HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրայր Բազե Խաչերյան. «Մենք այսօր պետք է հաղթանակած ընդառաջ գնայինք 100-ամյակին և ոչ թե ողբերգական դեմքով»

Նաիրա Հայրապետյան

«Ես ծնվել եմ Լիբանանում, մեծ հայրս զեյթունցի էր և մասնակցել էր ինքնապաշտպանությանը, բայց երևի էդքան էլ լավ չէր կռվել, դրա համար էլ հայտնվել էր Լիբանանում»,- ասում է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը: Լուսանկարչության հետ կապ ունեցող շատ մարդիկ նրան ճանաչում են հենց առաջին հայացքից:

Նա թերևս ամենաշատ եկեղեցիներ նկարած լուսանկարիչն է, ով Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և մինչև հիմա շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել ու ճանաչել հայոց աշխարհը: Նա առավելապես հայտնի է «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (1997 թ.), «40 մերկ մարմին» (2001 թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002 թ.), «Երկիր» (2005 թ.), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010 թ.) և «Հայկական զարդատառ» (2012 թ.), «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» ( 2013 թ.) և այլ գրքերով:

Բազե անունը սկզբում պարզապես մականուն էր՝ նամակագրական զրույցների ժամանակ (ինչպես այսօր ինտերնետում), հետո դարձավ երկրորդ անուն և ավելացավ անձնագրում: Այսօր բոլորը նրան այդպես են ճանաչում՝ Բազե և Hawk: «Մենք շատ բաներով նման ենք իրար,- ասում է Հրայրը,- բազեն էլ լավ աչք ունի, սիրում է սավառնել և, երբ որս է անում, շատ լավ գիտի իր թիրախը»:

Առաջին անգամ լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունը ծնվեց, երբ 11-12 տարեկան էր: Դասընկերներից մեկի եղբայրը, ով տարիքով մեծ էր ավելի, լուսանկար ուներ ձեռքին: «Ես հարցրեցի՝ ինչպե՞ս ես ստեղծել դա, իսկ նա քմծիծաղով ասաց՝ «սա քո գիտելիքներից վեր է, մեծանալ է պետք հասկանալու համար»: Ես որոշեցի անպայմանն գտնել գաղտնիքը: Ինձ համար մի լուսանկարչական փոքրիկ սարք գնեցի և սկսեցի նկարել դասընկերներիս՝ ֆուտբոլ խաղալիս, դասի պահին, ծառեր, փողոցներ… Հետզհետե կադրերն ինձ համար ավելի լուրջ խորք ունեցան»:

Հետո մանկական անմեղ պատկերներին հաջորդեց լիբանանյան պատերազմի դառնությունը՝ պայթած ռումբերի հետքեր, կյանքի և մահվան միջև ապրող մարդիկ: Ավելի ուշ, երբ ԱՄՆ-ում օդաչուի մասնագիտություն էր սովորում, հանկարծ նկատեց, որ աշխարհն այլ պատկեր և գեղեցկություն ունի վերևից: Հետագայում Հրայրի ամենագեղեցիկ ալբոմներից մեկում հայտնվեցին հայաստանյան պատկերներ՝ ճախրող բազեի դիտակից:

«Ես դպրոցում ոչ հայոց լեզու, ոչ պատմություն և ոչ էլ աշխարհագրություն չեմ սովորել: Ինձ հետաքրքրում էր մաթեմատիկան, լուսանկարչությունը և օտար լեզուներից՝ անգլերենը: Մեր ուսուցիչները ավելի շատ փայտիկներ էին կոտրում մեր գլխներին: Նրանց պատմած Անիի, հայոց տառերի ու պատմութան մասին ես ոչինչ չէի հասկանում. բոլորը կարծես առասպելական պատմություններ լինեին, մինչև որ չզգացի այն, ինչ տվեց ինձ իմ շփումը այս ամենի հետ: Ես պետք է տեսնեի, շոշափեի և զգայի: Իմ ընտրած ուղին ինձ համար նաև ինքնաճանաչողության նման մի բան էր… Լուսանկարելով ես սովորեցի նաև իմ պատմությունը, իմ մշակույթն ու իմ ժողովրդին ճանաչել, սիրել ու կրել էդ գիտակցությունը»:

Արդեն 12 գիրք-ալբոմի հեղինակն այս անգամ Հայաստանում է «100. 1915-2015» խորագրով պատկերագրքի առիթով: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս գիրքն ընդգրկում է մեր մշակութային ժառանգության պատմությունը լուսանկարչության լեզվով: Կիսավեր և կանգուն եկեղեցիներ, ճարտարապետական կոթողներ, աշխարհի տարբեր անկյուններում պահվող ձեռագրերի բացառիկ նմուշներ, հայկական բնաշխարհի հեքիաթային պատկերներ, ձեռագործ զարդեր և տարազներ, բռնազավթած օրրանում դեռևս համառորեն մաքառող հայերի դիմանկարներ…

Հրայրի լուսանկարչական սարքը շրջել է աշխարհով մեկ, հավաքել ու ամրագրել է այն ամենը, ինչը կապված է հայի ու հայկականի հետ: Դրանք միաժամանակ փաստեր են, որոնք տարեցտարի ջնջվում են ոմանց անհանդուրժող և մերժող քաղաքականության հետևանքով: Այս ամենն ուղեկցվում է նաև բացատրական տեղեկությամբ, որպեսզի ալբոմը թերթող ցանկացած մարդ հստակ իմանա, թե որ դարում և որտեղ են դրանք ստեղծվել, ինչպիսին էին նախկինում և ինչի են վերածվել հիմա:

Եռալեզու գիրքը (հայերեն, անգլերեն և ֆրանսերեն), շնորհիվ այդ բացատրությունների, գեղեցիկ նկարներով լի ալբոմից վերածվում է ուղեցույցի: Հրայրն ասում է, որ ինքը նպատակ է ունեցել Հայաստանը իր հարստությամբ ու մեծությամբ ներկայացնել, հաղթանակած ժողովրդի տեսանկյունից: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս Շուշիում:

Մռավ

«Ես իմ ալբոմները առաջին հերթին ինձ համար եմ անում, անկեղծ եմ ասում, դա եսասիրություն չէ. դրանք ուղղված են ինձ: Ես միաժամանակ սովորել եմ իմ լուսանկարներից: Երկրորդ հերթին փոխանցում եմ երկու աղջիկներիս: Նրանք հայկական դպրոց են գնացել, քիչ, թե շատ խոսում են հայերեն, և ես ուզում եմ, որ ճանաչեն իրենց ժողովրդին, մեր լեզուն չկորչի, ընդհակառակը՝ զարգանա ավելի: Բացի այդ, ես դա անում եմ յուրաքանչյուր հայի, սփյուռքում և Հայաստանում մեծացող երիտասարդի համար: Եռալեզու լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ես ալբոմը ուզում եմ ներկայացնել նաև օտարերկրացուն՝ բացահայտելու համար Հայաստան-աշխարհը: Երբ տարբեր երկրներում ապրող մարդիկ այս գիրքը բացեն, հասկանան՝ ինչ է Հայաստանը, ինչ մշակույթ ունի, այսպիսի ձեռագրեր ունի: 2500 օրինակ է, որից 1500-ը բաժանվելու են տարբեր համալսարաններում և գրադարաններում՝ հենց ճանաչելու նպատակով, որ օտարները մեզ չնայեն իբրև երրորդ երկրի, այլ հարուստ ժողովրդի»:

Վան

Հրայր Բազե Խաչերյանը առաջին անգամ Հայաստան եկավ 90-ականներին: Ինչպես պատմում է, բոլոր սովորական տուրիստների նման ինքն էլ, լուսանկարչական սարքը ձեռքին, այս ու այն կողմ ընկած նկարում էր՝ Արարատ, Խոր Վիրապ և այլն: «Շատ ծանր ժամանակներ էր ապրում երկիրը, բայց այդ այցը նշանավորվեց նրանով, որ տեղի ունեցավ իմ առաջին հեռակա շփումը Արևմտյան Հայաստանի հետ՝ սահմանից այն կողմ՝ Արարատ լեռան միջոցով, ապա հիմք դրվեց իմ և Հայաստանի միջև կապին»: Հետո մեկնեց Արցախ, որտեղ լուսանկարելով պատերազմի հետքերը՝ նա միաժամանակ տեսավ ազատության համար մեռնող հայրենակիցների նվիրումը երկրին, պայքարի հզոր ոգին, որը տեսանելի է դարձնում մինչ այդ լսած վեհ գաղափարները, ամրացնում և հավերժորեն դրոշմում այն մարդու գիտակցության մեջ: Նա համոզված է, որ հայրենիքը սիրելու և նրան պաշտպանելու համար տեսնել է պետք երկիրը: 1993 թ. Կանադա մեկնելիս՝ ընկերներին խոստացավ շուտով ետ վերադառնալ ու շարունակել իր գործը Արցախում: Սակայն այստեղ նրան սպասում էր անսպասելին:

Աղթամար. առաջին պատարագը 95 տարի անց Կյանքի պատուհան

«Բժիշկներն ինձ մոտ թոքի քաղցկեղ էին հայտնաբերել, ասացին որ այն տարածվել է արդեն, և ես ապրելու համար ունեմ ընդամենը տասը օր,- պատմում է Հրայրը,- առաջին բանը, որ մտքովս անցավ, երեխաներիս հարցն էր: Սարսափով մտածում էի՝ ո՞նց եմ թողնելու երեք և չորս տարեկան աղջիկներիս, ախր իրենց առջև դեռ պարտավորություններ ունեմ: Այդ հիվանդությունը շրջադարձային եղավ իմ կյանքում. դա զգացական չէր, այլ ռեալ, տրամաբանական՝ կամ պետք է հանձնվես՝ մահանաս, կամ ոչ, պետք է պայքարես ամեն գնով, որ զավակներիդ հետ մեծանաս: Սենյակիս մեջ մի խաչ կար, որի առջև ուխտ արեցի՝ եթե փրկվեմ, ապա աշխարհով մեկ կգնամ, հայկական եկեղեցիներ կնկարեմ»: Հրայրն ընտրեց ապրելու ուղին, իսկ պայքարի այդ ճանապարհը լի էր նոր անակնկալներով՝ կյանքը վերաարժևորելու, մարդու դերը, թողած հետքը իմաստավորելու առումով:

1997 թ. լույս տեսավ Հրայր Բազեի Արցախի մասին պատմող առաջին գիրք-ալբոմը, որն ընդգրկում էր պատմությունը, տարածքի մասին տեղեկությունները, մշակութային ժառանգությունը («Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն», 1997 թ.): Դրան հաջորդեցին մյուսները, որոնց թիվն ավելանալու է ապագայում: «Ես ինքնուս եմ, այսօր տեխնիկայի դար է, և լուսանկարելը շատ հասանելի է դարձել այլևս: Ամեն մեկը կարողանում է նկարել՝ ապարատով կլինի, թե բջջայինով. տեխնիկական հարց է, որը շատ արագ լուծվում է մի քանի թվային ուղղորդումներից հետ: Բայց գիտե՞ք ինչ, միտք և հոգի պետք է դնես, որպեսզի կարողանաս փոխանցել այն, ինչ դու տեսել ես, կարևորել: Այս գրքի համար (նկատի ունի «100»-ը) ես համարյա 30 անգամ այցելել եմ Արևմտյան Հայաստան. ամեն անգամ Աղթամարը նկարելիս ես նրան նոր լույսով էի տեսնում: Պատարագից հետո խնկահոտ ու արևի լույսով ողողված եկեղեցին ուրիշ էր իմ աչքին, չգործող տարիներին իր լռության մեջ այլ գեղեցկությամբ էր խոսում: Ձեզ համար դրանք կարող են շատ սովորական լուսանկարներ թվալ, բայց ինձ համար բոլորովին այլ է կապը բնության, տիեզերքի ու աշխարհի հետ, մանավանդ, աղոթքի ընթացքում»:

Սբ. Գայանե

Ապրիլի 23-ը Հրայրի ծննդյան օրն է: «Մեծ Եղեռնի տարելիցին այստե՞ղ ես լինելու» հարցին կտրուկ պատասխանում է ՝ ո՛չ: Հետո ավելացնում, որ այն, ինչ տեղի է ունենում, իր տեսանկյունից մակերեսային է դիտարկում:

«Մակերեսայինը մի քիչ ծանր բառ է, իհարկե, բայց ես չեմ ասում, որ այն, ինչ ներկայացվելու է, մակերեսային է լինելու: Ամեն դեպքում, ինձ համար դա մակերեսային է այն պատճառով, որ ժողովուրդը շարունակում է լքել երկիրը, որ Հայաստանում դեռ կյանքը դժվարություններով լի է, որ մարդիկ ցածր աշխատավարձերի պատճառով չեն կարողանում ապրել իրենց հողում: Իմ ցանկությունը կամ հույսն է, որ մեր երիտասարդները ետ վերադառնան և իրենց գիտելիքներով, փորձաությամբ շտկեն այս վիճակը, զարգացնեն մեր երկիրը, ստեղծեն պայմաններ, որոնք կյանքը արդար կդարձնեն բոլորի համար: Այս հարյուրամյակին ընդառաջ երկիրը այնքան հզոր պետք է լիներ, որ էսօր ոչ թե ողբերգական դեմքով շարունակեինք հուշարձանների առջև արցունք թափել, այլ ասեինք աշխարհին, որ էդ մեծ ջարդից հետո նայեք, թե ինչ երկիր ենք կառուցել՝ հզոր, զարգացած, տեխնոլոգիապես առաջընթացով, գործարանները բաց և այլն, և այլն: Ես իմ գրքերով փորձում եմ դա անել: Քրքրում եմ մարդկանց մեջ դրական զգացումներ, այս արժեքների միջով փորձում եմ արթնացնել նրանց մոտ վստահություն, հարգանք և հավատ հայրենիքի հանդեպ: Զգացական առումով չեմ մոտենում, ես ցույց եմ տալիս, ասում՝ տեսեք՝ ինչեր ունենք: Իսկ դրան տեր կանգնել, պահել և զարգացնել է պետք: Ամեն մեկն իր դրական մոտեցմամբ պետք է փոխի և պետք չէ ասել մենք ոչ մի բան չունենք էս երկրում»:

Մեկնաբանություններ (1)

Roger Boucher
Hawk, what a great book you’ve published for the 100th anniversary of the Armenian Genocide, 1915 to 2015. This book of 516 pages which includes 17 years of travel and photography is a great work of Art. I’ve always known that you were an Artist, but you’ve surpassed yourself this time. Thanks neighbour for giving me an opportunity of purchasing one.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter