HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արագածոտնի մարզի Տեղեր գյուղը ղեկավարվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից

Բարձրադիր լեռան լանջին փռված Տեղեր գյուղը նկատելի է դառնում միայն ոլորապտույտ ճանապարհի վերջին շրջադարձը հաղթահարելուց հետո: Տեղերի կամ Դղերի վեհաշուք եկեղեցին, որը գտնվում է գյուղի սկզբնամասում, միանգամից իր վրա է սեւեռում այցելուների հայացքը՝ ստվերում թողնելով Տեղեր բնակավայրը: Գյուղի անսովոր լռությունն ավելի ուշ ես նկատում, այն ժամանակ, երբ լիովին վայելել ես վեհաշուք եկեղեցու գեղեցկությունը, հաղորդակցվել Բարձրյալի հետ եւ նոր բան տեսնելու ցանկություն ունես:

Օրվա երկրորդ կեսն էր, ծովի մակերեւույթից 1700 մ բարձրություն ունեցող գյուղում բավականին սառը եղանակ էր, սակայն տներից ոչ մեկի երդիկից ծուխ չէր նշմարվում: «Աթա՞րն են խնայում, թե՞ կեսօրվա արեւի ջերմությանն են ապավինում»,- մտածում եմ գյուղի փողոցներում շրջելով: Որեւէ մեկին հանդիպելու հույսս գնալով մարում է, չնայած բոլոր փողոցներում նորակառույց առանձնատներն ավելի շատ են, քան հողաշեն, կիսաքանդ տները, սակայն բոլորի դարպասներին էլ մեծ փականներ են կախված:

Տեղեր գյուղի բնակիչները տեղահանվել են անցյալ դարի 60-ական թվականներին, երբ պետականորեն բարձր լեռնային գյուղերի բնակիչներին հարթավայրերում վերաբնակեցնելու ծրագիր էր իրականացվում: Տեղերի բնակիչների մեծ մասը մշտական բնակություն է հաստատել Պռոշյան գյուղում, մի մասն էլ՝ Էջմիածնում եւ այլ բնակավայրերում: Գյուղը կարճատեւ զարթոնք է ունեցել 1989-ին, երբ տեղերցիներից շատերը վերադարձել են ու կյանք տվել հայրական լքված տներին, մասնակից դարձել հողի սեփականաշնորհմանը, սակայն կարճ ժամանակ հետո կրկին լքել են գյուղը:

Տեղերը դպրոց չի ունեցել, եւ վերջին տարիներին գյուղի դպրոցահասակները հարեւան Օրգով գյուղի դպրոցն են հաճախել, սակայն փոքրաթիվ համառների թիվը գնալով նվազել է: Վերջին ընտանիքը, որը դպրոցահասակ երեխաներ է ունեցել, գյուղից հեռացել է երկու տարի առաջ: Տեղերում ամռանն է ակտիվություն նկատվում՝ ի հաշիվ հանգստացողների ու ուխտավորների: Գյուղը գրավիչ է իր բնությամբ, հայտնի է եղել շրջակայքում աճող դեղաբույսերով, եւ թերեւս այդ հանգամանքն է դյութել ոչ միայն պաշտոնյաներից շատերին, այլեւ որոշ սփյուռքահայերի, որոնք գեղեցիկ առանձնատներ են կառուցել գյուղում: Խոսվում է, որ Տեղերում տուն է գնել անգամ մի սեւամորթ, սակայն սակավամարդ գյուղի մշտաբնակներին անգամ դեռեւս չի հաջողվել տեսնել նրան:

Տեղեր գյուղի բնակչության թվաքանակի մասին դժվար է ստույգ տեղեկություն ստանալ, տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են հիշատակվում, իսկ Արագածոտնի մարզպետարանի կայքէջի կեսէջանոց տեքստում մի քանի թիվ է հիշատակվում` 90 բնակիչ, 262 բնակիչ, 117 տնտեսություն եւ այլն: Այս տեքստը, հավանաբար, անցյալ դարի 60-ականների արտատպությունն է, որից հետո, բնակչության տեղահանմամբ պայմանավորված, գյուղի կենսագրությունն անշրջելիորեն փոխվել է, սակայն գրառում կատարողները պաշտոնական կայքերում շարունակում են տարածել այն՝ առանց խմբագրելու:

Գյուղը 1837թ. ունեցել է 35, 1873թ.` 364, 1926թ.` 408, 1939թ.` 655, 1959թ.` 554 բնակիչ ···: Գյուղն ունի առկա 117տնտեսություն: Ունի բուժկետ, կապի հանգույց, դպրոց:

Ենթադրում ենք, որ բնակչության թվաքանակի հարցում ամենաիրազեկը Տեղերի համայնքապետն է: Ըստ համայնքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանի՝ Տեղերն ունի 220 բնակիչ, 178 ընտրող եւ մշտական բնակվող 7 ընտանիք: «Տեղացիները սեզոնային են բնակվում, ուշ աշնանն իջնում են, մայիսին՝ վերադառնում, հիմնական բնակիչները 7 ընտանիք են»,- ասում է Տեղեր համայնքի ղեկավարը: Մշտական բնակվողներն ուղղում են համայնքի ղեկավարին` 6 ընտանիք, հիմնականում տարեց ամուսիններ են եւ մեկ ֆերմեր:

Համայնքապետին հանդիպելու մեր նախորդ փորձերն ապարդյուն էին եղել, որովհետեւ Գառնիկ Հովհաննիսյանի մշտական բնակության վայրը նույնպես Պռոշյան գյուղն է: Զարմանալի չէ եւ իմաստ էլ չունի 28 կմ հեռավորությունից ամեն օր Տեղեր հասնել, այն էլ տարվա այս եղանակին, այն էլ` 12 բնակչի համար: Ինձ միայն երրորդ այցիս ժամանակ հաջողվեց գյուղում հանդիպել Գ· Հովհաննիսյանին, եւ պատճառն այն էր, որ այդ օրը՝ մարտի 15-ին, համայնքի ղեկավարի ընտրություն էր, եւ գործող համայնքապետը միակ թեկնածուն էր:

Հետաքրքիր էր, թե այդ գյուղում հաշվառված 178 ընտրողները 28 կմ եւ ավելի հեռավորությունից կներկայանայի՞ն ընտրության: Անհասկանալի է 12 բնակիչ ունեցող գյուղում ընտրություններ կազմակերպելը: Առավել անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղը ղեկավարեն Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բնակվող համայնքի ղեկավարն իր երեք հոգանոց աշխատակազմով եւ հինգ հոգանոց ավագանիով: Երիցս անհասկանալի է կանոնավոր տեղական ինքնակառավարման ընտրություններ կազմակերպելը մի գյուղում, որն ամառանոց է, հանգստավայր, արոտատեղի, բայց ոչ` համայնք:

Սակայն գոյություն չունեցող համայնքը ղեկավարելու համար Կառավարությունն ամեն տարի պետական բյուջեից 3,5 մլն դրամ դոտացիա է տրամադրում տեղական իշխանությանը: Եւս 1,5 մլն դրամ սեփական եկամուտներ են հաշվարկված այս գյուղում, որը տեղական իշխանությունը պետք է հավաքագրի հողերի վարձակալությունից, հողի հարկից եւ մեքենաների գույքահարկից: Համայնքապետարանը, Գ. Հովհաննիսյանի ասելով, կարող էր 5 հաստիք ունենալ, բայց 3 հաստիք են պահում՝ համայնքի ղեկավար, աշխատակազմի քարտուղար եւ հաշվապահ:

Ավագանու կազմը համալրելու հարցում համայնքի ղեկավարը խնայողությունների չի գնացել, քանի որ այն վճարվող աշխատանք չէ: Ավագանին 5 անդամից է կազմված, նրանցից 3-ը Տեղերում միայնակ են հաշվառված, իսկ մեկը՝ Ավետիս Մանվելի Հովսեփյանը, հաշվառված է Պռոշյան գյուղում:

«Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է. «Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են համայնքի անդամների կողմից: Համայնքի անդամ է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը մշտապես բնակվում է տվյալ համայնքում կամ վերջին երեք տարում անընդմեջ ընդգրկված է համայնքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ մուծողների ցուցակում»:

Այսպիսով, Տեղեր գյուղի տեղական իշխանությունը` կազմված երեք հոգանոց վարչական աշխատակազմից եւ 5 հոգանոց ավագանուց, ղեկավարում է գյուղի 12 բնակիչներին:

Այս դեպքում, իհարկե, ամենապարզունակ բացատրությունն այն կլինի, եթե ասենք, որ կառավարությունը երեք հոգանոց աշխատակազմ է պահում գյուղում եւ պետական բյուջեից 3,5 մլն դրամ վճարում` 1,5 մլն դրամը հավաքելու համար: Սակայն, եթե 220 բնակիչ եւ 178 ընտրող են հաշվառում թղթի վրա եւ բավականին ծախսեր կատարում գյուղում ընտրություններ բեմականացնելու համար, ուրեմն ինչ-որ մեկը շահագրգիռ է այս կոռուպցիան օրինականացնելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter