HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարող է խնդալիք լինի, բայց խրամատի մեջ իրար հետ կերած չոր հացով տուշոնկեն եմ կարոտում»

Հարմիկ Հովսեփյանն Արցախյան պատերազմի մասնակիցներից է: Պատերազմի մասին նրա հուշերը մի տեսակ կոկիկություն ունեն: Նա պատմում է անշտապ հերթականությամբ, դեմքին մեղմություն կա: Հյուրասենյակի դեղին լույսի տակ մենք սկսում ենք խոսել պատերազմից:

Իրանից՝ Գյուլիստան

Հարմիկը ծնվել և մեծացել է Իրանում: Արցախյան շարժման ժամանակ՝ 88-ին, ծառայում էր պարսկական զորքերում: Այդտեղ էլ մարտական ուսումնառություն ու գիտելիքներ էր ձեռք բերել: Սա հատկապես է շեշտում, որովհետև դրանից 2 տարի անց այդ գիտելիքները նա պետք է փոխնացեր Արցախյան պատերազմի մասնակից խմբերին: 1990 թ. Շահումյանի շրջանում սահմանային իրավիճակն սկսել էր լարվել: Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը՝ Շահեն Մեղրյանը, դա զգալով, օգնության դիմել էր մի քանի ուժերի, որոնցից, սակայն, մերժում էր ստացել: Այս մասին պատմում է Հարմիկը: Այնուհետ Մեղրյանը դիմել էր Դաշնակցությանը, որն էլ երկու խումբ էր ուղարկել, որոնք հետո բազավորվել էին Գյուլիստանում: Այդ խմբերից երկրորդում էր նաև զրուցակիցս:

1990-ի սեպտեմբերի երկրորդ կեսին Երևանից ուղղաթիռով գնացին Շահումյան: Ուղղաթիռի պատասխանատուն Թաթուլ Կրպեյանն էր: Հարմիկն ասում է, որ իրենք երկու նպատակ ունեին՝ մասնակցել գյուղերի ինքնապաշտպանությանը, և երկրորդ՝ տեղի ժողովրդին մարզել: Մարտական մարզումներն անում էին Գյուլիստանի անտառներում, և մասնակիցներին զենք էին տալիս երդվյալ դաշնակցական դառնալուց հետո: Իսկ այդպես վարվում էին, որպեսզի զենք կրողները պատասխանատու լինեին զենքի համար: Այսպես է բացատրում դաշնակցական զրուցակիցս, ով ՀՅԴ անդամ է 1982 թ.-ից:

Գյուլիստանի դպրոցում

«Մենք մնում էինք անտառների մեջ, քիչ շփում ունեինք գյուղացիների հետ, բայց երբ ձմեռը եկավ, Շահենի առաջարկով տեղափոխվեցինք գյուղ, քանի որ անտառում գտնվելը օդից նշմարելի էր, և երկրորդ՝ Շահենն ասաց, որ ժողովուրդը թող տեսնի մեզ, հասկանա, որ երկնքից իջած մարդիկ չենք, նույնը բանը, որ մենք ենք անում, իրենք էլ կարող են անել»,- ասում է Հարմիկը: Հետո շարունակում է, որ ամենալավ տեղը, որ կարող էին աշխատել, դպրոցն էր: Տղերքից երկուսը, որ թատերականի ուսանողներ էին, երեխաներին սկսեցին պարապել, ինքը՝ զինավարժություն էր դասավանդում, Սամվել Երանյանը՝ Սմբուլը, երգ-երաժշտություն: «Այդ փոքր երեխաները շատ մեծ դեր խաղացին հենց իրենց ներկայությամբ»,- նկատում է նա:

Այնուհետև՝ 1991-ի մարտին, վերադարձավ Իրան, քանի որ 6-ամսյա ժամկետը լրացել էր: Դրանից մոտ 10 ամիս անց Հարմիկը կնոջ հետ վերադարձավ Հայաստան, որտեղից էլ գնաց Արցախ: «Այդ ժամանակ որակական փոփոխություն կար պատերազմական գործողությունների, տղերքի գիտալիքների մեջ: Տղերքը երիտասարդ մանուկներից կերպարանափոխվել, տղամարդ էին դարձել, արդեն մարտական փորձառություն էին ձեռք բերել, վառոդի համն ու հոտը զգում էին»,- ասում է նա: Սկզբից Դաշնակցության վաշտ էր մտել, այնուհետև գնացել էր Մարտակերտի շրջան՝ դաշնակ Ռադիկի ջոկատ:

1992-ի ապրիլին մասնակցել է Կրկժանի բարձունքի՝ «Սատանի եղունգի» ազատագրմանը: «Բեկոր Աշոտի ուղղակի միջամտությամբ և մեր տղերքի հետ կարողացանք այդ բարձունքը հետ վերցնել: Եթե այն մնար ադրբեջանցիների ձեռքում, ապա շատ հանգիստ կարող էին իջնել Ստեփանակերտ: Ադրբեջանցիներին չհաջողվեց երկար պահել դա իրենց ձեռքում՝ առավելագույնը 20 րոպե, հետո մերոնք շատ արագ հետ վերցրեցին»,- հիշում է ազատամարտիկը: Դրանից հետո գնացել էր Մարտակերտի շրջան՝ Կարմիրավան, Քաջավան, Կուսապատ, Ծաղկաշեն, Ներքին Հոռաթաղ գյուղերում զբաղվում էր խմբերի մարզմամբ:

1992-ի մայիսին Մարտակերտն արդեն լուրջ վտանգի տակ էր: Իր գլխավոր գործը ոչ թե մարզչությունն էր, ասում է զրուցակիցս, այլ պատերազմին մասնակցելը: 92-ին հուլիսի 4-ին-ին Մարտակերտն ընկավ: Հայկական ուժերն այդ ընթացքում նահանջում էին: «Առաջաձոր չհասած՝ Ռադիկի տղերքից եկան, ասացին, որ քեզ փնտրող կա: Տեսա մեր Մակիչն էլ էր՝ Մկրտիչ Մկրտչյանը, ասացին՝ իրենց Ժիրար Սեֆիլյանն է ուղարկել, որ ինձ տանեն Դաշնակցության վաշտ: Այդ ժամանակ քանի որ կապ չկար, մտածում էին, թե կորած եմ»,- ասում է ազատամարտիկը: 92-ի հոկտեմբերին ոչ պաշտոնապես ձևավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը: «Անունը գումարտակ էր, բայց թվաքանակը քիչ էր: Գումարտակը պիտի լինի 300 հոգի, բայց պահ է եղել, որ 60 հոգի ենք եղել, երկու դիրք ենք պահել»,- նկատում է նա: Գումարտակում մի քանի բանակումների մարզիչ է եղել, բայց հիմնականում եղել է վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ:

«Մոնթեին ընդունեցին որպես հրաշք»

«Մենք լինեինք-չլինեինք, արցախցին հաղթելու էր, բայց ինչ-որ չափով մենք օժանդակել ենք նրանց: Մեր ներկայությունն էր գոտեպնդում ժողովրդին, արցախցին տեսնում էր, որ ինքը մենակ չէ, սփյուռքի այսինչ կամ այնինչ շրջանից եկել և կանգնել են իր կողքին»,- նշում է Հարմիկը: Քիչ անց անմիջապես ավելացնում է, որ եղել են սփյուռքահայեր, որոնց ներկայությունը ճակատագրական է եղել Արցախի համար, ինչպես Մոնթե Մելքոնյանի դեպքում: Նրան հաջողվել էր իր գիտելիքներով մի ամբողջ շրջան անվնաս պահել: Իհարկե, ասում է զրուցակիցս, այդ գիտելիքները համալրվեցին նաև տղերքի ներկայությամբ, որոնք, անկախ կուսակցական պատկանելիությունից, համախմբեցին Մոնթեի շուրջ: Սա պատմելիս ժպտում է, մի քանի վայրկյան դադարից հետո ավելացնում է. «Նրան ընդունեցին որպես հրաշք»:

Շուշիի առանձնակի գումարտակի հաջողությունների գաղտնիքը

Շուշիի առանձնակի գումարտակը ձևավորվել է ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ. զրուցակիցս համարում է, որ դա հաջողությունների առաջին գաղտնիքն է: Իսկ երկրորդ գաղտնիքն այն է, որ հրամանատարական կազմը սեղանի հետևից չէր ղեկավարում մարտը, միշտ լինում էր առաջնագծում՝ զինվորի կողքին: Զինվորի բանիմացությանն էին ուշադրություն դարձնում, մարտերին մեծամասնության մեջ փորձառուները ոչ թե 2-3 հոգի էին, այլ հակառակը՝ փորձառուներն էին մեծ մաս կազմում:

Հարմիկի ասելով՝ գուրմարտակը մի քանի ճակատագրական դեր է ունեցել Արցախյան պատերազմում: Դրանցից ամենակարևորը Կիչան-Սրխավենդի կռիվներն են եղել, երբ ադրբեջանցիներն արդեն իջնում էին Խաչենի հովիտ: Չնայած տղերքը 3 անգամ շրջափակման մեջ են ընկել, բայց թշնամու առաջխաղացումը կանխվել է Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի գլխավորությամբ: «Առաջին անգամ, երբ շրջափակման մեջ էին ընկել, Պետոն չթողեց դուրս գալ, ասաց, որ լավ են զգում, կարող են դիմակայել թշնամու հարձակումներին: Սամվել Բաբայանն էլ «սովեշանիի» ժամանակ ասաց՝ կամ կգնաք Պետոյին համոզեք, որ դուրս գա էդտեղից, կամ նոր դիրքեր կվերցնեք: Պետոյին չկարողացան համոզել, բայց կարողացան դիրքերը հետ վերցնել»,- ասում է Հարմիկը: Հետո նշում է, որ գումարտակը մեծ դեր է ունեցել Ֆիզուլիի, Քարվաճառի գործողություններին՝ 1994 թ.-ին:

«Սամվել Բաբայանն ասաց, որ Ֆիզուլիից գոնե փոքր թվաքանակով խումբ ուղարկենք Քարվաճառ, որ իրենց ներկայությամբ գետեպնդեն: 11 հոգի էինք ուղարկել: Գնալու առաջին օրը երեք հարձակում էր եղել, և երեքն էլ հետ էին շպրտվել: Պատկերացրեք՝ 11 հոգին մնացել են խրամատում: Մամիկոնն էր պատմում: Առաջին օրը ինքն ու Դավիթը Մանուկյանը հետախուզության էին գնացել, իջել էին ձորակը, ձախ թևի վրա տեսել շարք կանգնած ադրբեջանցիներին, որոնց հրամանատարն ինչ-որ բան էր բացատրում: Նրանք հարձակման էին պատրաստվում մեր դիրքերի վրա, և երկու հոգով ուղղակիորեն մարտի էին բռնվել: Ադրբեջանցիներն ավելի բարձր դիրքում էին, բայց մերոնք իրենց ներկայությամբ այնպես էին արել, որ խուճապ էր առաջացել նրանց մեջ: Տեխնիկակական հետախուզության տվյալներով՝ իրենց հրամանատարը ձեռքից վիրավորվել էր, և այդ գործողությունը ձախողվել էր»,- պատմում է զրուցակիցս:


Այնուհետև Պետոն Սամվել Բաբայանին էր դիմել՝ իրենց Ֆիզուլիից Քարվաճառ տեղափոխելու համար, ասել էր՝ ուզում ենք լուրջ գործ անել: «Այդպես էլ եղավ: Պետոն շատ լավ կողմնորոշվեց այդ ժամանակ: Ճակատի հրամանատարին՝ Վիտալի Բալասանյանին, համոզեց, որ Չիչաքլիի բարձունքի վրա, որ իշխող բարձունք էր և արդբեջանցիների ձեռքին էր, ուղղակի հարձակման չգնան, այլ շրջանցեն այն՝ դեպի թիկունք խորանալով, ապա թիկունքի գյուղերը ազատագրելով, բարձունքը գցեն շրջափակման մեջ: Քանի որ ցուրտ ձմեռ էր, ադրբեջանցիները կամ պիտի մնային սատկեին այնտեղ, կամ պիտի նահանջեին: Մինիմալ զոհերով, չնայած դա էլ մեծ թիվ էր մեզ համար, կարողացանք հետ վերցնել այդ շրջանը»,- նշում է Հարմիկը:

Իսկ 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառի գործողության ժամանակ մի զոհ ունեցան՝ Պետոն: Սա ասելուն պես նա լռում է: Հետո հիշում է, որ հունվարի 31-ին Պետոյի ծննդյան օրն էր, իրենք էլ Ֆիզուլիում էին այդ ժամանակ: Նույն օրը 3 զոհ ունեցանք: Ինքն ու տղերքից մեկը՝ Էդոն, ման էին եկել, շամպայն ու շոկոլադ գտել, որ ծնունդը նշեին: Պետոն հրաժարվել էր՝ ասելով, տղերք, 3 զոհ ունենք, ձեռս չի գնա:

«94-ի փետրվարին մեր գումարտակի հիմնական ուղնուծուծից ենք զոհեր տվել՝ Հրաչը, Մուրադը, Պետոն…»,- ասում է զրուցակիցս: Հետո խոսում ենք Պետոյի զոհվելու մասին: Պետոն շտապօգնության մեքենա էր կանչել, որ ականապատ դաշտում ընկած վիրավոր զինվորին օգնեն, բայց մեքենայի վարորդը չէր համաձայնել ականապատ տարածք մտնել:  Պետոն ինքն էր նստել ղեկին: «Ասաց՝ մի անգամ պայթել եմ «մինայի» վրա, բան չեմ եղել: Նույնիսկ փորձում էին համոզել, որ մեծ մեքենա վերցնի, «զադնի» տալով գնա, որ պայթելիս «կուզովը» պայթի, բայց ասել էր՝ ժամանակ չունենք, էն տղեն արյունաքամ է լինում: Մեքենան նստելուց հետո պայթեց «մինայի» վրա»,- պատմում է Հարմիկը: Իսկ վիրավոր տղային հաջողվեց փրկվել, հետագայում նա իր որդուն անվանեց Պետո՝ ի հիշատակ Պետրոս Ղևոնդյանի:

Կյանքը՝ պատերազմից 21 տարի անց

«Ես հիշում եմ՝ 91 թվին արցախցու ձեռքին կար ժանգոտած ավտոմատ, գոտի չուներ, թոկով էր հարմարեցրել, ճղրտված կոշիկներով, մարզական հագուստով դուրս էր գալիս մինչև ատամները զինված հառակորդի դեմ: Եթե որակը չխոսեր, առյուծի սիրտը, հաղթանակի բերկրանքը չխոսեր, չէր հաղթի»,- ասում է զրուցակիցս: Հարմիկը հրադադարի մասին լուրը լսել է Մարտակերտում: Այդ ժամանակ իրենց թվում էր, թե հրադադարը կարճ կլինի, ու չնայած այն շարունակվում է մինչ օրս, այն, ինչ հիմա կատարվում է սահմանին, վկայում է խաղաղության բացակայության մասին: «Եթե մեր 18-19 տարեկան երիտասարդները կարողանում են Թուրքիայի մարզված վարձկանների ու զինվորականների դիմաց կանգնել, նշանակում է, որ մենք որակը պահում ենք: Եվ ես չեմ կասկածում մեր հաղթանակին»,- ասում է նա:

Հարմիկը հիմա զբաղվում է թարգմանչական աշխատանքով, դրան զուգահեռ, ինչպես ինքն է ասում, նախկին փեշակն է պահել՝ մարզչությամբ է զբաղվում: Երբ հարցնում եմ, թե պատերազմից 21 տարի անց պատերազմի մասին խոսելիս ինչ է զգում, պատասխանում է. «Կարոտ… Կարոտ: Տղերքի հետ երբ նստում ենք, միշտ հիշում ենք այդ ժամանակաշրջանը, թեկուզ շատ դժվար պահեր էին, բայց տղերքի մեջ կար միահամուռություն, որովհետև պարզ էր՝ թշնամիդ ով է, իսկ հիմա ամեն ինչ խառնվել է»: «Ու ի՞նչն եք ամենաշատը կարոտում»,- նորից հարց եմ տալիս:

«Կարող է խնդալիք լինի, բայց խրամատի մեջ իրար հետ կերած չոր հացով տուշոնկեն եմ կարոտում, մանավանդ որ մեկ-մեկ գնդակ էր պայթում կամ գնդակ էր ֆսֆսում, կարծես, աղն էր այդ ամենի ինչի»,- ժպտում է ազատամարտիկը: Քիչ անց վերցնում է սեղանին դրված թխվածքաբլիթներից մեկը: Հպանցիկ փորձում եմ նայել նրա դեմքին: Աչքերում նուրբ կարմիր բծեր են հավաքվել, որոնք ժպիտից, կարծես, ձգվում են: Թխվածքաբլիթ վերցնելու կտրուկ շարժումն էլ պատահական չէր: Հարմիկը փորձում էր թաքցնել հուզմունքը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի եւ ազատամարտիկների անձնական արխիվներից