HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Նկարների վաճառքը եւ արտահանումը

Մի քանի տարի շարունակ Երեւանում գործում էր ընդամենը մեկ մասնավոր ցուցասրահ-գալերեա` «Արամեն»: 1990-ականների կեսերից սկսեցին բացվել մասնավոր ցուցասրահներ, որոնց նպատակն էր ցուցադրել նկարիչների բնօրինակ աշխատանքները եւ կազմակերպել դրանց վաճառքը` որոշակի մասնագիտական խորհրդատվությամբ եւ ցուցումներով:

Ցուցասրահ-խանութները միջոց են գնորդի համար` ստանալու համապատասխան տեղեկատվություն նկարչի ու նրա աշխատանքի մասին: Վերջին տարվա ընթացքում Երեւանում բացվեց երկու պատկերասրահ, որն իրականում արվեստի շուկայում աշխուժություն բերելու հույսեր առաջացրեց:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ նկարի գնորդը կողմնորոշվելու համար փաստացի չունի ոչ մի հիմք, չգիտի ստեղծագործության ծագման իսկության՝ նրա գեղարվեստական առանձնահատկությունների մասին, ինչը, վերջիվերջո, ենթադրում է, որ անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական փորձաքննություն, որի մասնագետներն էլ շատ չեն Հայաստանում:

Այս տարվա հունիսին մամուլում վիճակագրական տվյալներ հրապարակվեցին, համաձայն որոնց` Հայաստանը 2010 թ. ներմուծել է մոտ 1 մլն դոլարի ձեռքով արված նկար: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ արտաքին առեւտուրը 2010 թվականին» հրապարակման մեջ:

Ըստ այդմ` 2010 թ. Հայաստան են ներմուծվել 558 հատ ձեռքով արված կտավ` 900 հազ. դոլար արժողությամբ, եւ 2.2 տոննայի չափով փոքր նկարներ` 45 հազ. դոլար արժողությամբ: Հայ նկարիչների արտահանած` ձեռքով արված նկարների ընդհանուր արժողությունը 20 հազ. դոլար է: Հատկանշական է, որ մեծ թիվ են կազմում փոքր չափերի նկարները. դրանք մաքսային ձեւակերպում են ստանում քաշով, այլ ոչ թե հատով, թերեւս այդ պատճառով հայ նկարիչները արտասահմանցիներին վաճառում են հիմնականում փոքր նկարներ:

Վերոհիշյալ հրապարակման Արտահանման-ներմուծման «Արվեստի ստեղծագործություններ» բաժնում Հայաստանը գրեթե բոլոր ենթաբաժիններով ունի բացասական մնացորդ: Գործարքների 90 տոկոսը վերաբերում է նկարներին: Այսպես, արտահանվել է 40 հազ. դոլարի քանդակ, ներմուծվել` 205 հազ. դոլարի:

Եթե ցանկանանք պարզել, թե ինչ գներով են օտար երկրներում վաճառվում արտահանված նկարները, գոյություն ունեն տվյալների բազմաթիվ բազաներ, որոնք ներկայացնում են արվեստի գործերի արժեքները: Այս բազաները արտասահմանյան են եւ ունեն տարբեր սահմանափակումներ՝ տեղեկատվություն տրամադրելու առումով: Օրինակ` կարող են պարտադիր գրանցում պահանջել, որից հետո դուք ստանում եք երկու տեսակի մուտքի հնարավորություն` վճարովի եւ անվճար:

Ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում, տվյալների որոշ բազաներ դառնում են վճարովի, որոշները, հակառակը՝ անվճար: Բազաները կազմված են տարբեր ժամանակաշրջաններում աճուրդի տների կազմակերպած աճուրդների արդյունքների հիման վրա եւ չեն ներառում գալերեաների միջոցով վաճառքի տվյալները:

Բնականաբար, յուրաքանչյուր աճուրդի տուն ունի տվյալների իր բազան, որն ունի մի քանի առանձնահատկություն: Մասնավորապես, բաց են առաջիկա աճուրդների վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Սակայն, երբեմն նախկին վաճառքների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է իմանալ ձեզ հետաքրքրող լոտի համարը եւ աճուրդի ամսաթիվը, միայն այդ դեպքում կարող եք իմանալ աշխատանքի գինը: Սակայն աճուրդի որոշ տներ իրենց տվյալներն անվճար տրամադրում են միայն գրանցված օգտվողներին:

Հայաստանից արվեստի գործերի վաճառքի վերաբերյալ տվյալների ընդհանուր բազա գոյություն չունի: Բացի դրանից` չկան առանձին բազաներ՝ արտերկրում հայ նկարիչների աշխատանքների վաճառքի վերաբերյալ: Այդ տեղեկությունները ձեռք բերելու համար անհրաժեշտ է օգտագործել աճուրդների արեւմտյան աղբյուրները:

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Անդրանիկ
Առաջարկում եմ նկար գորգի տեսքով, ամբողջը ձեռքի աշխատանք է։ նկարը պատրաստված է հայաստանի բնական քարերի մանր փշուրներից, նկարի չափերը 1մ.x 1.50մ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter