HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական սահմանը ապօրինի հատելու գործերով նախաքննությունը վերապահված է բացառապես ԱԱԾ քննիչներին

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությունից և հունվարի լույս 13-ի գիշերը կասկածյալ, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հայ-թուրքական սահմանը հատելիս հայտնաբերելուց հետո, ի թիվս այլ հարցերի, հնչել են նաև հետևյալ հարցերը. ինչպե՞ս է կասկածյալը հայտնել ռուսական իրավազորության ներքո, ինչպե՞ս է սահմանից 17 կմ տեղափոխվել մինչև 102-րդ ռազմաբազա, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում հայ-թուրքական սահմանը հատելու փորձ անելու առթիվ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով օրենսդիր մարմինը սահմանել է մեր պետական սահմանը ապօրինի հատելու հանցակազմը՝ այն դասելով պետության դեմ ուղղված հանցագործությունների շարքին: Եվ նույն օրենսդիրը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով պետական սահմանը ապօրինի հատելու գործերով նախաքննությունը բացառապես վերապահել է ԱԱԾ քննիչներին:

Ուստի «Հետքը» դիմեց ԱԱԾ՝ բարձրացնելով վերը նշված հարցերը: Սակայն ԱԱԾ տնօրենի աշխատակազմից ստացանք ուղղորդող պատասխան: Մեզ առաջարկեցին դիմել ՀՀ քննչական մարմին: 

Իսկ ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Վ. Պերմյակովի կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու ուղղությամբ կատարվում է քննություն, և հիմքերի ու առիթների առկայության պայմաններում կկայացվեն քրեական գործ հարուցելու կամ քրեական հետապնդում իրականացնելու որոշումներ:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հարցերը բարձրացրել էին նաև ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում Գյումրիի դեպքերի հետ կապված ԱԺ լսումների ժամանակ: Զարուհի Փոստանջյանը նշել էր, որ եթե սահմանի հատման մասով քրեական գործ չի հարուցվել, ապա իրավապահ մարմինները անգործության են մատնված: Իսկ հունվարի 29-ին նույն պատգամավորը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով:

«Պահանջում ենք անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, նաև՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ»,- նշված է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հաղորդման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter