HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«SOS Թեղուտ» կոալիցիան դիմել է ՀՀ նախագահին

Քսանվեց բնապահպանական ՀԿ-ներ եւ ասոցիացիաներ միավորվել են «SOS Թեղուտ» կոալիցիայում` պահանջելով, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ( Էյ Սի Փի) ընկերության ներկայացրած Թեղուտի հանքաարդյունահանման ծրագրի վերաբերյալ քննարկումները եւ գործողությունները վերջապես տեղափոխվեն եւ անցկացվեն իրավական դաշտում:

Այս մասին կոալիցիայի անդամները հայտարարեցին մարտի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նրանք նամակ են ուղղել ՀՀ նախագահին` ներկայացնելով առկա խախտումները եւ խնդրելով համապատասխան խստություն ցուցաբերել այս հարցում:

Կոալիցիայի անդամներն են`

- «Հայաստանի անտառներ» ՀԿ

- «Էյ-թի-փի» ( Հայաստանի ծառատունկ ծրագիր ) բարեգործական հիմնադրամ

- «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

- «Բնության իրավունքների պաշտպանություն» ՀԿ

- ՀՀ Արգելանոցներում բնության, կենդանիների եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ

- Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ

- Մասնագիտական եւ ձեռնարկատիրական կողմնորոշման միություն

- Պատանի թռչնասերների միություն

- «Տապան» էկոակումբ ՀԿ

- Հայաստանի էկոտուրիզմի ասոցիացիա

- Հայաստանի «Կանաչների միություն»

- Հայաստանի թռչունների պահպանության միություն

- «Կանաչ» հիմնադրամ

- «Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ

- «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

- «Յանուս» իրավական ՀԿ

- «Կանաչ ճանապարհ սերունդներին» ՀԿ

- Էկոլոգիական ակադեմիա

- «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

- «Ավետիք» բարեգործական ՀԿ

- Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցություն

- Հայկական էկոլոգիական բարեգործական հիմնադրամ

- Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա

- Հայկական բուսաբանական ընկերություն

- Շնող գյուղի պատվավոր քաղաքացի Վ. Ավետյան

- «Շողեր» միություն ՀԿ

Հաջորդ օրը «Արմենիա մարիոթ» հյուրանոցում մամուլի ասուլիս կազմակերպեց նաեւ Մոսկվայից ժամանած «Էյ Սի Փի» ընկերության սեփականատեր Վալերի Մեժլումյանը: Նա հանդիպեց նախորդ օրը Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ կոալիցիա կազմած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մեժլումյանը հայտարարեց, որ «ոչ մի հակաօրինական քայլ չի լինելու, եւ ամեն ինչ կատարվելու է օրենքի եւ քրիստոնեական բարոյականության շրջանակներում»:

Սակայն բնապահպաններն արդեն իսկ գրանցում են էական խախտումներ եւ պահանջում, որ տրվի պատասխան:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտի կողմից մշակված աշխատանքային նախագծի տնտեսական հաշվարկներում բացակայում են բնապահպանական միջոցառումների համար նախատեսված ծախսերը, բացակայում են նաեւ Թեղուտի եւ Շնողի բնակչությանը փոխհատուցելու ծախսերը: Չի դիտարկվել փակ արդյունաբերության տարբերակը, բոլոր դեպքերում պետք է ներկայացվի նաեւ հանքահանության այլընտրանքային տարբերակ, ինչը չի արվել: Դա նույնպես օրենքի խախտում է»,- ասում է «Սոցիալ-էկոլոգիական» ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը:

«Արդեն կառուցվել են երեք մետր լայնությամբ ճանապարհներ: Ոչ ոք չի կարող համոզել, որ այդ ճանապարհը կառուցվել է առանց անտառահատման: Ընդ որում՝ ճանապարհային ցանցերն արդեն ընդլայնվում են»,- ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը:

«Հոկտեմբերի 12 -ին Թեղուտում (ACP) ընկերության կազմակերպած հանրային լսումներից հետո մենք բարձրացանք հանքի տարածք եւ տեսանք, թե ինչպես բարձր որակի անտառանյութով բեռնված մի մեքենա էր իջնում: Ես համոզված եմ, որ մինչեւ հիմա էլ այդ անտառահատումները շարունակվում են: Մենք ընկերությանը ոչինչ չենք ասում, ուղղակի մենք հիմնավորված մտավախություն ունենք, որ շատերը, այս ծրագիրն օգտագործելով որպես առիթ, հարստանում են անտառի հաշվին»,- ասում է Սրբուհի Հարությունյանը:

Թեղուտի հանքավայրի տարածքում անտառ կազմող հիմնական տեսակներն են կաղնին, բոխին, հաճարենին, նոճին, թղկին, լորենին, հացենին, անտառային խնձորենին եւ տանձենին: Այս ծառատեսակների կորստի դիմաց ընկերությունը տարեկան պետական բյուջե է փոխանցելու ընդամենը 8 մլն դոլար հարկ, այն դեպքում, երբ բաժնետերերը տարեկան ստանալու են 14,5 մլն դոլարի շահույթ: 28 տարվա ընթացքում նրանց շահույթը կկազմի ավելի քան 406 մլն դոլար:

Մարտի 1-ի ասուլիսին ներկա էին նաեւ Շնող եւ Թեղուտ գյուղերի ներկայացուցիչները: «Մենք բոլորս մտահոգված ենք, գյուղացիք էլ են շատ մտահոգված, որ ջրերը ու հողերը պահպանենք: Բայց շնողցիք ու թեղուտցիք մոտ 4000 հոգի կլինեն, նրանցից 2000-ը աշխատանք չունի: Սեփականաշնորհված մի հողաբաժինը կազմում է ընդամենը 5000 մետր: Դրանով հնարավոր չէ, որ գյուղացին իրեն պահի»,- ասում է Շնողի փոխգյուղապետ Կորյուն Շադինյանը:

«Աշխատանքային հնարավորություններ ստեղծելու համար այլ տարբերակներ կան, այդ տարածքը գյուղատնտեսական տարածք է: Ինչո՞ւ չեք ստեղծում պահածոյացման կամ թեթեւ արդյունաբերական գործարաններ: Այսօր Թեղուտի եւ Շնողի գյուղապետերը մտածում են իրենց պաշտոնի մասին, բայց վաղը նրանք առաջինն են կորցնելու այդ պաշտոնը, քանի որ Շնող եւ Թեղուտ գյուղեր չեն լինելու»,- ասում է Նազելի Վարդանյանը:

«SOS Թեղուտ» կոալիցիայի անդամներն այժմ սպասում են նախագահի պատասխանին, որպեսզի որոշեն հետագա քայլերը:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter