HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանապահները

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը Երեւանից հեռու է մոտ երկու հարյուր կիլոմետր։

Բնակավայրը ձորակի մեջ է եւ վերեւից նայողին ափսե է հիշեցնում։ Ափսեանման դիրքն էլ հնարավորություն է տալիս հարեւան ադրբեջանցիներին ամբողջությամբ վերահսկելու գյուղը եւ նրա հողատարածքները, որոնք արդեն տասնհինգ տարի անօգտագործելի են։

«Ով գալիս ա, զարմանում ա, թե ոնց ենք մնացել ստեղ»,- ասում է գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը։ Գյուղի 440 հեկտար սեփականաշնորհված հողերն ականապատված են եւ գտնվում են հակառակորդի նշանառուների տեսադաշտում։ «Մարդիկ ապրում են իրենց տնամերձերից ստացված բերքով, մի քանիսն անասուն են պահում, իսկ հիմնականում օգնություն են ստանում դրսերում աշխատող հարազատներից»,- ավելացնում է գյուղապետը։

1990-ին Բարեկամավանն ունեցել է 890 բնակիչ, հիմա մնացել են 340-ը՝ հիմնականում տարեց մարդիկ։ «Բնակչության մոտ ութսուն տոկոսը թոշակառուներ են»,- ասում է Հովիկ Ղարաքեշիշյանն ու ցույց տալիս դպրոցի հսկա շենքը։ «Այստեղ 80-ականներին 300 աշակերտ էր սովորում, հիմա մնացել են 45-ը։ Որ լավ պատկերացնեք, ասեմ, որ Ռուսաստանի Բոլգորոդի մարզի գյուղերից մեկում վաթսունհինգ բարեկամավանցի աշակերտ կա»։

Տարիքն առած մարդիկ հերթով հեռանում են այս աշխարհից։ Տասնչորս մարդ է մահացել անցած տարի, բայց եղել է յոթ ծնունդ։ Նրանցից մեկն այս փոքրիկն է՝ յոթ ամսական Դիանան, ով զարմացած հայացքով նայում է լուսանկարչական խցիկին։ Նա 39-ամյա Ջոնիկ Միքայելյանի երրորդ երեխան է։ Նրա քույրը՝ Լիանան, եւ եղբայրը՝ Միքայելը, արդեն մեծ են, դպրոցում են սովորում։

1989-ին՝ խորհրդային բանակից զորացրվելուց հետո, Ջոնիկը վերադարձել է հայրենի գյուղ, որն արդեն հակամարտության մեջ էր։ Առաջին օրվանից մինչեւ պատերազմի ավարտը եղել է դիրքերում, պաշտպանել է գյուղը, որից հեռու իր կյանքը չի պատկերացնում։ Եղբայրն ու քույրերը վաղուց Ռուսաստան են տեղափոխվել, իսկ ինքը շարունակում է ապրել Բարեկամավանում, որտեղ երեք հեկտար սեփական հող ունի, բայց չի կարողանում բերք ստանալ։

«Եթե երեք հեկտարը վարեի ու ցանեի, տասը տոննա հացահատիկ կստանայի, իսկ եթե դրանով էլ խոզ պահեի, էդ տասը տոննայի արժեքը բազմապատկիր երկուսով»,- բացատրում է Ջոնիկը։

Մոտ մեկուկես տասնամյակ այս վիճակում լինելով` Ջոնիկի մտքով էլ չի անցել հեռանալ, բայց կառավարության վերջին որոշումը նրան ստիպում է լրջորեն մտահոգվել երեխաների կրթության համար։ Բանն այն է, որ աշակերտների բավարար քանակ չապահովելու պատճառով գյուղի դպրոցը կոմպլեկտավորել են, այսինքն՝ պակասեցրել են ուսուցիչներին, իսկ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դասարանները միացրել են իրար։ Այսինքն՝ առաջին եւ երկրորդ, երրորդ եւ չորրորդ դասարանցիները սովորում են մեկ դասաժամի ընթացքում։ Ուսուցիչը քսաներկուսուկես րոպե պարապում է, ասենք, երրորդ դասարանցիների հետ, մնացած մասը՝ չորրորդցիների։

«Էրեխեքը որ դպրոցից տուն են գալիս,- ասում է Ջոնիկը,- գլուխների մեջ խառնաշփոթ է լինում։ Չեն իմանում` երրորդի՞ համար ասածը հիշեն ու յուրացնեն, թե՞՝ չորրորդինը»։ Այսպես, Ջոնիկի կարծիքով, երեխաները չեն կարող որակյալ կրթություն ստանալ, մինչդեռ նրանք մեղավոր չեն, որ ծնվել են այստեղ եւ այս ժամանակահատվածում։

Բարեկամավանի երեք հարյուր բնակչից քսանն է աշխատում եւ վարձատրվում պետական բյուջեից՝ դպրոցի տասնհինգ ուսուցիչները, գյուղապետարանի երեք աշխատակիցները, բուժկետի վարիչը, մեկն էլ փոստում է աշխատում։ Մյուսներն անգործ են։ Ջոնիկը նույնպես գործազուրկ է։ 1991-95 թվականներին պայմանագրային ծառայող է եղել բանակում։ Հետո պայմանագրային ծառայությունը վերացրել են։ Գյուղական համայնքի ավագանու անդամ էլ է եղել, բայց ինքնակամ հրաժարվել է։ Ասում է՝ ինչ ուզում, էն էլ անում էին, դրա համար էլ հեռացա։

Հող չկա, աշխատանք չկա, հետաքրքրություն չկա։ Այսպես շարունակվելու դեպքում, Ջոնիկի կարծիքով, գյուղը տասնհինգ տարի հետո կվերանա։

«Ուրեմն վերականգնելու հույս չկա՞»,- հարցնում եմ։ «Հույս կա, ամեն ինչի էլ հույս կա,- ասում է նա,- բայց հույսն էն ա, որ մտածող լինի։ Որ հողն ազատ լիներ, ոչ մեկին էլ չէինք նայի, կմշակեինք ու կապրեինք, բայց որ չկա, գոնե մի արտադրամաս, փոքրիկ գործարան սարքեին էստեղ»։

«Ռիսկի հարց է,- ասում եմ,- գործարարը ռիսկի չի գնա, իր փողերը բերի-դնի կրակի տակ»։ «Գործարարը չի գնում, թող կառավարությունը մի բան մտածի,-ասում է։- Որ հիմի բոլորով վեր կենանք ու գնանք էստեղից, էն զինվորն ո՞ւմ համար է կանգնելու դիրքերում»։

«Շուկայական հարաբերությունների պայմաններում տրամաբանական չէ, որ կառավարությունն արտադրություն ստեղծի»,- ասում եմ։ «Գիտեմ, որ տրամաբանական չէ, բայց սահմանապահ գյուղում ապրողին կարող էին, չէ,՞ ինչ-ինչ արտոնություններ տալ։ Նույնիսկ ականապատված, չօգտագործվող հողերի համար փոխհատուցում չեն տալիս»,- ասում է Ջոնիկ Միքայելյանը։

«Գուցե լավ չեք պահանջում»,- մտքումս հարցնում եմ ու, նայելով Ջոնիկի երեխաներին, հասկանում չհնչած հարցի անհեթեթությունը։

Մտքով տեղափոխվում եմ Երեւան, որտեղ օրվա բոլոր ժամերին փողոցները խցանված են արտասահմանյան շքեղ մեքենաներով, որտեղ էլիտար շինարարությունը չափ ու ծավալ չունի, որտեղ աշխարհի հանրահայտ ֆիրմաների խանութները հաճախորդի պակաս չունեն։ Կրկին վերադառնում եմ Բարեկամավան ու զգում, որ, մտքերով տարված, չեմ հասցրել գրառել Ջոնիկ Միքայելյանի վերջին խոսքը. «Մենք անհնար պահանջներ չենք դնում։ Ինչ որ ուզում ենք, գիտենք, որ իրականացող է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter