HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը հետաձգեց Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հունվարի 30-ին  Արտակ Բուդաղյանի գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տալուց հրաժարվեց այս գործով վկա Տիգրան Խաչատրյանը:

Դատական նիստի հենց սկզբում վկան հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է իր և իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց:

«Սույն հայտարարությունը դատարանին հանձնելուց հետո չեմ արձագանքելու ինձ ուղղված որևիցե հարցի, լռելու եմ: Եթե դատարանը գտնի, որ իմ արարքներում կան  քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ապա պատրաստ եմ կրել պատասխանատվություն»,-հայտարարեց Տ. Խաչատրյանը:

Դատավոր Ն. Օհանյանը մի քանի անգամ հիշեցրեց վկային, որ նա «պարտավոր է ցուցմունք տալ», սակայն վերջինս ասում էր՝ «ես կօգտվեմ իմ լռելու իրավունքից»:

Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն էլ  նշեց, որ ոչ ոք իրավունք չունի ասելու, որ վկան պարտավոր է ցուցմունք տալ: «Հակառակ դեպքում դա կլինի հարկադրանք»:

Ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս բանավեճը սկսվել է տուժողի հարցաքննությունից մինչև այժմ, և ամեն անգամ դատարանն էլ հստակ  հայտարարում է իր դիրքորոշումը:

«Չեմ պատկերացնում, թե մինչև երբ պետք է նույն հարցի շուրջ վիճենք: Ուրիշ պատճառ ես չեմ տեսնում, քան ձգձգել էս դատական պրոցեսը: Էդպիսի վկա չկա, որ դեպքի մասին հարցաքննության ժամանակ որոշակի տեղեկություն չասել իր մասին: Վկան պիտի ցուցմունք տա: էնքան կսպասենք, մինչև կտա», -ավելացրեց Հ. Ալումյանը:

Եվ չնայած վկան շարունակում է պնդել, որ չի պատասխանի որևէ հարցի, բայց Հ. Ալումյանը նշեց, ինքը կօգտվի հարցեր տալու իր իրավունքից:

«Ես իմ հարցերն ունեմ և իմ հարցերն այնպես կտամ, որ լռելն էլ ինչ- որ բան կնշանակի», -ասաց ամբաստանյալի պաշտպանը:

Դատավորը  նախ հարցեր տալու հնարավորություն տվեց մեղադրող և տուժող կողմերին, սակայն նրանք հայտարարեցին, որ հարցեր չունեն: Վկա Տիգրան Խաչատրյանին սկսեց հարցեր տալ Հ. Ալումյանը, սակայն վկան ամեն հարցից հետո ասաց, որ «հրաժարվում է պատասխանել»:

Հարցերը հնչեցնելուց հետո Հ. Ալումյանը հայտարարեց, որ վկան խախտեց օրենքի պահանջը. այն, որ յուրաքանչյուր վկա պարտավոր է ցուցմունք տալ, և որ դատարանը պետք է դատախազին  վկայի քրեական պատասխանատվության վերաբերյալ միջնորդություն ներկայացնի: «Ես գտնում եմ, որ նման պայմաններում դատարանը պիտի շահագրգռված լինի, որ վկայի գործողությունները ստանան համապատասխան գնահատական: Ցուցմունք տալուց հրաժարվելը արդարադատության դեմ հանցագործություն է: Դատարանը պետք է  միջնորդություն ներկայացնի ոչ թե դատավարությունն ավարտելուց հետո, այլ հենց հիմա»:

Այս հայտարարության կապակցությամբ Ռ. Սահակյանն ավելացրեց. «Ես նույնպես հորդորում եմ, որ եթե գտնեք, որ Տ. Խաչատրյանի գործողություններում կան Քր. օրենսգրքով նախատեսված հատկանիշներ ցուցմունքից հրաժարվելու վերաբերյալ, ապա հարուցեք քրեական գործ»:

Դատավորը հայտարարեց, որ դատարանն արձանագրում է, որ վկա Տ. Խաչատրյանը նախազգուշացվել է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու, խուսափելու կամ կեղծ ցուցմունք տալու համար կենթարկվի քրեական պատասխանատվության: Սակայն միայն ապացույցները գնահատելիս, համադրելիս, հետազոտելիս կարելի է որոշել, թե արդյոք վկայի կողմից ցուցմունք տալը, ինչպես նաև հարցերին պատասխանելուց հրաժարվելը կարո՞ղ է օգտագործվել իր կամ մերձավոր ազգականների դեմ, թե՞ ոչ: «Եթե դատարանը հիմնավորի, որ դա չի վերաբերում իրեն և իր մերձավոր ազգականներին, ապա միջնորդություն կներկայացնի համապատասխան մարմիններին, այսինքն՝ դատախազություն, քրական գործ հարուցելու վերաբերյալ»,-նշեց դատավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter