HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունները` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ դրանց շրջանակներում կավելանան նաև բնապահպանության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնք հետագա ակտիվ և սերտ համագործակցության  հեռանկարներ կստեղծեն:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է սերտորեն համագործակցելու Արամայիս Գրիգորյանի պատրաստակամությունը և առաջարկել առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպում և համագործակցության առավել լայն շրջանակների քննարկում:

Անդրադառնալով ողջ աշխարհին մտահոգող կարևորագույն խնդիրներից կլիմայի փոփոխության ռիսկերին, հարմարվողականությանը և այդ առթիվ դեկտեմբերին Փարիզում կայանալիք համաժողովին` կողմերն արտահայտել են իրենց մտահոգությունները և քննարկել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը:

Բնապահպանության նախարարն առաջարկել է համագործակցություն էկոտուրիզմի և բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) զարգացման ոլորտում, փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծում կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ների կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանության, ջրավազանային կառավարման պլանների մշակման և արդի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ստեղծման ոլորտում:   

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ՀՀ-ում իրականացվող Կանաչ և կայուն տարածքների զարգացման ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում  է իրականացնել Վեդու ջրամբարի կառուցման, ոռոգման համակարգի ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ջրամբարի շրջակա տարածքների կենսաբազմազանության զարգացման և կայուն կառավարման աշխատանքներ: Այս համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է որպես ջրամբարի հարակից տարածք, որն ունի առանձնահատուկ և հարուստ կենսաբազմազանություն, հենց «Խոսրովի անտառ» պետարգելոցում իրականացնել կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագիրը: 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են  ուսումնասիրել բարձրացված հարցերը և առաջիկայում հանդես գալ առավել համգամանալից  քննարկումներով և գործնական առաջարկություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter