HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական օգնություն՝ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի անդամների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին բժշկական օգնության և սպասարկման հարցում աջակցելու նպատակով ձևավորել հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած բժշկական խումբը մարտի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ ականատես-վերապրողներին: 

Կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն:

Հետազոտությունների արդյունքների հիման վրա ականատես-վերապրողների բժշկական անձնագրեր կստեղծվեն: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական, իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների, խորհրդականների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Երևանում և մարզերում վերոնշյալ սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ շարունակական բժշկական օգնություն, կկազմակերպվեն մասնագետների համայցեր:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ականատեսներ-վերապրողների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռ 2014 թ.:

2015 թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող, 102-ամյա Սիլվարդ Ատաջյանի ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:

Սոցիալական պատասխանատվության բարձրացմանը միտված այս նախաձեռությունը շարունակական կլինի, և առաջիկայում կստեղծվի նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու հանձնաժողով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter