HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերձորի դեպքերի վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության ինքնախոստովանությունը

Էդգար Վարդանյան

Բերձորի իրադարձությունների վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության կողմից հունվարի 31-ին տարածած հաղորդագրությունը, էստ էության, ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքները ոտնահարելու մասին ինքնախոստովանություն: Ի դեպ, այս պնդումը կարող ենք անել, անկախ նրանից, Արցախը դիտարկում ենք որպես անկախ պետություն, թե Հայաստանի մաս, կամ կողմնակից ենք արդյոք «Հիմնադիր խորհրդարանի» մոտեցումներին, թե ոչ:

Վերոնշյալ պնդումը հիմնավորվում է ԼՂՀ ոստիկանության այդ հայտարարությունը մանրամասն վերլուծության ենթարկելու արդյունքում: Ուրեմն, ԼՂՀ ոստիկանությունը հայտնում է, որ «սույն թվականի հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։ Այստեղից հասկանում ենք, որ ՝

ա/ ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացված է եղել դեպի Արցախ խաղաղ հավաքի` ավտոերթի իրականացման մասին: ԼՂՀ ոստիկանությունը օգտագործելով «ավտոերթ» տերմինը, փաստացի ընդունում է, որ խոսքը խաղաղ հավաքի որոշակի տեսակի մասին է։ Այստեղ պետք է նշել, որ խաղաղ հավաք կազմակերպելը եւ/կամ դրան մասնակցելը՝ մարդու իրավունքներից մեկն է, այդ իրավունքը, ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ Սահմանադրություններով երաշխավորված է, եւ հարկ է ավելացնել, որ սույն իրավունքով օժտված է յուրաքանչյուր ոք, անկախ քաղաքացիությունից։

 բ/ ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացված է այն մասին, որ Արցախի հանրության մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի, այսինքն` խաղաղ հավաքի մասնակիցների մուտքը ԼՂՀ: Իրավունք ունեն արդյո՞ք ԼՂՀ քաղաքացիները, կամ որեւէ հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ արգելափակելու ՀՀ-ից եկող որեւէ անձի մուտքը ԼՂՀ: Իհարկե, ոչ, չկա եւ չի կարող գոյություն ունենալ նման իրավունք: Պետություն, կամ կամ պետական ինչ-որ տարածք մուտք գործելը կարող է չթույլատրվել միայն հատուկ լիազորություններով օժտված համապատասխան պետական մարմինների կողմից՝ համապատասխան իրավական հիմնավորում ունենալու դեպքում։

Տեղեկացված լինելով այն մասին, որ մի խումբ քաղաքացիներ որոշել են «կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը» Արցախ, ի՞նչ կարող էին անել Արցախի իրավապահ մարմինները, որպեսզի սեփական գործողությունները համահունչ լինեին սահմանադրության, մարդու իրավունքների սկզբունքներին։

Նախ, կարող էին հատուկ հայտարարության միջոցով զգուշացնել, որ անօրինական է դեպի Արցախ մարդկանց մուտքի արգելափակումը եւ հավաստիացնել, որ ոստիկանությունը երաշխավորում է խաղաղ երթի ազատ տեղաշարժը, երթի մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար ուղեկցելու է նրանց Արցախի տարածքում եւ պատժելու է բոլոր նրանց, որոնք անօրինական գործողություններով կփորձեն տապալել խաղաղ հավաքը: Այնուհետեւ ոստիկանությունը պետք է Բերձոր ուղարկեր ոստիկանական ուժեր՝ երթի մասնակիցներին դիմավորելու եւ Արցախի տարածքով երթը ուղեկցելու համար։

Մինչդեռ ԼՂՀ ոստիկանությունը նախապես որեւէ հայտարարություն չի անում եւ դեպքերից հետո միայն նշում է, որ «Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում»։ Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով է վերակարգեր սահմանել ԼՂՀ ոստիկանությունը։ Մի՞թե նպատակը՝ երթի մասնակիցների անվտանգության ապահովումն է եւ հնարավոր բախումների կանխարգելումն է:

ԼՂՀ ոստիկանության հայտարարությունից այդպիսի եզրահանգում հնարավոր չէ անել՝ «Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։

Այսինքն, ԼՂՀ ոստիկանությունը, երթի մասնակիցներին հանդիպելուց հետո փոխանակ ուղեկցի նրանց դեպի Արցախ, փորձում է համոզել նրանց չմտնել Արցախ: Ոստիկանությունը իր գործողությունը պատճառաբանում է նրանով, որ երթը «լարվածությունը է առաջացրել Արցախում»: Այս պատճառաբանությունից էլ երեւում է, որ ոստիկանությունը իրեն իրավունք է վերապահում շարժվել ոչ թե օրենքով, այլ գոյություն ունեցող, կամ, միգուցե, գոյություն չունեցող ինչ-որ հասարակական տրամադրություններով: Փաստ է, որ ոչ մի իրավական, օրինական հիմնավորում իր հորդորի համար ոստիկանությունը չի ներկայացնում։

«Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո»` նշում է ԼՂՀ ոստիկանությունը։

ԼՂՀ ոստիկանությունը չի ասում, թե որո՞նք են եղել այդ «հակաօրինական գործողությունները» եւ ի՞նչ է նշանակում «շարունակել սադրանքները», ե՞րբ էին սկսկել «սադրանքները», եւ ընդհանրապես, կոնկրետ այս պարագայում, ի՞նչ է ոստիկանությունը հասկանում «սադրել» բառի տակ։ Այս ամենի վերաբերյալ հայտարարությունում չկա ոչ մի խոսք: Փոխարենը, ԼՂՀ ոստիկանությունը նշում է, որ «Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»:

Այսինքն, ստացվում է, որ ոստիկանությունը, պոտենցիալ տուժվողներին պաշտպանելու փոխարեն առողջությանը վնաս հասցնող ուժ է կիրառում նրանց նկատամամբ, պատճառաբանելով դա նրանով, որ չի ցանկանում, որ զանգվածային անկարգություններ լինեն, մինչդեռ հենց այդ գործողություններով հենց ինքն է զանգվածային անկարգություններ իրականացնում ու դեռ այդ ամենի մասին էլ պաշտոնական հայտարարություն տարածում: Ի դեպ, ԼՂՀ ոստիկանության հայտարարությունից մենք կռահում ենք, որ երթի մասնակիցները որեւէ բռնարարք չեն իրականացրել, հակառակ դեպքում ոստիկանությունը առիթը բաց չեր թողնի եւ դրա մասին անպայման կնշեր։

Հիմա, անկախ նրանից, ԼՂՀ-ն համարում ենք անկախ երկիր, թե ոչ, միայն ԼՂՀ ոստիկանության վերոնշյալ հայտարարության գոյությունը բավարար է, որ Երեւանը եւ Ստեփանակերտը ընդունեն, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտում, եւ որ ուժային կառույցների ղեկավարներից սկսած մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ի դեպ, դա կլիներ, Հայաստանի եւ Արցախի միջազգային վարկի բարձրացման տեսակետից ամենախոհեմ մոտեցումը։ Աշխարհը կտեսներ, որ թեեւ հայկական պետություններում կան բազում խնդիրներ, սակայն այդ պետություններն ամեն ինչ անում են, որ գնան ժողովրդավարության, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու ճանապարհով։ Սակայն, ինչ-որ բան հուշում է, որ մեզ քաջ հայտնի պատճառներով այդպես չի լինելու։

Լուսանկարում` ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանը (աղբյուրը` police.nkr.am)

Մեկնաբանություններ (4)

պարզապես՝ հայ, հայրենասեր
Արցախը Հայաստանի մի մասն է, նաեւ մարզը՝ որ ետ գրավվեց գոյություն ունի Հայաստանի քաղաքացիների ու աշխարհի հայերի արյան գնով, մի ողջ սերնդի մահվան, խեղման, ցրտի, մութի, սովի գնով...Ու անշնորհակալ լինել ու զենքով դիմավորել՝ առնվազն անբարոյական է...
Karen
Տեսքից այնպես է երեւում է, որ էտ բիրդան աղաները դժվար կհասկանան նման վերլուծությունն ու բացատրությունները: Ալամ աշխարհն իրենց պարտապան են պատկերացնում, գետինը չեն մտնում ամոթից: Ժիրոյի նման տղի քամակը պաչելու փոխարեն, գետին են գցում ու տրորում: Բայց ղարաբաղցի կարգին մարդիկ էլ կան, բոլորը տավար չեն դրանց նման, հույս ունենանք որ արձագանք կտան: Գուցե եւ համաձայն չեն շատերը նրա հետ, թող լսեին ու ասեին չէ ախպեր ջան - գնաս բարով: Բայց այդպես վարվելը թուրքի արածից էլ ցածր է:
i8avaba
https://www.youtube.com/edit?action_reinstate=1 այստեղ կարող եք լսել Ղարաբաղի ՆԳՆ -ի մեկնաբանությունը կատարվածի մասին
Ashot
Մեկնաբանությունանաղուհաց քրդի շներ գետինը մտնեք ձեր արածը անելու բաներ ձեր նման սրիկաների պատճառով ամբողջ մի ժողովրդի անուն խայտառակեցիք: ռիւսի քածերեք դու եւ ոչ թէ տղամարդիք: թու թքեմ ձեր երեսինը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter