HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հեղինե Բիշարյանն առաջարկում է օֆշորային ընկերությունների «տակից» ցույց տալ «հայաստանցի մարդկանց ականջները»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսեց վերջին 2-3 տարիների ընթացքում անընդհատ բարձրաձայնված «Սուպերմարկետների մասին» օրենքի նախագծի մասին` ասելով, որ անպայման պետք է սուպերմարկետների թիվը համապատասխանեցնել բնակչության թվաքանակի հետ:

Բայց, ըստ նրա՝ տնտեսական հանձնաժողովում նախագիծը քննարկվելով, փոփոխելով` այն ընդունելու համար ոչինչ չի արվում, իսկ նույն ժամանակ համայնքներում գործում են սուպերմարկետներ, որոնք միանգամից խեղդում են փոքր ու միջին բիզնեսին:

Պատգամավորի ասելով՝ ստացվում է, որ այժմ գերիշխող դիրք ունեցողներին տրվում է հնարավորություն իրենց դիրքերն ավելի ամրապնդելու, գլոբալ գործելու, մյուս կողմից էլ կամաց-կամաց, հանդարտ սպանում ու ոչնչացնում ենք փոքր բիզնեսը:

Հեղինե Բիշարյանն առաջարկեց փոխել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործիքներն ու հնարավորությունները, ավելի ուժեղացնել, օժտել նոր լծակներով, որպեսզի վերջինս կարողանա վերացնել թերությունները, քանի որ այսօր հանձնաժողովը տուգանում է օրինախախտ ընկերություններին, վերջիններս վճարում են տուգանքը, բայց մինչ հաջորդ ստուգումը դարձյալ շարունակում են գերշահույթներ ստանալ:

Հաջորդ ոլորտը, որտեղ բարեփոխումներ է պետք իրականացնել, ըստ պատգամավորի, գնումների ոլորտն է: Հեղինե Բիշարյանն ասաց, որ կարմիր գծի նման գնում է այն մի քանի ընկերությունների անունները, որոնք բոլոր ոլորտներում մասնակցում են մրցույթներին և հաղթում են, իսկ այդ ընկերությունները, որպես կանոն, ունենում են իրենց «տերերը»:

«Ստացվում է, որ մենք գիտենք խնդիրները, գիտենք, թե շան գլուխը որտեղ է թաքնված, եկեք հիմա դրան լուծում տանք»,- ասաց Հ. Բիշարյանը՝ առաջարկելով հարցին այնպիսի լուծում տալ, որ ամեն տարի նույն բանի մասին չխոսեն:

Բիշարյանը հատուկ ընդգծեց օվշորում գրանցված ընկերություններին, որոնք վերահսկողությունից դուրս են մնացել, սակայն Հայաստանի տնտեսության մեջ են և մասնակցում են մրցույթներին:

«Այստեղ կա հստակ առաջարկություն. կամ օվշորում գրանցված կազմակերպությունները, որոնց տակից պետք է հստակ երևան հայաստանցի մարդկանց ականջները, կամ պետք է հավասար օրենքի դաշտ բերել նրանց, կամ պետք է ընդհանրապես արգելել օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններին մասնակցել ներքին տենդերներին: Այն դեպքում, երբ մեր երկրում աշխատանքի, աշխատատեղի խնդիր կա, ազգը, ժողովուրդը թողնում երկրից գնում է, որպեսզի դրսում աշխատանք գտնել, ինչու՞ ենք այսքան արտոնություն տալիս օֆշորում գրանցվածներին»,- հավելեց Հեղինե Բիշարյանը:

Պատգամավորը խոսեց նաև սննդի անվտանգության մասին, որի վերաբերյալ օրինագիծը արդեն երկու տարի է Ազգային ժողովում շրջանառվում է և չի ընդունվում: Նա ասաց, որ հատկապես սննդի ոլորտում մրցակցային խնդիրներ կան. նույն գնով են վաճառվում և բնական կաթով և կաթի փոշիով պատրաստված կաթնամթերքը:

«Մենք գնում ենք պանիր ու չգիտենք, թե այդ պանրի բաղադրությունն ինչ է, գնում ենք հաց, չգիտենք հացի մեջ ինչ կա խառնված»,- ասում է Հեղինե Բիշարյանը` ասելով, որ աշխարհը գնում է նրան, որ մարդը ինքն ընտրի իր առողջության համապատասխան սնունդ, իսկ մեր երկրում նման բան չկա. «պանիր է՝ գնիր, օգուտ է, վնաս է, ինչդ կցավա դա ուտելուց, կվատանաս, թե ինչ կլինես կարևոր չի»:

Հեղինե Բիշարյանը որպես մենաշնորհ անդրադարձավ նաև տեսախցիկներին ու «կարմիր գծերին»:

«Բա մենաշնորհ չի, որ ով ուզում է տեսախցիկ է տեղադրում, ով ուզում է՝ չէ, մեկն է ուզում, կարմիր գիծ է քաշում: Թող հայտարարեն տենդեր, որ ով ուզում է կարմիր գիծ քաշելու համար 10 լիտր ներկ առնի, ինքն էլ գնա մի 100 տեղ գիծ քաշի կարողանա փող աշխատի»,- խոսքը եզրափակեց Հեղինե Բիշարյանը:»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter