HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մարտի 17-26-ը փորձնական մարդահամար կանցկացվի

Մարտի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարությունը: 

Կարևորելով մարդահամարի անցկացման նշանակությունը՝ Ա. Աղաբեկյանը հորդորել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել համապետական միջոցառմանը այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Մինչև հիմնական մարդահամարի կազմակերպումը հոկտեմբերին, հանրապետությունում մարտի 17-26-ը կանցկացվի փորձնական մարդահամար՝ հիմնական մարդահամարի մեթոդաբանության, կազմակերպական աշխատանքների, նյութերի  մշակման ծրագրերի և տեխնոլոգիական գործընթացների փորձարկման նպատակով:

Նիստում հանձնաժողովի հաստատմանն էր դրված փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծրագիրը: Այն հանձնաժողովի  անդամներին է ներկայացրել ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Նա իր խոսքում նշել է, որ ծրագրի նախապատրաստական փուլն ավարտված է, և մարտի 17-ից  սկսվելու է երկրորդ փուլը: Փորձնական մարդահամարն անցկացվելու է Ստեփանակերտում, Մարտակերտի և Հադրութի շրջանների Հաթերք և Տող համայնքներում՝ ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան 1 տոկոսը:

ԱՎԾ նախագահի՝ մարդահամարի գծով տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը զեկուցել է, որ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են ԼՂՀ քարտեզները՝ բնակավայրերի անվանումներով, քաղաքների քարտեզները՝ փողոցների անվանումներով և շենքերի համարներով, ինչպես նաև գյուղերի սխեմատիկ հատակագծերը: Արթուր Աղաբեկյանը հանձնարարել է կադաստրի պետական կոմիտեի նախագահին համագործակցել մարդահամարի անցկացման վարչության հետ՝ անհրաժեշտ ժամկետներում համապատասխան նյութերը ԱՎԾ-ին տրամադրելու համար:

Փոխվարչապետը տվել է միջոցառման մասին բնակչությանը պատշաճ կերպով իրազեկելու և կազմակերպչական այլ հարցերով մի շարք հանձնարարականներ ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter