս: Նրա դեմքի մկանները մեր զրույցի ժամանակ մերթընդմերթ կծվկում են, ցավը, կարծես, անընդհատ գլորվում է դեմքին: Ասում է՝ ամսական 90.000 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում, որոնք ծախսում է դեղերի և սննդի համար: Մինչդեռ խնձորակի վիիրահատությունն, ըստ նրա, 6.000 դոլար արժե:
Հետո նշում է, որ երբ իմացել էր կապանցի դպրոցականների ակցիայի մասին, ովքեր փողոցներում նրա բուժման համար գումար էին հավաքում, ամաչել էր: Իր պահանջը պետությունից է: Իսկ իշխանությունը ներկայացնողների հետ Արմենն այսօր չի կարողանում կապ հաստատել՝ նախարարի, բուժվարչության պետի հեռախոսահամարներն անջատված են: «Ինձ ուղարկել էին Կարմիր խաչ, էնտեղ ասացին` դու մեր հիվանդը չես, քո ոտքից արտադրություն է գալիս, ցեխի վաննաներ չեն կարելի, մասաժ չի կարելի: Ասացին` պրոթեզդ պիտի արվի, բուժվիր` արի էստեղ, մասաժը կանենք, 14 օր կպահենք»,- ասում է զրուցակիցս:
«Ես իմ կամքով ուզում եմ կտրեն ոտքս, մեղք եմ, տանջվում եմ: Իսկ էս վիճակս պատերազմի հետևանք ա: Հիմա իրանք «Ջիպերով» ման են գալիս, թող տանեն, ոտքս բուժեն»,- այս խոսքերից հետո Արմենը հայացքը շրջում է դեպի պատուհանը, ձեռքը նկալիորեն դողում է: «Փոշմանե՞լ եք, որ պատերազմին մասնակցեցիք»,- հարցնում եմ նրան: «Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ: Հեսա որ սկսի պատերազմը, ովքե՞ր են գնալու: 45 տարեկան եմ, բայց կյանքիս կեսը տանջվում եմ... Ո՛չ ընտանիք ուեմ, ո՛չ տուն (Արմենը բնակվում է եղբոր ընտանիքի հետ): Էն չոլի մեդալն էլ չեն տվել: Ես մենակ մի բան եմ ուզում, որ ինձ բուժեն: Ինձնից բեթարն էլ կա, բան չունեմ ասելու»,- նրա աչքերում հանկարծ հայտնվում են կարմիր բծերը, ձայնն սկսում է թրթռալ: Հայացքը դարձյալ թեքում է դեպի պատուհանը: Ասում է՝ այսօր պատուհանն է իր միակ կապը դրսի աշխարհի հետ: Եղբայրը, որ սենյակի մուտքի մոտ կանգնած լսում է, արձագանքում է. «Գոնե վիրահատեն, կարողանա իր ոտքով գնա խանութ կամ հենց էս պատուհանի պատի տակ նստի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել