HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության 44. չփորձել ձեռք տալ

86-ամյա Ալբերտ Մակյանը Հանրապետության 44 հասցեի իր տան մուտքի մոտ այս պաստառն է փակցրել, որի վրա գրված է` Խնդրում եմ չփորձել ձեռք տալ: Ալբերտ Մակյանն ասում է, որ այլ ելք չունի. 23 անդամից բաղկացած ընտանիքն անորոշ վիճակում է: Եթե գերակա շահ ճանաչված իրենց սեփականությունը հողին հավասարեցնեն, այնտեղ ապրող 5 ընտանիքը՝ 11 անչափահաս երեխաներով կհայտնվի փողոցում, քանի որ Մակյաններին խոստացված բնակարանները չեն կառուցվել:

Հանրապետության 44 հասցեն «Ֆիրդուսի» և հարակից տարածքների նկատմամբ գերակա շահ ճանաչված հատվածում է: Փետրվարի վերջին 44 հասցեի հարևանությամբ տարածքը հարթեցրել են և քանդել հարակից շինությունները: Ալբերտ Մակյանը ցույց է տալիս պատռված քանդման թույլտվությունները, որոնցում նաև իրենց հասցեն էր ընդգրկված:

Քանդման օրը Ալբերտ Մակյանը քանդողների ձեռքից խլել և պատռել է այդ թույլտվությունները, որի հիման վրա պետք է հարթեցվեր նաև իրենց սեփականության մի մասը: Ալբերտ Մակյանը թույլ չի տվել մոտենալ իր տարածքին:

Հիշեցնենք՝ 2008թ. նոյեմբերի 20-ին կառավարությունը Երեւանի որոշ տարածքների նկատմամբ գերակա շահ ճանաչելու որոշում է կայացրել: Տվյալ տարածքի ձեռք բերողը «Սիթի սենթր դեվելոփմենթ» ՓԲԸ-ն է: Այս ընկերությունն էլ Ալբերտ Մակյանի հետ 2009թ. ապրիլին պայմանագիր է կնքել առ այն, որ ձեռք է բերում 126.2 քմ մակերեսով բնակելի տունը և 645 քմ հողամասը և այլ ինքնակամ շինություններ ու տարածքներ: Պայմանագրի արժեքը կազմել է 201 մլն դրամ:


«Սիթի սենթր դեվելոփմենթ» ՓԲԸ-ն այդ գնի դիմաց պարտավորվել է Երևանի 33-րդ թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան շենքում 7 բնակարան, 3 ավտոկայանատեղի և հասարակական տարածք հատկացնել Մակյաններին պայմանագրի կնքումից 42 (3.5 տարի) ամիս անց: Ընկերությունը պարտավորվել է կատարել իր պարտավորությունները եւ ըստ պայմանագրի այն կարող է խախտել 12 ամիս: Պայմանագրի կնքումից անցել է 6 տարի, իսկ շենքի կառուցման համար սահմանված ժամկետից՝ 1.5 տարի: Սակայն շինության միայն հիմքը և առաջին հարկն է կառուցվել, իսկ շինարարությունը դադարեցված է:

«Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ.: Գործում է նույն հասցեում, որտեղ հայտնի «Գլենդել Հիլզն» ու Կոնդի տարածքներում կառուցապատման իրավունք ստացած «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն են գործում: 

Այս տեսանյութն ընկերությունը հրապարակել է՝ ի ապացույց նրան, որ շինարարություն է ընթանում 33-րդ թաղամասում: Այն նկարահանված է 2012-ի մայիսին: 2015թ.-ի մարտի վերջն է, շինարարությունն այդպես էլ չի բարձրացել: Մեր լուսանկարում երևում է, որ այն այս օրերին չի էլ ընթանում: Ավելին, տարածքից հեռացվել է տեխնիկան, շուտով տեղափոխելու են նաև վերամբարձ կռունկը: 

«Ասում են՝ էլ տուն չեն կառուցելու: Ասում են՝ փող չունենք, չենք կարող կառուցել: Էս օրենքը իրենք են ինձ տվել, օրենքը հիմա իրենք են խախտում: Խաբելով, խաբելով ոչ առաջին շենքը սարքեցին, ոչ էլ երկրորդը,-ասում է Ալբերտ Մակյանը,-եթե նոտարը ճիշտ է, եթե  պետությունը ճիշտ է, եթե էդ կնքին ու ստորագորությունը ճիշտ են, ոնց կարելի է էդ ձևի վերաբերմունք դեպի ժողովուրդը: Ուրեմն պիտի պատերազմ սկսվի մեր մեջ»: 

Այդ «ասողը», ըստ Ալբերտ Մակյանի, ընկերության աշխատակից Տիգրանն է: Նույն Տիգրանը հրաժարվեց հեռախոսով պարզաբանումներ տալ և պատասխանել մեր հարցերին, հանդիպման համար, ասաց, ժամանակ չունի: Այդ հարցերով զբաղվող հատուկ բաժինը, ըստ նրա, եթե անհրաժեշտություն լինի, մեզ հետ կկապվի և կզրուցի: «Այժմ բավարարվեք այն պատասխանով, որը գրավոր ուղարկել ենք նրանց»: Մակյանները, սակայն, առ այսօր որևէ պատասխան ընկերությունից չեն ստացել: 

Ալբերտ Մակյանը դիմել է կառավարություն: Ֆինանսների նախարարությունը պատասխանել է, որ սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող պետական լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է, իսկ ձեռք բերողը՝ «Սիթի սենթր դեվելոփմենթ» ՓԲԸ-ն: «...Հայնտում ենք, որ «Սիթի սենթր դեվելոփմենթ» ՓԲԸ-ն իր ունեցած պարտավորությունների համար պատասխանատու է իր ունեցած գույքով»,-նշել է ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ Արմեն Գաբրիելյանը:

Ըստ նախագծի՝ այսպիսի տեսք պետք է ունենային 33-րդ թաղամասում կառուցված շենքերը

Ալբերտ Մակյանը դիմել է նաև դատախազություն: Երևան քաղաքի դատախազի տեղակալ Ս.Առաքելյանը պատասխանել է, որ այս հարցը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից և ենթակա է լուծման դատական կարգով, քանի որ կրում է քաղաքացիաիրավական բնույթ:  


«Պրն նախագահ և պրն վարչապետ, 33-րդ թաղամասը գտնվում է շատ անմխիթար և հակասանիտարական վիճակում: Մենք պահանջում ենք, որ ինչպես նախանական պայմանագիրը կնքվել է, տեղում ապահովել մեզ բնակարանով: Մեզ ոչ մի կոնկրետ պատասխան չի տրվում շինգրասենյակի կողմից: Տարածքի 150 քմ քանդվել է, 30-ից ավելի ծառեր կտրվել են, վնաս հասցվել շրջակա միջավայրին: Հարգարժան այրեր, եթե մեր բնակարանները չեն կառուցվելու, պահանջում ենք հետ վերադարձնել մեր սեփականության վկայականը, որպեսզի մենք կարգավորենք մեր բնակմակերեսը, այդ թվում նաև ձեր կողմից քանդված, բայց չփոխհատուցված մասը»,- նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետի Հովիկ Աբրահամյանին են դիմել 44 հասցեի բնակիչները:

Մակյանների սեփականության կարմիրով ներկած հատվածներն արդեն քանդվել են 

Մակյանների ընտանիքը 1988-ից Բաքվից եկել և այստեղ է հաստատվել: Ալբերտ Մակյանը հետնամասի դռան վրա «մահ» է խոստանում իր տարածքին մոտեցողներին, իսկ գերական, նրա համար, օրենքն է: