HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Բազմազավակ ընտանիքը սպասում է նոր տան կառուցմանը

Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում Գրիգորյանների տան տեղը ճշտելու համար դիմեցինք գյուղամիջում  պատահած կնոջը: Կինը մատով ցույց տալով գյուղի վերևի լեռնոտ հատվածում գտնվող տներից մեկը` ասաց․«Էն շատ փռած լվացքը տեսնում եք,այ էն ա»։

Մի քիչ ուշադիր լվացքը զննելուց հետո կարելի էր գրեթե անսխալ կռահել, թե քանի երեխա կա ընտանիքում։

Արտաքինից անշուք տունը նույնքան անշուք է նաև ներսից։ Գյուղի հին տուն է, որտեղ  բազմազավակ ընտանիքն ապրում է արդեն 7 տարի։ Չնայած տունը երկհարկանի է, բայց բնակելի մասը միայն երկրորդ հարկն է։ Փայտի վառարանից ծխահարված պատերի ֆոնին բազմոցի վերևին շարված մանկական փափուկ խաղալիքները աչք էին զարնում:

«Էս տունը մերը չի, ամուսնուս հեռու մի բարեկամի է, ով վաղուց գյուղում չի ապրում։ Մի ժամանակ մտածում էինք վերանորոգել, մեկ էլ մտափոխվեցինք․ տունը մերը չի, չարժե դրա վրա գումար ծախսել»,-բացատրում է ընտանիքի մայրը՝ Կարինե Բադալյանը։

Կարինեն չի դժգոհում դժվար կյանքից ու կենցաղային պայմաններից։ Միակ խնդիրն առայսօր բնակարանի հարցն էր, այն էլ 6-րդ երեխայի ծննդից հետո պետությունը սկսել է կառուցել։ Սենյակի պատուհանից երևում էին կառուցվող նոր տան պատերը։

Զրույցի ընթացքում Կարինեն մի պահ շեղվեց ու մեծ աղջկան խնդրեց փակել ննջարանի դուռը, որ սենյակում խաղացող երեխաների ձայնը չխանգարի կողքի սենյակում քնած հաշմանդամ տղային։ Ընտանիքի 6 երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն։ Մի քանի տարի առաջ, հետևելով բարեկամների խորհուրդներին, Կարինեն երկու հաշմանդամ երեխաներին ուղարկել էր Երեւանի  Նուբարաշենի հատուկ դպրոց։

«Երեխաներից մեկին փոքր ժամանակ շունն էր կծել, էստեղ էլ ոչ մի նորմալ բուժում չեն արել, մինչև հասցրել ենք Երևան, պարզվել է, որ դա ազդել է երեխայի և́ պահվածքի, և́ մտավոր զարգացման վրա։ Էդպես որոշեցի ուղարկել Նուբարաշենի հատուկ դպրոց։ Ամեն ինչ դեպի լավն էր գնում։ Երկու տարի առաջ Արմանին երրորդ հարկի աստիճաններից բրթեցին ու գլխին երկու կոտրվածք ստացավ։ Դրանից հետո Արմանին տուն եմ բերել, հիմա իմ խնամքի տակ է։ Իսկ մյուս հաշմանդամ տղաս՝Թևոսը, ով խոսակցական ապարատի խնդիրներ ունի,  դեռ Նուբարաշենի դպրոցում է։ Ծնողներս են նրան հաճախակի այցելում, իսկ արձակուրդներին էլ բերում ենք մեզ մոտ»,-պատմում է Կարինեն։

14-ամյա Արմանը գլխի կոտրվածքներից հետո հազիվ է քայլում: Օրվա մեծ մասն անցկացնում է պառկած վիճակում։ Կարինեն ասում է, որ միակ խնդիրը տակդիրների հարցն է։ Ճիշտ է, երեխան հաշմանդամության թոշակ է ստանում,  բայց այն չի հերիքում։

Զրուցակիցս պատմում է, որ վերջերս դիմել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի օգնեն գոնե տակդիրների հարցում։ Ի պատասխան գրված դիմումի` մի քանի շաբաթ հետո զանգել են ու ասել, որ տակդիրների հարցում օգնել չեն կարող, բայց սննդամթերքով կօգնեն։

7 հոգուց բաղկացած ընտանիքի միակ կերակրողը ամուսինն է՝ Սերգեյ Գրիգորյանը։ Նա զինվորական է և չնայած արդեն լրացել է տարիքը ու կարող է թոշակի անցնել, ստիպված շարունակում է ծառայությունը, քանի որ աշխատավարձն ավելի բարձր է, քան զինվորական թոշակը։ Ընտանիքի բուջեի մի մասն էլ կազմում են երեխաների նպաստներն ու հաշմանդամության թոշակը։

Տան հոգսերը թեթեւացնելու համար Կարինեն տնամերձ հողամասն է մշակում։

«Ջրի խնդիր կա, մանավանդ մեր թաղամասում ու մանավանդ ամռանը։ Սովորաբար, մինչև սեզոնային ջրերի ցամաքելը հասցնում էինք ինչ-որ բերք ստանալ։ Էս տարի երաշտի պատճառով միայն վնաս ենք կրել։ Ոչ մի սածիլ այդպես էլ չի հասցրել բերք տալ, իսկ ձմռան պահածոների համար բանջարեղենը գնել ենք»,- ասում է նա։

Գյուղական կյանքը, ընտանեկան դժվարություններն ու դիրքերից գյուղ հասնող կրակոցների ձայները Կարինեին չեն վախեցնում։ Նա ասում է, որ հարկ եղած դեպքում  կօգնի ամուսնուն։

«Ես 8 տարի մարտական սպորտաձևով եմ զբաղվել ու վախկոտներից չեմ։Ավելին, իմ հայրը ծնունդով Մաղավուզից է և իր եղբայրների հետ կռվել է այս հողում ու վիրավորվել»,-եզրափակեց Կարինեն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter