HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22-ամյա երիտասարդը խանգարո՞ւմ էր մարմնավաճառների բիզնեսին

«Հետքին» դիմած Երևանի բնակիչ 22-ամյա Վազգեն Կարապետյանի հարազատները տարակուսած են, թե ինչու է նա 2 ամիս գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ նախնական կալանքի տակ, առանց որևէ հիմքի:

Վազգեն Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Այդուհանդերձ, այս տարվա փետրվարի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Վազգեն Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը: Պաշտպան Ոսկանյանը նշեց, որ Վազգեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 3 ծանր հոդվածներով՝  ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ, շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք ստանալու նպատակով և ապօրինի զենք կրելը, պահելը: Մեղադրանքի համար հիմք է հանդիսացել Երևանի բնակիչ Իգոր Կովալյովի ցուցմունքը:

«Սա նման է նրան, որ վաղը մեկի դեմ մի քաղաքացի գնա ցուցմունք տա, թե սպառնալիք է եղել, ուզեցել է դրամ շորթել, զենք է պահել, քաշքշել է, բայց ո՛չ զենք լինի, ո՛չ քաշքշելու ապացույց, ոչինչ: Ստացվում է, որ այսպես ասած՝ «նիսյա» շորթման համար մարդը արդեն 2 ամիս կալանքի տակ է»,- նկատեց փաստաբան Ոսկանյանը:

Վազգեն Կարապետյանի մայրը՝ Հայկուշ Թովմասյանը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ երկու ամիս առաջ երեկոյան 10-ից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնից եկել, խուզարկել են իրենց բնակարանը. «Ասացին, որ զենք են փնտրում: Բայց ամեն տեղ նայեցին, անգամ ավտոտնակը, բայց զենք չգտան: Համար թողեցին, որ տղաս գա, զանգի: Առավոտյան իմ տղան զանգեց այդ համարով ոստիկանություն, իսկ հաջորդ օրը ինքնակամ գնաց ոստիկանություն: Բայց այլևս չեկավ: Մի քանի օր անց «Հերթապահ մաս» հաղորդմամբ ցույց տվեցին տղայիս: Դրանից հետո սթրեսի մեջ ընկա: Կադրում մի տղա, դեմքը պատի կողմն արած, պատմում է, որ գիշերով իրեն քաշել նստեցրել են մեքենայի մեջ զենքի սպառնալիքով, խփել են, պահանջել 10.000 դոլար: Հետո էստեղ ասացին, որ էդ տղայի անունը Իգոր է՝ Շենգավիթում հայտնի Լյուդի տղան է, ովքեր մարդկանց տոկոսով գումարներ են տալիս»:

2 ամսում կատարվել է մեկ առերեսում

«Եթե անձը նման բնույթի հայտարարություն է անում, որ իրեն քաշքշել են, մտցրել մեքենայի մեջ, նշանակում է նախաքննական մարմինը, անկախ ամեն ինչից, պետք է ստուգեր՝ արդյոք առկա են մարմնական վնասվածքներ: Պետք է ստուգեր նույնիսկ այն դեպքում, եթե նման հայտարարություն չի արվել: Վարույթ իրականացնող մարմինը պետք է մարմնի զննում իրականացներ կամ դատաբժշկական եզրակացություն նշանակեր, ինչը չի արվել»:

Ստեփան Ոսկանյանը նշեց, որ դեռևս փետրվարի 17-ին, ի թիվս այլ միջնորդությունների, միջնորդել է, որ կատարվի տուժողի մարմնի քննում, զանգերի վերծանումներ, տեսախցիկների առգրավում, միջնորդել է պարզել մարմնավաճառների ու տուժողի կապը: 

Ի՞նչ կապ կա այս գործի ու «Մայամի» հյուրանոցային համալիրի մոտ կանգնող մարմնավաճառների միջև

«Մայամի» հյուրանոցային համալիրը գտնվում է Արտաշիսյան 44 հասցեում, իսկ Վազգեն Կարապետյանը ծնողների ու քրոջ հետ ապրում է Արտաշիսյան 46 հասցեում, այսինքն՝ հյուրանոցի հարևանությամբ:

Վազգեն Կարապետյանի մայրը մեզ փոխանցեց, որ ապրում են առաջին հարկում ու մշտապես ականատես են լինում, թե ինչպես են «Մայամիի» մոտ կանգնող կանայք վիճում իրար հետ. «Կանայք, նրանց հետևից եկող տղամարդիկ իրար ծեծում են հաճախ, լսվում են հայհոյանքներ, աղմուկ-աղաղակ: Վազգենն էլ տղամարդկային արժանապատվություն ունի. քույրը, մայրը նստած՝ մեկ էլ հայհոյանքներ են լսվում: Վազգենը ակտիվ պայքարում էր, որ մեր հանգիստը պահպանվի»,-ասաց տիկին Հայկուշը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանն էլ փոխանցեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը, այլ պնդում է, որ իրեն ցանկացել են մեկուսացնել, քանի որ ակտիվ խոչընդոտել է մարմնավաճառների ու նրանց հովանավորող անձանց աշխատանքը իրենց շենքի դիմաց:

«Իմ տեղեկություններով՝ Իգոր Կովալյովին ձեռնտու էր, որ Վազգեն Կարապետյանը մեկուսացվեր, քանի որ Վազգենը ակտիվ հակազդել է, որ իրենց բակում հավաքվեն մարմնավաճառներն ու նրանց այցելողները: Իսկ Իգորը, ըստ տարբեր տեղեկությունների, մարմնավաճառներին գումար ու ոսկեղեն է տրամադրում, նրանց հետ գումարային հարցերի մեջ է: Իմ կարծիքով, Իգորը չէր կարող դա ինքնուրույն անել, ըստ երևույթին՝ նրան տվել են Վազգեն Կարապետյանին մեկուսացնելու ցուցումը: Միգուցե խոստացել, երաշխավորել են, որ ինքը կլինի բարենպաստ վիճակում»,- կարծիք հայտնեց Ստեփան Ոսկանյանը: 

«Մայամիի» փաստացի ղեկավարն ու նրա եղբորորդին դատապարտվել են

Այն, որ «Մայամի» հյուրանոցը օգտագործվել է որպես պոռնկությամբ զբաղվելու վայր ապացուցված է Շենգավիթի առաջին ատյանի դատարանի 2013թ. դատավճռով: «Մայամիի» փաստացի ղեկավարն ու նրա եղբորորդին՝ Վոլոդյա և Ջոնիկ Ավայանները, արագացված դատաքննությամբ դատապարտվել են ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվել: Նշենք նաև, որ հյուրանոցի տերերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հազվադեպ կիրառվող մի խափանման միջոց՝ անձնական երաշխավորությունը: Թե ով է երաշխավորել Ավայանների համար, անհայտ է:

Հայտնի է, որ դատարանում ներկայացվել են 183 հատ պահպանակները, աղբից հայտնաբերված օգտագործված 3 պահպանակները, եւ 30 հատ չօգտագործված պահպանակները՝ երկու փաթեթով:

Ջոնիկ Ավայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորեղբոր՝ Վոլոդյա Ավայանի հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Վ. Ավայանի կողմից փաստացի ղեկավարվող Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ ու պարագաներ: Ըստ մեղադրանքի՝ նա կայանել է հյուրանոցի բակում և մարմնավաճառներին` յուրաքանչյուրից 5000 դրամ վարձատրության դիմաց, թույլատրել է նստել ավտոմեքենայի մեջ, որտեղ վերջիններս իրենց մոտեցած հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հյուրանոցում պարբերաբար զբաղվել են պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով հորեղբորը:

Իգոր Կովալյովը նախկինում դատապարտված է եղել

Վազգեն Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին՝ Իգոր Կովալյովը, ըստ փաստաբանի տեղեկությունների, նախկինում դատապարտված է եղել: Դատական տեղեկատվական համակարգում փնտրեցիք նրա անունով ու պարզվեց, որ երկու անգամ՝ 2011 և 2012թթ. նրան մեղադրանք է առաջադրվել ոսկեղենի գողության համար: Երկու անգամ էլ նա գողություն է կատարել մորից՝ Լյուդմիլա Կովալյովայից: Առաջին անգամ գործը կարճվել է, քանի որ հաշտվել է մոր հետ, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, սակայն ազատազրկումը պայմանական է կիրառվել: Իգոր Կովալյովը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, նշել է, որ պարբերաբար մանր խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական գրասենյակներում, սակայն գումար չի շահել: Տանուլ տված գումարների պատճառով կուտակել է պարտքեր: Գողացել է մորը` Լյուդմիլա Կովալյովային պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր և երեք բջջային հեռախոս, դրանք վաճառել և ստացված գումարները ծախսել է իր անձնական կարիքների համար: Կատարած արարքի համար զղջում է և խնդրում է իր նկատմամբ մեղմ վարվել:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter