Հայկական խեցգետնի պահանջարկը Ռուսաստանում աճել է, Եվրոպայում` նվազել
Սեդա Հերգնյան
Ինչպես 2013-ին, այնպես էլ՝ 2014-ին, Հայաստանից արտահանված խեցգետնի մեծ մասը բաժին է հասել Ռուսաստանին:
Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության տրամադրած տվյալներով նախորդ տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան 4,37 հազ. տոննա եփած և կենդանի խեցգետին, որից ավելի քան 3,98 հազ. տոննան՝ դեպի Ռուսաստան: Ընդհանուր ցուցանիշը 2013-ի համեմատ գրեթե չի փոխվել, իսկ 2012-ի համեմատ 2 անգամ աճել է՝ ի հաշիվ Ռուսաստան արտահանման:
Վերջին երկու տարիներին հայկական խեցգետնի պահանջարկի աճը Ռուսաստանում պայմանավորված է այդ երկրում կենդանի խեցգետնի նկատմամբ պահանջարկի աճով, քանի որ ռուսներն այն համարում են սիրված ծովամթերք:
Բացի այդ, Հայաստանից ծովամթերքի բեռնափոխադրումը կատարվում է մեծամասամբ ինքնաթիռով, քանի որ բեռնատար մեքենաներով տեղափոխելը լրացուցիչ ծախսեր և դժվարություններ է առաջացնում. երկար ճանապարհի դեպքում տեղափոխվող խեցգետինը կորցնում է իր որակական հատկությունները: Հետևաբար՝ հայ արտադրողի համար ավելի քիչ ժամանակատար և մատչելի է խեցգետնի արտահանումը Ռուսաստան, քան Եվրոպա:
Համեմատության համար նշենք, որ 2012-ին Հայաստանից արտահանված խեցգետնի մոտ 70%-ն էր բաժին ընկնում Ռուսաստանին, 2013-ին այդ ցուցանիշն աճեց մոտ 89%-ի, իսկ 2014-ին՝ 91%-ի: Այս աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հայկական 4 ընկերությունների դեռևս 2012-ի կեսերից արգելված էր ծովամթերք արտահանել Ռուսաստան, իսկ մեկ տարի հետո այդ արգելքը հանվել է: 2014-ի կեսերից և տարեվերջից ևս մի քանի ընկերությունների համար արգելք սահմանվեց, բայց դա չի ազդել կամ քիչ ազդեցություն է ունեցել 2014-ի ցուցանիշի վրա: Այն կարող է ազդել 2015-ի ցուցանիշի վրա:
Փաստորեն հայկական խեցգետնի արտահանումն այս պահին մեծ կախվածություն ունի ռուսական շուկայից, ինչը, որոշ տնտեսագետների մեկնաբանմամբ, մեծ ռիսկայնություն է պարունակում: Այսինքն՝ հայկական խեցգետնի նկատմամբ Ռուսաստանում ցանկացած արգելք կամ խոչընդոտ կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել այս բիզնեսով զբաղվող հայ տնտեսվարողներին: Խոսքը ոչ միայն խեցգետնի, այլև՝ ձկնամթերքի մասին է: Ապացույցներից մեկն այն է, որ վերջին արգելքներից հետո 6 ձկնարտադրողներից 1-ը փակվեց, իսկ մյուսները դեռ շարունակում են ձկնարտադրողությունը, սակայն, ապրանքը սպառվում է Հայաստանում:
Այդ կախվածությունն էլ ավելի է մեծացել, երբ անդամագրվել ենք Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ռուսաստան-Եվրոպա հակադարձ տնտեսական պատժամիջոցների ֆոնին ուղղակիորեն տուժում է նաև Հայաստանը, որը ԵԱՏՄ-ի կազմում ընդունում է այն կանոններն ու դիրքորոշումը, որն ունի Ռուսաստանը:
Ըստ «Հայ ձկնարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանի՝ մի կողմից ԵԱՏՄ-ն նոր դռներ է բացել ծովամթերքի, այդ թվում՝ խեցգետնի արտահանման համար. այս ոլորտի բիզնեսմենները ոչ թե արտահանմամբ են զբաղվելու, այլ՝ տեղափոխմամբ: Եթե նախկինում խեցգետինն արտահանվել է, օրինակ, 3.5 դոլար/կգ մաքսային արժեքով, ապա այս դեպքում մաքս չի լինելու: Ըստ Ա. Աթոյանի՝ դա նույնն է, ինչ նույն երկրի մի տեղից մյուս տեղն ապրանք տեղափոխելը: Մյուս կողմից էլ՝ անդամակցությունը փոխել է սննդի վերահսկողության կանոնները: Հենց խստացված կանոններն էլ ստիպում են առավել լրջորեն վերաբերվել արտադրվող ձկան որակին:
Ձկնամթերքի տեղափոխման թույլտվություն ստանալու համար հայաստանյան կազմակերպությունների արտադրությունը պետք է նորովի համապատասխանեցվի ԵԱՏՄ կանոններին:
Իսկ «Ձկնաբույծների միավորում ասոցիացիայի» նախագահ Արմեն Բունիաթյանն էլ հայտարարել է, որ ՌԴ-ն արդեն խոչընդոտներ է ստեղծում այս հարցում: Խոսքը արհեստական խոչընդոտների մասին է, որոնք ստեղծում են Ռուսաստանում սննդի անվտանգության հարցերով զբաղվող կառույցները: Դա ընդհանուր ծովամթերքի մասին է: Ըստ Բունիաթյանի՝ Հայաստանում այն լաբորատո փորձաքննություն է անցնում, ամեն ինչ մաքուր է դուրս գալիս, իսկ ՌԴ-ում հանկարծ պարզվում է, որ աղիքային ցուպիկ կա:
Արտահանման հետ կապված խնդիրների մասին տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեցին նաև «Գոս» ՓԲԸ-ից, որը ևս զբաղվում է խեցգետնի, ձկնամթերքի արտադրությամբ և արտահանմամբ: Այսօր, սակայն, «Գոս»-ի համար կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելը ժամանակավորապես արգելված է: Ընկերության տնօրեն Կարեն Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայում իրենք խեցգետին ժամանակավորապես չեն արտադրում, քանի որ իրենց արտադրությունը հիմնականում արտահանում էին Ռուսաստան: Բայց հիմա, երբ արգելված է, միայն տեղական շուկայի համար խեցգետին արտադրելն իմաստ չունի. պահանջարկ չկա: Սա, օրինակ, ռուսական շուկայից կախվածության հետևանք է: «Մեր արտադրանքի վրա արգելք է դրվել նախորդ տարվա կեսերից: Ռուսաստանի և Հայաստանի սննդի անվտանգության կառույցների ներկայացուցիչներից ստուգումներ անցկացրին մեր ընկերությունում: Իրենց խոսքով՝ որոշ խախտումներ կային: Շտկեցինք դրանք և նամակ ենք ուղարկել, սպասում ենք արգելքի վերացմանը: Մենք արտահանելու համար ունենք բոլոր բավարար պայմաններն, ու պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները, ինչի շնորհիվ 2013-ին Ռուսաստան ենք արտահանել 224 տոննա խեցգետին: Մերը հայկական խեցգետին արտահանող լավագույն ընկերություններից մեկն է»,- ասաց «Գոս»-ի տնօրենը:
Կանխատեսելի է, որ եթե այդ խնդիրները պարբերական բնույթ կրեն, ապա Հայաստանից Ռուսաստան արտահանվող (կամ տեղափոխվող) խեցգետնի ծավալները կնվազեն, կտուժեն այդ բիզնեսով զբաղվող հայաստանյան ընկերությունները, որոնց մի մասն արդեն իսկ տուժել է:
Եթե Ռուսաստանում 2013-ին ավելացել է հայկական խեցգետնի պահանջարկը, ապա ճիշտ հակառակն է եվրոպական երկրների պարագայում: Ընդհանուր առմամբ՝ 2012-ի համեմատ, 2014-ին Հայաստանից Եվրոպա արտահանված խեցգետնի ծավալն ավելի քան երկու անգամ նվազել է: Եթե 2011-ին և 2012-ին արտահանվում էր 800-1000 տոննա խեցգետին, ապա 2013-ին՝ 400 տոննա:
2012-ին ծառայությունը հայտարարեց, որ Եվրոպա խեցգետնի արտահանման ծավալներով Հայաստանն առաջատարն է:
Իսկ հիմա պատկերը բոլորովին այլ է: Պատճառն այն է, որ Եվրոպան այժմ սննդի անվատնգության տեսանկյունից ավելի խիստ է դարձել ներկրված խեցգետնի նորմերի հարցում: Հիգիենայի առումով այստեղ ավելի շատ նախընտրում են ներմուծել սառեցված և քիչ քանակությամբ եփած խեցգետին: Իսկ Հայաստանից խեցգետնի մեծ մասն արտահանվում է կենդանի վիճակում: Բացի այդ, ինչպես նշեցինք, Եվրոպա արտահանելու համար փոխադրման խնդիրներ են առաջանում:
Հայական խեցգետինը Եվրոպայում երբևէ մեծ պահանջարկ չի ունեցել, սակայն, օրինակ, Բելգիայում և Ֆրանսիայում այն ունեցել որոշակի սպառում:
Բելգիան այսօր, համեմատած եվրոպական մյուս երկրների, հայկական խեցգետնի նկատմամբ հետաքրքրությունը իսպառ չի կորցրել: Հայաստանում գործում է կենդանի խեցգետինների և ձկների արտադրությամբ զբաղվող «Դիմիտրի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն ու հիմնական ներդրողներից մեկը բելգիական «Ակվա Փլաննինգ» (Aqua Planning SA) ընկերությունն է: Եվ հիմնականում այս ընկերության միջոցով էլ հայկական խեցգետինը հայտնվում է Բելգիայում: Նախորդ տարի Հայաստանից այս երկիր է արտահանվել մոտ 177 տոննա խեցգետին:
Իսկ Ֆրանսիա արտահանվել է ընդամենը 900 կգ՝ 2013-ի 7 տոննայի դիմաց: Նշենք, որ թե եվրոպական և թե ռուսական շուկայի դեպքում Հայաստանից արտահանված խեցգետնի 2014-ի պատկերը էապես չի տարբերվում 2013-ից:
2014 թ. ՀՀ-ից արտահանված խեցգետնի քանակն՝ ըստ ստացող երկրների (տոննա)
Հայաստանում խեցգետնի բիզնեսով զբաղվում են շատ ընկերություններ, բայց նրանցից միայն 20-ն է նախորդ տարի արտահանում իրականացրել: Իսկ արտահանման համար հարկավոր է համապատասխանել չափանիշների՝ թե գնի, թե որակի, թե հիգիենայի տեսանկյունից:
Նշենք, որ Հայաստանում խեցգետնի որսի համար հարկավոր է միայն Բնապահպանության նախարարության թույլտվությունը, որը ստանալը դժվար չէ: Հայաստանի ջրային տարածքներում 2015 թվականի ընթացքում սահմանվել է խեցգետնի որսի մինչև 3500 տոննա չափաքանակը: Համեմատության համար՝ 2012-ին, օրինակ, սահմանվել էր մինչև 800 տոննա, 2013-ին՝ 2500 տոննա, իսկ 10 տարի առաջ՝ թույլատրվում էր միայն մինչև 200 տոննա որսաքանակ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել