HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ կառավարությունը 2015թ. հոկտեմբերից կկրճատի որոշ ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է 2015 բյուջետային տարում ԱՄՆ կառավարության օժանդակության մասով նախանշվող փոփոխությունները, որոնք գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից: Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը, ըստ դեսպանատան պաշտոնական հաղորդագրության, կատարվում է եվրոպական մի շարք երկրներին ցուցաբերվող օժանդակության ծավալների կրճատման համատեքստում: Հաղորդագրությունն ամբողջությամբ` ստորև.

«Միացյալ Նահանգների օժանդակության բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության ընթացիկ ու նորահայտ մարտահրավերները, նախագահ Օբամայի քաղաքականությունը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, դաշնակիցների ու գործընկերների առաջ անվտանգության առումով ստանձնած մեր հանձնառությունները և մեր ջանքերն ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանը և խաղաղապահ գործունեությանը: Վերջին տարվա նոր գլոբալ առաջնահերթությունների ու զարգացումների արդյունքում (այդ թվում` էբոլայի հետ կապված ճգնաժամը, Իսլամական պետությունը, Սիրիան և Ուկրաինան) դժվարին որոշումներ պետք է կայացվեն մեր օժանդակության ծրագրերի վերաբերյալ ամբողջ աշխարհում»,- տեղեկացնում է դեսպանատունը:

Այս նոր առաջնահերթություններից բխում է, որ աշխարհի շատ երկրներին, այդ թվում՝ Եվրոպային ցուցաբերվող օժանդակության ծավալները  զգալիորեն նվազում են և այս համատեքստում էլ կատարվել է Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատում:

Մեր որոշակի օժանդակության ծրագրերի գծով ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է մեր բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով, և դա որևէ կերպ կապված չէ մեր իրականացրած ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ:

Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը կանդրադառնա թե ԱՄՆ ՄԶԳ-ի, թե Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վրա: Կրճատումների գումարային չափը առայժմ դեռ պարզ չէ, սակայն Դեսպանությունը պլաններ է մշակում որոշ նոր ծրագրերի կրճատման կամ որոշ ծրագրեր ավելի արագ ավարտին հասցնելու վերաբերյալ:

Չնայած այս կրճատումներին ԱՄՆ ՄԶԳ-ը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը 2013թ. մշակված հայաստանյան ռազմավարությամբ վերհանված գերակա ուղղություններով, որոնց ձևավորման հարցում իրենց ներդրումն են ունեցել ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և մեր հայ գործընկերները: Այս գերակա ուղղությունները ներառում են. տնտեսական աճ գյուղի զարգացման ոլորտում, տուրիզմ, ջրային և էներգետիկ անվտանգություն ու կառավարում, մարդկային կապիտալի զարգացում,    տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, հակակոռուպցիոն աշխատանքներ և երեխաների պաշտպանություն:

Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը կշարունակի իրականացնել ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի հաշտեցումը հարևան երկրների հետ, և ծրագրեր Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդավարական գործընթացներին և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը Հայաստանում:

Ամերիկյան կառավարության օժանդակությունն ուղղվում է նաև մեր երկկողմ համագործակցության այլ ոլորտների, որոնց թվում են շարունակական աջակցությունն ընթացակարգերի մշակման հարցում, որոնք ապահովում են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն ու Հայաստանի ավելի մեծ էներգետիկ անվտանգությունը, արդարադատության ոլորտի ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև ընտանեկան բռնությունների նոր ստորաբաժանման կարողությունների զարգացման նպատակով ոստիկանների ուսուցումը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ևս շարունակում է սերտորեն աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ հայ խաղաղապահների կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների հարցում:

1992թ.-ից ի վեր Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter