HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալ. «Իջնում էի աստիճաններով, օրհնում աստիճանների բռնակի հարցը լուծողներին»

«Վերջապես կարողացել եմ իմ ոտքով գնալ կարիքներս հոգալու: Երեկ իջնում էի աստիճաններով, ու օրհնում աստիճանների բռնակի հարցը լուծողներին»,- մեզ հետ զրույցում ասաց օրեր առաջ «Հետքին» ահազանգած «Դատապարտյալների հիվանդանոցում» պատիժը կրող դատապարտյալ Տիգրան Գրիգորյանը:  

Դատապարտյալը բարձրաձայնել էր, որ ֆիզիկական ծանր վիճակում է, ոտքերը կոտրված են, տեղաշարժման խնդիր ունի, գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցի» երկրորդ հարկում, չի կարողանում իջնել առաջին հարկ բնական կարիքները հոգալու, որտեղ էլ գտնվում է զուգարանը: Տիգրան Գրիգորյանը խնդրել էր կամ իրեն իջեցնել առաջին հարկ, կամ աստիճանների մոտ բազրիք՝ երկաթյա ձող ամրացնել, որ կարողանա իջնել-բարձրանալ:

«Հիվանդանոցի աշխատակիցները, ղեկավարությունը անմիջապես լուծեց հարցը, բռնակ դրեցին աստիճանների մոտ, շնորհակալ եմ շատ, հիմա հանգիստ շունչ եմ քաշում»,- ասաց Տիգրան Գրիգորյանը՝ նշելով, որ ահազանգից հետո իրեն այցելել են նաև ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամները:

Հիշեցնենք, որ Տիգրան Գրիգորյանը 2014-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2 տարի առաջ Սևան -Երևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի մեջ (զոհվել է 2, վիրավորվել մի քանի քաղաքացի): Վթարի հետևանքով Տիգրան Գրիգորյանը նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, կոտրվել են նրա ոտքերը, մեկը՝ ազդրից ու ձեռքը՝ ուսագլխից: 32 տարեկան է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա: Վթարից հետո դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Պատիժը կրել է բաց ռեժիմում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մի քանի անգամ ստացել է կարճատև մեկնում, պառկել քաղաքացիական հիվանդանոցում ու տանը՝ բուժվելու նպատակով, տարել է մի քանի վիրահատություն:

Դատապարտյալը նաև խնդրել էր իրեն կարճատև մեկնման հնարավորություն տալ, որպեսզի կարողանա տուն գնալ ու հոգալ սանիտարահիգիենիկ հարցեր, քանի որ չի կարողանում ինքնուրույն լողանալ: «Հետքի» հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ Տիգրան Գրիգորյանի կարճատև մեկնումների քանակը սպառվել է, նման հնարավորություն, ցավոք, չկա: «Սանիտարահիգիենիկ հարցերը լուծելու համար «Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակիցերը կարող են օգնել դատապարտյալին»,- ասաց ՔԿՎ պաշտոնյան:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter