HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Անտոն Դոլին. «Ցեղասպանությունը պատկերող և ոչ մի ֆիլմում դեռևս հայտնաբերված չէ գլոբալ մետաֆորը»

Վերջերս՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, կայացավ էթնիկ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի պրեմիերան։

«Маяк», «Вести ФМ»  ռադիոկայանների լրագրող, կինոքննադատ,  «Вечерний Ургант» հաղորդման կինոգետ Անտոն Դոլինի հետ զրույցում կփորձենք հասկանալ՝  ինչու է նա «Սպի»-ն համարում «դրամատիկ անհաջողություն» և ինչպես նկարահանել  ֆիլմ Ցեղասպանության մասին ։

Խոսելով Ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերի մասին՝ դուք առանձնացնոմ եք  ընդամենը 4 -ը. «Արարատ»-ը, «Արտույտների ագարակը», «Սպի»-ն և Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմը։ Ինչու՞ այդքան քիչ։

 Ուղղակի սա շատ ցավոտ և, հետևաբար, քիչ օգտագործված թեմա է։ Այդ  մասին քիչ է նկարահանվում, և թեմայի  ցանկացած հիշատակում շատ կարևոր է։ Կինոն ինքին միշտ եղել և մնում է զանգվածային լսարանի գլխավոր զենքը։

Օրինակ՝ հենց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմն իրենով ցույց է տալիս թեմայի  ադեկվատ արտացոլման անհնարինությունը։ Գլխավոր հերոսներից մեկն այնտեղ ռեժիսոր է, ով փորձում է պատմել Ցեղասպանության մասին, բայց հասկանում է, որ չի կաորղ անել դա առանց «կոստյումային ֆիլմ» շտամպին բախվելու։ «Արարատ»-ի երկրորդական կերպարներից մեկը՝ Ամերիկա արտագաղթած նկարիչ Արշիլ Գորկին, ով անձամբ է վերապրել Ցեղասպանությունը,  ռեժիսորի մտահղացմամբ ինքնասպան է լինում,  քանի որ իր աբստրակտ արվեստով չէր կարողանում փոխանցել այն ողջ ցավը, որն իրականում զգացել էր։

Կադր` «Արարատ» ֆիլմից

«Արարատ»  ֆիլմում որոշակի երկակիություն կա՝ ֆիլմ ֆիլմում, և սա, հավանաբար, անհաջող միջոց է թեման պատկերելու համար։ «Սպի» ֆիլմում Ցեղասպանությունը ցուցադրվում է ընտանեկան դրամայի միջոցով, «Արտույտների ագարակ»-ն ուղղված է մարդու հուզական աշխարհին։ Այնումենայնիվ, ինչպե՞ս ընտրել թեման ներկայացնելու ճիշտ միջոցը։

Դա առնվազն պետք է լինի վավերագրական, իրականությանը մոտ պատմություն. շատ ուժեղ միջոց կարող է լինել որևէ իրական զոհի պատմություն՝ խաղարկային կամ ոչ խաղարկային ֆիլմի տեսքով։ Ռուբեն Դիշդիշյանի պապը հիշողությունների գիրք ունի («Вниз по Евфрату на плотах», հեղ.), դա մի տղայի պատմություն է, ով փոքր ժամանակ անցել է այդ ամենի  միջով, և դա շատ ավելի մեծ տպավորություն է թողնում, քան ցանկացած ֆիլմ, որը մենք հիմա քննարկում ենք, քանի որ դա իրական մարդ է, և դրանք իրական հիշողություններ են։ Իհարկե, կարելի է հորինել գեղարվեստական մեկ այլ փոխաբերություն։ Բայց մինչ այժմ ձեռնարկված փորձերից ամենահաջողը մնում են Փելեշյանի ֆիլմերը։

Կադր` «Սպի» ֆիլմից

«Սպի» ֆիլմի ձախողումներից մեկը դուք համարում եք այն, որ Աքինը փորձում էր խոսել հանդիսատեսի հետ ունիվերսալ լեզվով, բայց նրան չհասկացան. չիմացող հանդիսատեսն այդպես էլ չիմացավ՝ ի՞նչ էր, ի վերջո, կատարվել, և ինչո՞ւ։ Իմացողն էլ ոչինչ չստացավ՝  բացի կոնկրետ հերոսին կարեկցելուց ։

Որպես արարք՝ այս ֆիլմը շատ կարևոր է, և մարդկայնորեն ես գլուխ եմ խոնարհում Ֆաթիհ Աքինի առաջ։ Նա իսկապես շատ տաղանդավոր է, և նա իսկապես շատ ջանք է թափել։ Կլինտ Իստվուդի «Սնայպեր» ֆիլմում ասվում է. «Որքան փոքր է թիրախը, այնքան փոքր է սայթաքման հավանականությունը»։ Ինչքան կոնկրետ խնդիրներ եք դուք ձեր առջև դնում,  ինչքան կոնկրետ է պատմությունը, այնքան պարադոքսալ կերպով մեծ է շանսը, որ ձեր լսարանը մեծ կլինի։ Օրինակ` «Իդա» ֆիլմը վերջերս Օսկար է ստացել։ Այս պատմությունը շատ տեղայնացված է, այնտեղ կաթոլիկության և մեղքի բարդույթի զուտ լեհական խնդիր է։ Դա գյուղացիների պատմություն է, ովքեր հրեաներին նացիստներից թաքցնելու փոխարեն հենց իրենք էին սպանում նրանց և յուրացնում նրանց սեփականությունը։ Այս պատմությունն արված է 50-ականների դեկորացիաներով։ Ու թվում է՝ ոչ ոքի այդ աշխարհը, այդ ժամանակաշրջանը հայտնի չէ, բայց, այնումենայնիվ, ֆիլմը հուզեց ողջ աշխարհին և արժանացավ Օսկարի, քանի որայդ կոնկրետության մեջ բոլորին գրավող ինչ-որ բան կար։ Կոնկրետությունն օգնում է պատմությունը չդարձնել հեքիաթային։ Հենց սա էր, որ պակասում էր Ֆաթիհ Աքինի ֆիլմում։ Նրա դեմ բողոք չունեմ, միայն ծափահարություններ, իսկ ֆիլմի դեմ՝ շատ ունեմ։ Նրա էթիկական դիրքորոշումն անթերի է, իսկ ահա ընտրված էսթետիկան արմատապես ճիշտ չէ։

Դուք նշում եք, որ հենց ինչ-որ մեկը զբաղվում է Ցեղասպանություն թեմայով, նրան  անպայման անհաջողություն է սպասվում։ Ի՞նչն է սրա պատճառը. թեմա՞ն, թե՞ ռեժիսորները։

Անպայմանն, իհարկե, չափազանցություն է։ Ուղղակի սա շատ վտանգավոր թեմա է, քանի որ խոսքը մի ամբողջ ազգի մեծ ողբերգության մասին է , որը գեղարվեստական ֆիլմում կարելի է ցույց տալ  միայն մետաֆորիկ ձեւով։ «Ուղղակի կինո»-ն ի վիճակի չէ ցույց տալ ողբերգության հենց ֆիզիկական մասշտաբը՝ որքան մարդ սպանվեց, ինչքան ընտանիք քայքայվեց։ Այդ պատճառով Փելեշյանի ֆիլմն ինձ համար  թեմայի ամենաադեկվատ արտացոլումն է. մի կողմից  այն վավերագրական ֆիլմ է՝ քրոնիկ կադրերով, մյուս կողմից՝ այն այնքան պոետիկ է։ Պարզապես միակ խնդիրն այն է, որ լայն լսարանը չի նայում վավերագրական ֆիլմ, իսկ նրանք, ովքեր հայերի Ցեղասպանության մասին չգիտեն, հնարավոր է նայեն Փելեշյանի ֆիլմը, սակայն  չհասկանան՝  ինչի մասին է այդ կինոնկարը։

Սկսել պետք է ամենասկզբից, ամենապարզ բացատրություններից՝ ինչ է տեղի ունեցել, երբ, ինչ պատճառներով,  ինչպիսին էին այդ ողբերգության մասշատաբները։ Դա այն տեղեկությունն է, որ մարդկանց մի ստվար զանգված չունի։
Աչքի անցկացնելով ֆիլմերից յուրաքանչյուրը՝ մենք կտեսնենք, որ ամեն անգամ ռեժիսորն ընկնում է այս կամ այն թակարդը։ Ֆաթիհ Աքինի պարագայում դա, նախ և առաջ, ժանրի ծուղակն է, այսինքն՝ այն ինչ-որ «կոստյումային մելոադրամա» է, որը բացառում է զանգվածային մասշտաբի  իրական, միանգամայն անմարդկային դաժանությունների ցուցադրման հնարավորությունը։

Այսինքն՝ ֆիլմում, այնուամենայնիվ, պետք է լինեն դաժան տեսարաններ։ Բայց ինչպե՞ս  հասկանալ և չանցնել թույլատրելի սահմանը։

Ոչ մի պարտադիր պայման չկա, ուղղակի մենք պետք է ցույց տանք, որ Ցեղասպանությունը նույնը չէ, ինչ ատելության կամ էթնիկ հողի վրա կատարված եզակի սպանությունը։ Հասկանալի է,  որ երբ ռեժիսորը սցենար է գրում, նա աշխատում է ստեղծել անձնական մոտիվներ, հորինել ճակատագիր ամեն մի հերոսի համար, որովհետև միայն այդպես կարելի է ստիպել հանդիսատեսին կարեկցել։ Բայց արդյունքում հանդիսատեսը կարեկցում է կոնկրետ կերպարին, և շատ դժվար է լինում ցույց տալ, որ իրականում խոսքը սպանդի մասին է, որը կատարվել է միայն այն պատճառով, որ մարդիկ հայեր էին, և ամենևին էլ կարևոր չէ՝ նրանք երեխանե՞ր էին, թե՞ կանայք, լա՞վն էին, թե՞ վատը, ի՞նչ մասնագիտություն ունեին։ Այս ամենը նշանակություն չուներ։ Իսկ կինոդրամատուրգիայում սա նշանակություն ունի. երբ մենք ընկնում ենք մանրամասնությունների գիրկը, մենք կորցնում ենք մասշտաբը, հետևաբար, պետք է գտնել համապատասխան լեզու, իսկ ամեն անգամ այն գտնելը շատ դժվար է: Հոլոքոստի դեպքում մի քանի ռեժիսորների հաջողվել է գտնել այդ լեզուն. Սթիվեն Սպիլբերգի համար («Շինդլերի ցուցակը» - հեղ.) դա հոլիվուդյան հեքիաթի լեզուն էր. մի մարդու պատմություն, ով ցինիկ բիզնեսմեն էր, սակայն առնչվելով ողբերգությանը` դարձավ  ուղղամիտ և փրկեց շատ մարդկանց։ Կամ, օրինակ, «Շոա» ֆիլմում` խուսափելով ցանկացած արխիվային կադրից՝ հեղինակը (Կլոդ Լանցման –Տ. Խ.), ցույց է տալիս մեր ժամանակակիցներին 1985-ին, ովքեր անցել են Հոլոքոստի միջով։ Նրանց մի մասը մարդասպաններ էին, մյուսները՝ ականատեսներ, երրորդները՝ փրկված զոհեր, ու նրանցից յուրաքանչյուրը պատմում է  իր պատմությունը։ Բայց այդ պատմություններն այնքան շատ են, որ վերածվում են հսկայական 9-ժամանոց ժապավենի, որն ինքնին խոսում է ողբերգության մասշտաբների մասին։ Ցեղասպանությունը պատկերող և ոչ մի ֆիլմում դեռևս  հայտնաբերված չէ այդպիսի  գլոբալ, համընդգրկուն այլաբերություն:

Կադր` «Արտույտների ագարակը» ֆիլմից

Ցեղասպանության մասին ֆիլմում շատ կարևոր է, որ հանդիսատեսը ոչ միայն կարեկցի կոնկրետ մարդու, այլ հասկանա ողբերգությունը։ Իսկ իչպե՞ս հասնել դրան։

Առաջին և ամենապարզ  գաղտնիքը գրավիչ և իրական պատմությունն է։ Երկրորդը՝ պետք է գտնել գեղարվեստական միջոց մասշտաբը ցույց տալու համար, այսինքն`այն, որ սա ոչ թե մեկի, այլ հարյուր հազարավորներից մեկի պատմությունն է։ Եվ երրորդն ու ամենակարևորը, քանի որ այդ պատմությունն  արդեն 100 տարվա վաղեմություն ունի, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ֆիլմը չլինի «կոստյումային պատմություն» մի ինչ-որ հեռացած աշխարհից, որ մենք զգանք կապը ներկայի միջև։ Սա ևս կարելի է անել ամենատարբեր միջոցներով։ Առանց սրա ֆիլմը հորինված և մեր օրերի հետ հետ կապ չունեցող պատմության կնմանվի։ Այսօր Թուրքիան դեռևս մնում է մի երկիր, որն, ըստ էության, հերքում է Ցեղասպանությունը։

Ռեժիսորի ազգային պատկանելությունը կարո՞ղ է ազդել ֆիլմի վրա։ Օրինակ` հայ ռեժիսորի ֆիլմը, հնարավոր է, չափազանց սուբյեկտիվ ստացվի։

Ազգային պատկանելությունը որևէ նշանակություն չունի։ Նշանակություն ունի միայն ճիշտ բեմադրած և ճիշտ լուծված գեղարվեստական խնդիրը։ Կարևոր է, որ մարդն ինքը վերապրի այդ իրավիճակն ու կարողանա դրա մասին համարժեքորեն պատմել։

Այսօր նույնիսկ պատմությունը լավ չիմացող մարդը տեղյակ է Հոլոքոստից։ Եվ կինոն դրանում մեծ դեր ունի։ Այս առումով այն շատ կարևոր գործառույթ է իրականացնում։

Կինոյից մարդիկ զվարճանք և ինչ-որ էմոցիաներ են ակնկալում և դրան զուգահեռ իմանում են այնպիսի բաներ, որոնց մասին նախկինում չգիտեին։ Վերջերս բեռլինյան փառատոնին «Մարգարտե կոճակ» ֆիլմը պարգևատրվեց լավագույն սցենարի համար։ Այն չափազանց հետաքրքիր ֆիլմ է, որը պատմում է Պատագոնիայի աբորիգենների մասին։ Ֆիլմն այնքան էլ հոյակապ չէ, պարզապես վավերագրական կադրեր են։ Ու կինոյի հենց այս ճանաչողական գործառույթը շատ կարևոր է։ Երկրորդ գործառույթը կարեկցանքն է։ Անհրաժեշտ է գտնել այնպիսի պատմություն կամ այնպիսի հերոսի, ում հանդիսատեսը կկարողանա կարեկցել։ Եվ, վերջապես, երրորդ` արվեստի համար ամենակարևոր գործառույթը ՝ գտնել այլաբերություն, ինչ-որ կապ հանդիսատեսի հուզական ապարատի և իրական դեպքերի  միջև որևէ համապարփակ կերպարի միջոցով։ Առանց այլաբերության կամ դրանց շարքի արվեստը չի կարող կայանալ։

Այսինքն՝ ֆիլմը կարող է փոխե՞լ մարդու գիտակցությունը:

Իհարկե , ես  միանգամայն  համոզված եմ, բայց  չեմ հավատում, որ կինոն կարող է փոխել իրականությունը, քանի որ այն բաղկացած է բազմաթիվ բարդ գործոններից, միլիոնավոր մարդկանցից, ովքեր ազդում են այդ իրականության վրա։ Բայց առանձին վերցրած մարդու գիտակցությունը այն, իհարկե, կարող է փոխել։ Ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ, իմ գիտակցությունն էլ մեծապես պայմանավորված է արվեստի այն գործերով, որոնք ես երբևէ կարդացել եմ կամ այս կամ այն  կերպ առնչվել եմ դրանց։

Մեկնաբանություններ (1)

ՃՈՅՏԱՏԵՐ
յա բա ինչի՞ չթողեցին Ճոյտի ֆիլմը ցույց տան, կարող ա նա լուծած լիներ այդ խնդիրը կինոյում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter