HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հարեւանն ուզում է ստանալ ուրիշի ժառանգությունը, իսկ կադաստրը եւ դատարանն աջակցում են

Երկու տարի շարունակ Կենտրոն համայնքի անշարժ գույքի պետական կադաստրը խուսափում է գրանցել Հայկ եւ Սամվել Միքայելյանների սեփականության իրավունքը Վ. Սուրենյանց 9 հասցեում («Երեւան» կինոթատրոնի հարեւանությամբ) գտնվող իրենց տատի` Գեղեցիկ Լազարյանի տան նկատմամբ:

Այդ տունը Միքայելյանների ընտանիքը ժառանգություն է ստացել տատից` Գեղեցիկ Լազարյանից, որն ապրել է այդտեղ 1959թ.-ից մինչեւ մահը` 1975թ.-ը: Մինչեւ հիմա էլ, կադաստրի տվյալներով, տունը գրանցված է նրա անունով, սեփականության անվանափոխություն չի եղել, այն որեւէ այլ կառույցի տնօրինության տակ չի անցել եւ չի իրացվել: Ընտանիքի հայրն առողջական եւ ընտանեկան այլ խնդիրների պատճառով չի հասցրել ձեւակերպել ժառանգությունը ստանալու համար համապատասխան փաստաթղթեր:

Հիմա որդիները, վերջապես ստանալով ժառանգության վկայագիր եւ որոշելով պահպանել տատի եւ հոր ժառանգությունը, հայտնվել են դատական քաշքշուկների մեջ: «Ես տպավորություն ունեմ, որ դատարանում միայն մեկ նպատակ են հետապնդում` քողարկել որոշակի անձանց շահերն ու նկատառումներն այդ տան նկատմամբ»,- ասում է Հայկ եւ Սամվել Միքայելյանների մայրը` Վարդուշ Հովհաննիսյանը:

Սուրենյանց 9 հասցեում գտնվող բակում բնակվել է երեք ընտանիք: Կենտրոն համայնքի անշարժ գույքի կադաստրում տեղեկացանք, որ այդ հասցեում գրանցված են երեք սեփականատերեր` Ռոբերտ Խաչատրյան (37,77քմ), Գեղեցիկ Լազարյան (21,74քմ) եւ Գեղամ Ղուկասյան (30,12քմ): Կադաստրային գործում հստակ գրված է, որ (128քմ) մակերեսով բակը, որն ընդհանուր մուտք է բոլոր բնակիչների համար, համատեղ է նշված բոլոր սեփականատերերի համար:

«Նախքան սեփականության պետական գրանցումը, կադաստրի աշխատակիցները պահանջեցին, որ վերականգնենք տան քանդված մի պատը եւ կտուրը: Որդիներս առանց առարկության վերանորոգեցին այդ պատը,- պատմում է տկն Հովհաննիսյանը,- այդ ընթացքում կադաստրը բազմաթիվ հարցումներ արեց քաղաքապետարան, թաղապետարան եւ քաղաքային արխիվ, համոզվեց, որ տունն իրացված չէ: Հիմա ես սկսում եմ մտածել, որ դրանով նրանք պարզապես ուզում էին ժամանակ շահել: Երբ մենք պատը վերականգնեցինք, կադաստրը պարտավոր էր գրանցել մեր սեփականությունը, բայց չարեց»:

Գործն այլ ընթացք է ստանում: Նույն հասցեում բնակվող հարեւան Գեղամ Ղուկասյանի անունով հայցադիմում է ներկայացվում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Միքայելյանների: Նույն օրն անմիջապես կալանք է դրվում տան վրա եւ արգելվում որեւէ գործողություն իրականացնել: Հայցադիմումում նշվում է. «2005 թվականին Վարդուշ Հովհաննիսյանը, օգտվելով առիթից, որ ես բացակայում եմ հանրապետությունից, ներխուժել է եւ զավթել իմ տարածքը եւ ապօրինի պարիսպ կառուցել ... ես (30,12քմ) բնակելի տան եւ (128քմ) հողամասի սեփականատերն եմ ... նախկին բնակիչները դեռեւս 50-ական թվականներին քանդել են իրենց տունը եւ հեռացել»:

Տկն Հովհաննիսյանը հերքում է հայցադիմումում բերված տվյալները` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: «Ես ընդամենը վերականգնել եմ իմ տան պատը, որը նա է քանդել, որպեսզի իր համար ճանապարհ բացի դեպի Վ. Սուրենյանց 9 հասցեից դուրս գտնվող, քաղաքապետարանից վարձակալած հողամասը: Դա պարիսպ չէ, այլ իմ տան պատն է, եւ դա հաստատում է նաեւ դատարանին ուղարկված կադաստրի գրությունը: Եթե նրան մուտք էր պետք դեպի իր հողամասը, ապա նա կարող էր այն բացել իր տարածքից: Ինչպե՞ս է նա հայտարարում, որ նախկին սեփականատերերը քանդել են տունը եւ հեռացել 50-ական թվականներին, եթե այնտեղ ապրել է իմ սկեսուրը եւ տունը մինչեւ հիմա կա, քանդված չէ, ինչպե՞ս է նա ասում, որ 128քմ հողամասն իրենն է, եթե կադաստրը դա ճանաչում է ընդհանուր սեփականություն բոլոր երեք սեփականատերերի համար եւ դրա վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնում ինձ ու իմ փաստաբաններին»,- պարզաբանում է տկն Հովհաննիսյանը:

Միքայելյանները ներկայացրեցին հակընդդեմ հայց, սակայն մյուս կողմը չներկայացավ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու հայցերն էլ թողեց առանց քննության: Կադաստրն այդ ընթացքում գտավ մերժման եւս մեկ հիմք` 128քմ տարածքում կան անօրինական շինություններ (պատշգամբ, զուգարան (11.2քմ), որոնք նոր կառույցներ չեն: «Կադաստրը պահանջում է դրանց օրինականությունը հաստատող փաստաթղթեր, բայց այդ շինությունները ես գնել եմ տան հետ դեռեւս 1951թ.-ին, ես չեմ կառուցել: Եթե այդ պահանջը հիմնավորված է, ապա ինչո՞ւ մյուսներից չպահանջեցին փաստաթղթեր նրանց տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու ժամանակ»,- հարցնում է տկն Հովհաննիսյանը:

Միքայելյանները եւս մեկ քաղհայց են ներկայացնում դատարան՝ պարզելու 128քմ բակի կարգավիճակը: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժում է հայցը:

«Ես հույսեր ունեի, որ դատարանը կքննի 128քմ բակի սեփականության հարցը, կադաստրից մարդիկ կհրավիրի՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է, որ կադաստրից մեզ տեղեկացնում են, որ համատեղ է հողամասը, իսկ մեկն էլ ասում է, որ միայն իրենն է եւ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնում, որտեղ ջնջված է համատեղ բառը եւ կնիք դրված: Հիմա ո՞րն է կեղծիքը, ինչո՞ւ դատավորը զլացավ դա պարզել, չէ՞ որ ես խնդիր ունեմ եւ դիմել եմ դատարան` ակնկալելով արդարադատություն»,- ասում է տկն Հովհաննիսյանը: Վերանորոգումից հետո տան կտուրը եւ պատը նորից քանդված են: Գեղամ Ղուկասյանը եւ նրա ընտանիքն այժմ Մոսկվայում են:

Առաջին ատյանի դատարանի որոշումը հաստատեց նաեւ Վերաքննիչ դատարանը: Այժմ տան վրայից կալանքը հանված է, սակայն դեռեւս պարզ չէ բակի հարցը: Գործի քննությունը կշարունակվի Վճռաբեկ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter