HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկը նախատեսել է մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտնում է, որ հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018թթ. նոր ռազմավարությունը, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը` նպաստելու երկրի ճկուն, ընդգրկուն և կայուն զարգացմանը: 

Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը ասաց. «Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱԶԲ-ն նախատեսել է մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ նպատակ ունենալով օժանդակել տրանսպորտի համակարգի բարելավմանը, աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների ենթակառուցվածքների բարեկարգմանը և էներգետիկ անվտանգության հզորացմանը»: 

Ենթակառուցվածքների զարգացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ մեկտեղ ԱԶԲ-ն գործունեության հիմնական ուղղվածությունը աստիճանաբար կբերի նաև այս ոլորտներում մասնավոր հատվածի ներգրավվածությունը խթանելուն, մասնավորապես փորձագիտական ծառայություններ տրամադրելու ուղությամբ: Հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակությունը և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների առկա օժանդակությունը, ԱԶԲ-ն մեծ ներգրավվածություն չի նախատեսի ֆինանսների, առողջապահության և կրթության ոլորտներում:

Տրանսպորտի ոլորտում ԱԶԲ-ն կշարունակի աջակցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքների իրագործմանը, նաև երկրորդային, մասնավորապես աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդմանը: Երկրի տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման նպատակով ԱԶԲ-ն կաջակցի Հայաստանը և հարևան Վրաստանը միմյանց կապող ճանապարհների զարգացմանը:

ԱԶԲ կաջակցի աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների կայուն զարգացմանը` օգնելով տեղական կառավարման մարմիններին նախագծել համակարգված հատակագծեր և ֆինանսավորելով ենթակառուցվածքների արդիականացմանն անհրաժեշտ ներդրումները` ներառյալ ջրամատակարարման, քաղաքային ճանապարհների և կոշտ թափոնների կառավարման ոլորտները: 

Հայաստանի էլեկտրաէներգիայի մաշված ենթակառուցվածքը և մեծ կախվածությունը ներկրվող հանածո վառելիքից թուլացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը: ԱԶԲ-ն կօժանդակի այս խնդրի լուծմանը` աջակցելով երկրի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացմանը և էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը: 

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 էջ 2 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ դոլար՝ ներառյալ 6.6 միլիարդ դոլար համաֆինանսավորում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter