HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերելակային վայրիվերումներ կամ նոր հարաբերությունների ճանապարհին

Արմինե Ղուկասյան  

Սեւանի 213 բազմաբնակարան շենքից 29-ը բազմահարկ է: Սա արդեն իսկ ենթադրում է, որ այդ շենքերում մարդկանց տեղաշարժի խնդիրը պետք է կարգավորվի վերելակները գործարկելու միջոցով: Ենթադրվում է, որովհետեւ ոչ միշտ է այն հնարավոր` կապված վերելակների շահագործմանը խոչընդոտող մի շարք տեխնիկական խնդիրների հետ:

Սեւանի Գրիբոյեդով 7 շենքի բնակչուհի Աիդա Գեւորգյանը 1983թ.-ից իր 6 հոգանոց ընտանիքով բնակվում է հիշյալ շենքի 4-րդ հարկում: Նա արդեն չի էլ մտաբերում, թե քանի տարի է, ինչ շենքի վերելակը չի աշխատում, չգիտի նաեւ «ինչու»-ների պատասխանը: Պարզապես նա եւ շենքի մյուս բնակիչները սովորել են օրը մի քանի անգամ ոտքով իջնել բարձրանալուն եւ դա ձգվում է երկու տասնամյակից ավելի: Տկն Աիդան ու նրա հարեւաններն արդեն սովորել են առանց վերելակի տեղաշարժվելուն եւ խիստ կասկածում են, որ երբեւիցե իրենց շենքի վերելակը կվերագործարկվի: Թերահավատ են, որովհետեւ իրենց դերակատարումը չեն տեսնում այդտեղ, մանավանդ` մեծ գումարների դեպքում:    

Համաձայն «Համատիրության մասին» ՀՀ օրենքի` շենքի ընդհանուր օգտագործման գույք են համարվում նաեւ վերելակները: Ընդհանուր օգտագործման շինությունները եւ գույքը, մասնավորապես` վերելակները, վերելակների հորերը, համատիրության անդամների ընդհանուր սեփականությունն է: Օրենքը սահմանում է նաեւ, որ վերելակների վերանորոգման բոլոր ծախսերը պետք է կատարեն համատիրությունները:

2006թ·-ից գործող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում սպասարկման նոր մոդել առաջարկվեց, համաձայն որի համատիրությունները պայմանագիր են կնքում վերելակային մասնագիտացված ծառայության հետ՝ վերելակների սպասարկման անվտանգ շահագործման եւ վերանորոգման համար:

Սեւանի քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը նշում է, որ վերելակների պահպանումը, վերանորոգումը, շահագործումը եւ սպասարկումը, մինչեւ համատիրությունների ստեղծումը, քաղաքապետարանի պարտավորությունն էր: Ստեղծվեցին համատիրությունները, եւ վերելակներն անցան համատիրությունների տանիքի տակ:

Սեւանում 29 բազմահարկ շենքից 21-ը գտնվում է «Համերաշխություն» համատիրության կազմում: Մինչեւ 2008թ.-ը նրանք են հավաքագրել գումարը, կազմակերպել վերելակների սպասարկումն ու վերանորոգումը: «2008թ-ին, հիմք ընդունելով համապատասխան օրենքի պահանջը, պայմանագիր ենք կնքել վերելակային ծառայության հետ եւ վերելակների սպասարկումն ու շահագործումը հանձնել ենք այդ ընկերությանը: Ասել, թե պարտավորությունների փոխանցումից հետո շատ բան փոխվեց, սխալ է: Համաձայն պայմանագրային պարտավորությունների` երկու տարվա ընթացքում, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ, պետք է վերականգնվեր Գրիբոյեդով 7 եւ Խաղաղության 14 շենքերի` 23 տարի չգործարկված վերելակների աշխատանքը: Սակայն մինչ այժմ այն դեռեւս պայմանագրային պարտավորությունների շրջանակներում է»,- ասում է «Համերաշխություն» համատիրության նախագահ Ռոբերտ Հարությունյանը:

Նշված 2 շենքերի վերելակներին  անդրադառնալիս քաղաքապետի խորհրդականը նշում է. «Գրիբոյեդով 7 եւ Խաղաղության 14 շենքերի վերելակները թալանված են, ապամոնտաժված, որոնց վերականգնման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է շուրջ 4 մլն դրամ: Քաղաքապետի հանձնարարականով արդեն կազմվել են վերելակների հիմնանորոգման նախահաշիվները: Հիմնանորոգման ֆինանսական միջոցների ներդրմանը մասնակցելու է նաեւ քաղաքապետարանը: Չնայած քաղաքապետարանը որեւէ իրավասություն չունի այս ոլորտում, սակայն բնակիչներին աջակցելու համար պատրաստ է մասնակցել այս եւ այլ աշխատանքների իրականացմանը»:

Ի դեպ, նշված շենքերի վերելակների գործարկման նպատակով «Համերաշխություն» համատիրությունը  իր հավաքագրած միջոցներից հատկացրել է 340.000 դրամ, քաղաքապետարանն էլ տրամադրել է 1,5 մլն դրամ, սակայն դա բավարար չէ վերելակների շահագործումն ապահովելու համար:

Համաձայն տեխնիկական նորմերի` վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է: Սեւանում վերջին բազմահարկը կառուցվել է 1982թ-ին: Այսինքն` ամենաերիտասարդ վերելակի տարիքը հատում է 33-ի շեմը: Ստացվում է, որ բոլոր ջանքերն ու աշխատանքներն ուղղվում են «ժամկետանց» վերելակների գործարկմանն ու սպասարկմանը: Չնայած առաջացած տարիքին` դրանք դեռեւս կատարում են իրենց առաքելությունը եւ համարվում բնակչի սեփականությունը:

Վերելակների սպասարկումն ու շահագործումն ունի իր առանձնահատկությունները, ռիսկայնության բարձր աստիճանը: Սեւանում չկա մասնագիտացված կազմակերպություն: Նկատելի է նաեւ էլեկտրամեխանիկների պակասը, սա ծերացող մասնագիտություն է, քչերն են ձգտում աշխատել այս ոլորտում, չի գրավում նաեւ վարձատրության չափը:

«Վերելակների շահագործման եւ սպասարկման խնդիրներին լուծում տալով համատիրությունները պայմանագրեր են կնքել Երեւանում գործունեություն իրականացնող «Եվրոլիֆտ» վերելակային կազմակերպության հետ, որը սպասարկում է նաեւ մայրաքաղաքային վերելակների մեծ մասը: Ընկերությունն ունի բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Փաստեմ, որ մինչ վերելակների սպասարկումը «Եվրոլիֆտին» հանձնելը ընդմիջումներով էր աշխատում մոտավորապես 50%-ը, ներկայումս հնարավոր են խափանումներ 2-3 վերելակի հաշվով»,- ասում է Ռոբերտ Ռաֆայելյանը:

«Եվրոլիֆտ» ՍՊԸ-ի Սեւանի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է քաղաքի վերելակային տնտեսության սպասարկումն ու շահագործումը: Ըստ նրա` վերելակների գործարկման թիվ մեկ խնդիրը սպասարկման համար նախատեսված վարձերի հավաքագրումն է. ժամանակին եւ ամբողջությամբ հավաքագրելու դեպքում, յուրաքանչյուր շենքից 12.000 դրամ, իրականացվող աշխատանքներն էլ կդառնան լիարժեք:

«Վերելակները խորհրդային արտադրության են, պահեստամասերը` եւս, որոնցից այլեւս չեն արտադրվում: Պահեստամասեր ձեռքբերելիս հանդիպում ենք որոշակի դժվարությունների: Հավաքագրված գումարների մեծ մասը հատկացվում է պահեստամասերին, մի մասն էլ` աշխատավարձ է տրվում»,- ասում է Ս. Խաչատրյանը:

Կատարվում են ե՛ւ սպասարկման, ե՛ւ վերանորոգման, ե՛ւ շահագործման աշխատանքներ, սակայն վերելակները գործարկելու համար անհրաժեշտ է նաեւ պայմանագիր կնքել տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ, որը տարին մեկ անգամ վերելակի փորձաքննություն է իրականացնում: «Փորձաքննություն անցնելը պարտադիր պայման է բոլոր վերելակների համար, քանի որ դրանք գրանցված են արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում: Յուրաքանչյուր վերելակի հաշվով գանձվում է 2950 դրամ: Փորձարկման չներկայացնելու դեպքում՝ 1 մլն դրամի տուգանք է նշանակվում»,- հայտնեց քաղաքապետի խորհրդականը:

Մասնաճյուղի տնօրեն Սարգիս Խաչատրյանն էլ հավաստիացնում է, որ տեխնիկական անվտանգության ներկայացուցիչը շրջում է բոլոր շենքերով, ծանոթանում վերելակների տեխնիկական առկա վիճակին, կազմում համապատասխան արձանագրություն` տալով դրական կամ բացասական եզրակացություն: Եզրակացությունները փաստում են, որ վերելակների տեխնիկական բոլոր չափորոշիչները պահպանված են եւ ենթակա են շահագործման:

Չնայած իրականացվող աշխատանքներին` «Եվրոլիֆտ» ՍՊԸ-ի պատասխանատուները փաստում են, որ ոչ միշտ է աշխատանքն արդյունավետ ստացվում: Արդյունավետությունն ապահովելու նպատակով ընկերությունը 2015թ·-ին մշակել է նոր աշխատաոճ: Ինչպես նշում է քաղաքապետի խորհրդական Ռաֆայելյանը, շատ կարեւոր է բնակիչ-ընկերություն անմիջական համագործակցությունը: «Այն վերելակների անխափան աշխատանքի գլխավոր գրավականն է: «Եվրոլիֆտը» բնակչության հետ իր անմիջական համագործակցությունը վավերացնելու է պայմանագրով` 2 կողմերի իրավունքների եւ պարտականությունների հստակեցմամբ: Յուրաքանչյուր շենք կունենա լիազոր ներկայացուցիչ: Այս ամենն առավել արդյունավետ կդարձնի աշխատանքները»,- նշում է Ռոբերտ Ռաֆայելյանը:

«Եվրոլիֆտ» ՍՊԸ-ի Սեւանի մասնաճյուղի տնօրինությունը ցանկանում է համագործակցությունը կառուցել նոր հարթության վրա` գործ ունենալով անմիջապես առանձին շենքերի, նրա բնակիչների եւ լիազոր անձանց հետ: Մինչեւ հունվարի 25-ը կնքվող պայմանագրերի առկայությունը եւ դրանց շրջանակներում իրականացվող աշխատանքը թույլ կտա որակական տեղաշարժեր գրանցել:

Ընկերությունից տեղեկացնում են, որ պայմանագրեր չկնքելու դեպքում կդադարեցվի ծառայությունների մատուցումը եւ վերելակի շահագործումը տվյալ շենքում: Մասնաճյուղի տնօրեն Ս· Խաչատրյանն ավելացնում է. «Վերելակից օգտվելու կանոնակարգի, օգտագործման մասին հիշեցումներ ենք փակցրել վերելակներում, ունենք նաեւ շուրջօրյա գործող հեռախոսահամար: Այնպես որ, բնակչի համար ցանկացած պահի հասանելի ենք: Անհրաժեշտ է միայն, որ բնակիչն էլ ընդառաջի մեզ` ժամանակին վճարումներ կատարելով»:                

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter