HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Այվազյանի հայցով Հ. Դեմոյանի դատավարությունը և Ծիծեռնակաբերդի լուսավորությունը մարելու միջադեպը

Ստեփան Սարգսյան (Լոս Անջելես)

Արմեն Այվազյանի` Հայկ Դեմոյանի դեմ զրպարտանքի մեղադրանքով ներկայացված հայցի դատական լսումներում շարունակվում են արծարծվել «ֆուտբոլային» դիվանագիտության տհաճ դրվագներից մեկը։ Հիշեցնենք, որ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվայզանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հեռուստատեսությամբ և մամուլի էջերից Արմեն Այվազյանին մեղադրել էր «պետական հանցագործություն» ու «դավաճանություն» իրագործելու մեջ, ընդսմին և ի թիվս այլ վիրավորանքների անվանելով նրան «ոհմակի ղեկավար», ով իբր «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»։

Դեմոյանն արդեն հաստատել է, որ ինքն իրոք այդպիսի արտահայտություններ է արել, ուստի նրան այժմ մնում է կամ օրենքով համապատասխան պատիժ կրել ՀՀ քաղաքացուն հրապարակավ զրպարտանք և վիրավորանքներ հասցնելու համար կամ ապացուցել, որ Այվազյանն իրոք գործել է պետական հանցագործություն, թվարկել Այվազյանի ստեղծած գիշատիչ խմբի անդամներին, մեկ առ մեկ ներկայացնել այդ խմբի նպատակները և գործունեության պատմությունը, «հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնելու» փաստերը և այլն։ 

Չնայած դատավոր Ռուբեն Ներսիսյանի՝ Դեմոյանին ուղղված նախազգուշացումների առ այն, որ դատարանն իրավասու է քննելու միայն իր դեմ ներկայացված հայցը՝ զրպարտանք և վիրավորանք հասցնելու մասին, վերջինս շարունակաբար հիշատակում է Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի այցի օրը Ծիծեռնակաբերդի լուսավորության մարելու միջադեպը՝ փորձելով շեղել դատարանի և հասարակության ուշադրությունը բուն խնդրից։ 

Ըստ Դեմոյանի՝ Արմեն Այվազյանին հարկավոր է պետական դավաճանության համար պատասխանատվության կանչել, քանի որ նա բարձրաձայնել է այդ միջադեպի մասին՝ իբր կուլ տալով թուրքական մամուլի տարածած ապատեղակատվությունը։

Թեև պարզ է, որ այս քաղաքացիական դատավարությունը չի անդրադառնալու Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելուն ու թե քանի լրատվամիջոց ու անձ է դա հիշատակել, այդուամենայնիվ, կարծում ենք, հարկ է թարմացնել ընթերցողի հիշողությունը։ Եթե առաջնորդվենք Դեմոյանի տրամաբանությամբ, ապա պետք է ոչ միայն Ա. Այվազյանին պատասխանատվության կանչել, այլև բոլոր նրանց, ովքեր մատնանշել են լույսերի մարման չարաբաստիկ փաստը, այդ թվում, օրինակ, 7or.am և zham.am գործակալություններին. տե՛ս մասնավորաբար նրանց հետևյալ հրապարակումները՝ Կարեն Հակոբջանյան, Արտաքին ու ներքին «ֆուտբոլային» քաղաքականություն, 7or.am, 2011-04-22, Ապրիլ 17:35 և Դավիթ Մկրտչյան, Եվրատեսիլում Էմմին չէ, որ պարտվեց, zham.am, 2011-05-11 20:12:01 և այլոց։

Իսկ ավելի վաղ՝ դեռևս 2008 թ. սեպտեմբերին «Երկիր Մեդիա»-ի թղթակիցները նկարահանել, արձանագրել ու վավերագրական ճշգրտությամբ հիմնավորել էին, որ 2008 թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ Ծիծեռնակաբերդի Հայոց Եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են՝ «Եթե «հյուրընկալություն», ապա լիարժեք…» տեսահաղորդման մեջ (29.09.2011), որը զետեղված է նաև «Յութուբ» կայքի հետևյալ էջերում՝

http://www.youtube.com/watch?v=5ftbYEc4lE4;
http://www.youtube.com/watch?v=qukOXF–8zg
։

Այդ հաղորդման ընթացքում ասված է, մասնավորաբար, հետևյալը.

«…Խաղի ընթացքում, Ծիծեռնակաբերդի բարձունքում անցկացվող բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով, մեր նկարահանող խումբը շուրջ երկու ժամ ստիպված էր աշխատել կիսախավարում: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում այն էր, որ այգու մնացած հատվածներն ավելի լավ էին լուսավորված, քան հուշարձանը: Ու եթե չլինեին հավաքվածների ձեռքի ջահերն ու մարզադաշտի մեծ լուսարձակներից Ծիծեռնակաբերդ հասնող լույսը, խավարն իրոք անանցանելի կլիներ:

Ինչպես ասում են մեր աչքերով տեսածին հավատալու համար, եւս մեկ անգամ, երեկոյան նույն ժամին այցելեցինք Ծիծեռնակաբերդ եւ համոզվեցինք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Եղեռնի հուշահամալիրի լուսավորությունը տարբերվում էր մնացած օրերից: Երկու տեսանյութերի համեմատությունը վկայում է, որ այդ օրն այգում վառվել են միայն լապտերները, իսկ հուշարձանը լուսավորելու համար այստեղ տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել:

Այսպիսով, ձեռնպահ մնալով գնահատականներից, պարզապես կատարվածն ընկալենք ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ ՀՖՖ տարբերանշանի փոփոխության համատեքստում` իբրեւ հյուրընկալության հերթական դրսեւորում»:

Նույն այս հաղորդման ընթացքում «Երկիր-Մեդիան» ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է դատական կարգով պաշտպանելու իր նկարահանման ու եզրակացությունների ճշմարտացիությունը, կրկնելով իր այդ վճռականությունը ևս մեկ անգամ՝ հոկտեմբերի 9-ին՝ ««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի» հաղորդման ժամանակ։ Քանի որ Հ. Դեմոյանը, չնայած իր սպառնալիքներին և հոխորտանքներին, «Երկիր-Մեդիա»-ին այդպես էլ դատի չի տվել, ապա բոլորն էլ իրավունք ունեն հավատալու, որ նշված օրն Ծիծեռնակաբերդի լույսերն իրոք անջատված են եղել։

Հետաքրքության առարկա է նաև հայ հասարակության, հատկապես քաղաքական կուսակցությունների և հասարակական գործիչների կարճ հիշողությունը։ Ընդամենը երկու տարի է անցել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրություններից, սակայն կարծես բացարձակ մոռացության է մատնվել այդ լիովին ձախողված քաղաքականությունը զորուգիշեր քարոզողների գործունեությունը, որոնցից, թերևս, ամենաեռանդուններից մեկը Հայկ Դեմոյանն էր։ Մոռացության մատնելով վերջինիս հայ-թուրքական արձանագրություններին կարդացած ներբողները՝ Սփյուռքի և Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ Հ. Դեմոյանին փորձում են ներկայացնել որպես Հայ Դատի ջահակիր և աննկուն առաջամարտիկ։

Տեղին կլինի մի մեջբերում անել ս.թ. ապրիլի 18-ին մի խումբ սփյուռքահայ մտավորականների ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ուղղված «Բաց նամակից» (http://ankakh.com/2011/04/112409/).

«Դեմոյանին, ըստ երևույթին, թվում է, թե մոռացվել են նրա հակահայկական ելույթները, օրինակ, այն՝

  • թե ինչպես «Երկիր-Մեդիայի» թղթակիցների հավաստմամբ՝ «Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված եւ «Հրազդան» մարզադաշտում երևացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբրև վանդալիզմ» (««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի»,  «Երկիր-Մեդիա», 9.10.2008),
  • թե ինչպես էր նա պաշտպանում թուրքական վաղեմի ծրագրի՝ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու ծրագիրը,
  • հնարավոր նկատում Հայաստանի և Թուրքիայի դաշնակից պետություններ դառնալը (www.regnum.ru/news/896314.html),
  • կոչ անում «չքաղաքականացնել ցեղասպանության ճանաչումը» (http://www.arka.am/rus/politics/2008/09/13/11159.html),
  • հայտարարում՝ «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ եմ տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս» (http://www.panarmenian.net/arm/politics/news/31015/),
  • «Էկոնոմիստ» հանդեսին հայտնում, թե իբր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց և երեխաների» (“Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war.”) (http://www.economist.com/node/12304946?story_id=E1_TNPDQJQG&CFID=16174 4713&CFTOKEN=30139637)։ Եվ ոչ մի խոսք չասելով այն մասին, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժողովրդի գլխավոր դահիճներից էր, ում հրամանով Արևելյան Հայաստանում միայն ոչնչացվել են 200,000, Զմյուռնիայում՝ տասնյակ հազարավոր հայեր, չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը, ամրապնդվել են ցեղասպանության հետևանքները։»

Մեզ մնում է միայն հուսալ, որ հայ հասարակությունը ի վերջո իր մեջ ուժ կգտնի գնահատելու յուրաքանչյուրին՝ ըստ իր արժանիքների կամ դրանց բացակայության։

Մեկնաբանություններ (1)

Հետք
Հարգելի ընթերցողներ, խմբագրությունը որոշել է փակել այս հրապարակման մեկնաբանությունների դաշտը: Պատճառն այն է, որ կողմերը կամ նրանց կողմնակիցներն անհանդուրժողականություն են դրսեւորում միմյանց նկատմամբ եւ օգտագործելով մեկնաբանությունների դաշտը՝ վիրավորանքներ գրում մեկը մյուսի հասցեին: Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter