HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ականատեսի հուշերը. «Ինձ համբուրել է Ամենայն հայոց բանաստեղծը…»

Ժաննա Մինասյանն իր դստեր՝ Լուսինե Մուշեղյանի խնդրանքով մեզ է ներկայացնում Ցեղասպանությունից փրկված հոր կյանքի պատմությունը: Նա սեղանին է դնում շագանակագույն կազմով գիրքը՝ Արցախի հայտնի տատիկ-պապիկի հուշարձանի լուսանկարով: Ներքևում գրված է՝ «Ինձ համբուրել է Ամենայն հայոց բանաստեղծը…»: Տիկին Ժաննան թերթում է էջերը: Դեռևս բովանդակությանը չծանոթացած՝ առաջին հերթին զարմանք են առաջացնում համաչափ ու մաքուր տողերը: Հեղինակը 87 տարեկանում է գրել գիրքը` փաստաթղթերով, լուսանկարներով ու դրանց նկարագրություններով հագեցած: «Նա մինչև իր կյանքի վերջը գրում էր և գրում էր ահա այսպիսի գեղեցիկ ձեռագրով»,- նկատում է զրուցակիցս:

7-ամյա Հովհաննեսը. Վանից` Էջմիածին

Հովհաննես Մինասյանը ծնվել է Վան քաղաքում 1908 թվականին: Հայրը` տեր Մաթևոս Մինասյանը, Վանում քահանա է եղել: Գրել է, որ ծնվել է այն օրը, երբ Թուրքիայում երիտթուրքերը «Եղբայրություն, հավասարություն, ազատություն» հռչակեցին: Ըստ նրա` դա ոչ միայն թուրքերի, այլև հայերի համար ցնծություն էր: Միայն տարիներ անց պատմությունը հաստատեց, որ երիտթուրքերի հռչակած հեղափոխությունն ազգայնականության հողի վրա է: «Թուրքիայում միայն թուրքեր պետք է ապրեն՝ առանց հայերի. ահա երիտթուրքերի մոլի դավանանքը»,- ասվում է Հովհաննես Մինասյանի հուշամատյանում:

1915-ի գարնանը 7 տարեկան Հովհաննեսն ականատես է եղել հայերի զանգվածային կոտորածին: Վանն ինքնապաշտպանության էր անցել: Նա գրել է, որ այդ ինքնապաշտպանությունը կազմակերպվել էր խելամտորեն և ռազմագիտական բարձր հմտությամբ, և որ թուրք ջարդարարները չկարողացան վանեցիներին ընկճել: Սակայն այդ ժամանակ եղան զոհեր, որոնց թվում էին նաև նրա ծնողները:

Իր հուշամատյանում Հովհաննես Մինասյանը չի գրել իր մոր սպանության մասին: Երեխաներն այդ մասին իմացել են 1990-ական թթ.-ին, երբ նրանց տուն ամերիկահայ պատմաբան էր եկել, և գիրք գրելու համար զրուցել էր Հովհաննես Մինասյանի հետ:

«Հիշում էր, որ մորը կապել էին ձիու պոչից և հեծնելով արագությամբ քշում էին փողոցներով: Դա 1915-ին էր: Հետո բոլորին սպանել են, տանը մնացել են, թե ինչպես, չէր հիշում, իր մեծ եղբոր կինն ու նորածին երեխան, որը ծնվել էր 1915-ի ապրիլի 10-ին: Իրենք փախչում են, գալիս Էջմիածին»,- ասում է Ժաննա Մինասյանը:

1914 թվականաին Հովհաննես Մինասյանի եղբայրը զորակոչվել էր թուրքական բանակ: Նա գրում է, որ 1915-ին թուրքերը բոլոր հայ զինվորներին սպանում էին՝ դիերը նետում Բանդիմահի գետը: Նրանց թվում էր նաև եղբայրը: Իր ընտանիքի մնացած անդամների մահը գրի չի առել, չի գրել, թե քանի երեխա են եղել ընտանիքում: Նկարագրում է գաղթի ճանապարհը՝ եղբոր կնոջ և նրա նորածին որդու՝ Պողոսի հետ:

«Դեպի Էջմիածին էինք շարժվում գիշերները: Ցերեկները պատսպարվում էինք կիրճերում, խոր ձորերում, ուր քուրդ ու թուրք չէին երևում: Գնում էինք հոգնած, կիսաքաղց: Այդպես կտրեցինք Աբաղայի դաշտը, հին Բայազետը, մինչև հասանք Իգդիր, հետո մեր փրկության օրրան Էջմիածին»,- իր հուշերում գրում է Հովհաննես Մինասյանը:

Տիկին Ժաննան ասում է, որ հայրն իրենց պատմում էր, թե գաղթի ճանապարհին սպասում էր, որ եղբոր կինը նորածնին միզեցնի, ինքը ձեռքերը պահում էր, ափով մեզը հավաքում, խմում: Այդպես էր ծարավը հագեցնում:

«1915 թ.-ի ամառ: Էջմիածնի վանքի բակում և շրջապատում հազարավոր գաղթականներ են թափված՝ ուժասպառ, հիվանդ, սովամահ... Ամեն մի նոր օր` մեռելների նոր խումբ, որոնց սայլերով տանում են քաղաքից դուրս՝ ուր որ թաղելու»,- գրված է գրքում:

Էջմածին հասնելու հաջորդ օրը եղբոր կինը վանքի միաբանությունից վարդապետ Վրթանեսի մոտ է գնացել: Եղբոր կինը հիշել էր, որ վարդապետը մտերիմ էր Հովհաննես Մինասյանի հոր հետ, Վան գնալիս իջևանում էր նրանց տանը: Վարդապետն իր խնամակալության տակ է վերցրել 7-ամյա Հովհաննեսին, իսկ եղբոր կինն իր նորածնի հետ տեղավորվել է գաղթականներին հատկացված օթևանում:

Որբանոցում

«Ամեն օր նախաճաշից հետո վարդապետի երիտասարդ սպասավորն ինձ տանում է զբոսանքի: Ժամանակ առ ժամանակ հայր սուրբն իմ ձեռքը բռնած տանում էր ինձ որբանոց, որ նոր էր բացվել ճեմարանի շենքում: Ամեն այսպիսի դեպքում ինձ հանձնում էր դաստիարակչուհուն, որպեզի որբերի հետ ինձ էլ զբաղեցնի, իսկ ինքը մտնում էր որբանոցի վարիչի մոտ՝ գուցե ինչ-որ հարցեր լուծելու նպատակով: Մի ամսվա ընթացքում ես որբ տղաների հետ ընկերական մտերիմ կապերի մեջ մտա: Նրանց հետ խաղում էի, զվարճանում: Երեկոյան կողմ վարդապետի սպասավորը գալիս էր և ինձ տուն տանում»,- գրում է Հովհ. Մինասյանը:

Հետո նշում է, որ մի երեկո էլ, երբ սպասավորը եկել էր իրեն տուն տանելու, համառորեն հրաժարվել էր գնալ, որովհետև չէր ուզում բաժանվել ընկերներից: Դա ասել էր նաև վարդապետին: Այդ օրվանից նա մնացել էր որբանոցում: 1915-ի օգոստոսի վերջին մանկատունը տեղափոխել էին Թիֆլիս, որի առաջին սաները դարձան Էջմիածնից գնացած 10-12 երեխաները: Մանկատունն, ըստ Հ. Մինասյանի, մի բազմամարդ ընտանիք էր: Պատմում է, թե ինչ հոգատարությամբ էին վերաբերվում որբերին. դաստիարակները հետաքրքիր զրույցներ էին ունենում, խաղեր, զբոսանքներ կազմակերպում, «հարուստ ընտանիքի պես սնվում էին՝ տեսակ-տեսակ ճաշերով»:

1915 թ., Թումանյանը` հայ որբերի հետ, առաջին շարքում աջից` Հ. Մինասյանը

1915-ի սեպտեմբերի 1-ին սկսվեցին գրուսուցման դասերը: Ուսուցիչը Խրիմյան Հայրիկի թոռն էր՝ պարոն Թոռնիկը: «Իր շնորհքն ու անսպառ եռանդը գործի դնելով՝ պարոն Թոռնիկն ուսումնական տարվա ընթացքում գրել-կարդալ սովորեցրեց: Հիանալի ձեռագրի տեր դարձանք. ոչ թե գրում էինք, այլ մարգարիտ էինք շարում: Կարդալու մասին խոսք չկար՝ կարդում էինք սահուն ու արտահայտիչ»,- գրում է նա:

Երբ նոր էր փոխադրվել երրորդ դասարան, Թիֆլիս էր գնացել եղբայրը՝ Եսային: Վերջինս Էջմիածնում Վրթանես վարդապետից տեղեկացել էր եղբոր մասին և գտել նրան: Եսային ավարտել էր Երևանի թեմական դպրոցը և այդ օրերին ծառայում էր զորավար Անդրանիկի զորքում: Նա ռուսական բանակի հետ հասել ու մասնակցել էր Վանի հերոսամարտին:

Եղբայրը խորհրդակցել էր ուսուցչի հետ՝ Հովհաննեսին Ներսիսյան դպրոց ընդունելու համար: 1916-20 թթ.-ի Հովհաննեսը սովորել է այդ դպրոցում: «1920 թ.-ին ես զրկվեցի իմ ուսումը Ներսիսյան դպրոցում շարունակելու բախտից: Թիֆլիսի բոլոր հայկական որբանոցների որբերը՝ Հայաստանի նորաթուխ դաշնակցական կառավարության պահանջով տեղափոխվեցին Հայաստան (Կարս), ուր ընկան նոր աղետի ու փորձության մեջ՝ թուրքական հորդաների երախը»,- նշում է Հովհ. Մինասյանը:

Թումանյանը` «որբերի Հայրիկը»

Հեղինակն առանձին հատվածով ներկայացնում է իր հանդիպումը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, ում անվանում է «որբերի Հայրիկ»: Ասում է, որ մի քանի անգամ առիթ է եղել նրա տուն գնալու: Մանկատան տնօրեն Ազատ Վշտունին էր ուղարկել Թումանյանի տուն` իր բանաստեղծությունների տետրը փոխանցելու համար: Այդ ժամանակ Թումանյանը Հովհաննեսին առաջարկել է որևէ բանաստեղծություն արտասանել: Արտասանել է «Արտավազդը», հետո գրողը խնդրել է որևէ բան երգել: Վշտունու տետրն էլ միջոց է դարձել, որ մանկատան սանը հաճախ գնա-գա Թումանյանի տուն: «Ամեն անգամ Թումանյանի տուն գալիս ես արժանանում էի հյուրասիրության: Ճիշտն ասած, յուրաքանչյուր հյուրասիրություն վայելում էի հոգեկան ծանր ապրումներով: Ինձ թվում էր, թե ինձ հյուրասիրում են, կարծելով, թե սոված եմ` որբանոցի խղճուկ սնունդին ենթակա: Բայց դուստրերից ով էլ որ ինձ հյուրասիրում էր, հյուրասիրում էր այնպիսի սրտամոտ վերաբերմունքով, որ կասկածը փարատվում էր, և ես հաճույքով ու անկաշկանդ վայելում էի Թումանյանի ճոխ սեղանի հյուրասիրությունը»,- գրում է Հ. Մինասյանը:

Նա հանգամանորեն ներկայացնում է, թե 1919-ի սկզբներին Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության շենքի դահլիճում որբերն ինչպես էին պատրաստվել մեծ գրողի 50-ամյակին նվիրված միջոցառմանը: «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծությունն արտասանելիս տղայի աչքն ընկել է Թումանյանին, ասելիքը մոռացել է, շփոթվել ու փախել կուլիսներ: Այդ ժամանակ, գրում է, մտածում էր, թե կհայտնվի մանկատան տնօրեն Վշտունին ու կապտակի իրեն:

Բայց, ինչպես ասում է, ի զարմանս իրեն, Վշտունու հետ միասին կուլիսներում երևաց մեծ Հայրիկը: Իր գիրկն առավ, փաղաքշեց, հուսադրեց: Մի անգամ արտասանել տվեց բանաստեղծությունը, հետո վերադարձավ դահլիճ: Այդ անգամ, գրում է Մինասյանը, այնպես է արտասանել, որ դահլիճը ոգևորված ծափահարել է: «Ոգևորված իմ հաջողություններով` կանգնել եմ գլուխս խոնարհած` ի նշան շնորհակալության: Թումանյանը մոտեցավ, ինձ համբուրեց, փաղաքշեց: Ախ, այդ համբույրը: Մինչ այդ ինձ` որբուկիս, ոչ ոք չէր համբուրել ու փաղաքշել»,- հիշում է նա:

Ալեքսանդրապոլում

Թիֆլիսից հետո Հովհաննեսը տեղավորվել է Կարսի երկաթուղու մոտ գտնվող մանկատանը: Գրում է, որ որբանոցներում բացված դպրոցները ցածր դասարանցիների համար էին, հետևաբար ինքը և Թիֆլիսի հայկական գիմնազիայի սաները մնացին ուսումից զուրկ: Խնդրի լուծման համար դիմել էին դաշնակցական կառավորության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանին: Այնուհետ նրան տեղափոխել են Ալեքսանդրապոլի նոր բացված ռազմաինժեներական ուսումնարան:

«Պատերազմը շարունակվում էր: Թուրքերը կամաց-կամաց մոտենում էին Ալեքսանդրապոլին: Մարդիկ արդեն բռնել էին քաղաքից օր առաջ շուտ փախչելու ճանապարհը: Փախչում էին ով ինչպես կարողանում էր՝ շատերը ոտով՝ շալակած ինչ հնարավոր էր, շատերը սայլով, ֆուրգոնով, իսկ հարուստները՝ կառքերով: Քաղաքը խուճապի մեջ էր: Փակվեց և մեր ուսումնարանը»,- պատմում է նա ինքնակենսագրականում:

1944 թ., ռազմաճակատ, վերևի շարքում աջից` Հ. Մինասյանը

1921 թ. ամերիկացիները (Ամերկոմը) որբերի համար դպրոց բացեցին և Պոլիգոնում (Լենինական) միակ մանկավարժական միջնակարգ ուսումնարանը, որի աշակերտներից էր նաև Հովհաննես Մինասյանը: Այն ավարտել է 1925 թ. հունիսին, որից հետո ուղևորվել է Ղարաբաղ` ուսուցչություն անելու: Ղարաբաղում էլ ծանոթացել է ապագա կնոջը: Ունեցել են 5 աղջիկ: Տիկին Ժաննան պատմում է, որ մոր մահը երկրորդ հարվածն էր հոր համար: Մայրը մահացել է 1984 թ.-ին: «Հայրս աշխատանքից եկավ, տեսավ, որ մայրս չկա: Այդ ժամանակ ասաց` կյանքն ինձ երկրորդ հարվածը հասցրեց: Առաջին անգամ ինքը որբացած զգաց, երբ եղբոր՝ Եսայիի մահվան մասին լսեց, երկրորդը՝ կնոջ»,- վերհիշում է դուստրը, ով երեխաներից կրտսերն է: Եսային մահացել էր տիֆի համաճարակից: Նա օգնում էր մանկատան երեխաներին, որոնք տիֆով էին վարակված:

Ադրբեջանի վաստակավոր ուսուցիչը

1946-ին` Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, որին սկզբից մինչև վերջ մասնակցել էր Հովհաննես Մինասյանը, կրկին գնացել է Ղարաբաղ: Այնտեղ հայոց լեզու է դասավանդել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի դպրոցում: Հ. Մինասյանը Ադրբեջանի վաստակավոր մանկավարժի կոչում է ստացել, որից հրապարակավ հրաժարվել է Ղարաբաղյան շարժման ժամանակ (հատագայում նա մանկավարժությամբ է զբաղվել նաև Հայաստանում): 1965-ից հետո որոշել էր փոխադրվել Երևան: Իր գրքում ասում է, որ պատճառը եղբոր որդու՝ Պողոսի հետ հանդիպումն էր:

50 տարվա հեռավորություն

Տիկին Ժաննան պատմում է, որ 1965-ին Պողոսը, որ գաղթի ժամանակ դեռևս նորածին էր, գտել է հորեղբորը: Ըստ Ժաննայի` իր հորեղբոր կինն ամուսնացել էր գառնեցու հետ, որն էլ սեփական ազգանունն էր տվել երեխային: Եվ միայն մահվանից առաջ էր մայրը որդուն ասել իրական ազգանունն ու այն, որ հայրական գերդաստանից փոքր հորեղբայրն է ողջ մնացել, ում թողել է Էջմիածնում: 50 տարի անց Պողոսը գտել է փոքր հորեղբորը: «Ես հիշում եմ այդ օրը, հուզիչ պահ էր` Աջափնյակ-Քանաքեռ փոքր տարածության մեջ 50 տարվա ճակատագիր է: Նրանք 20 տարի վայելեցին իրենց բարեկամությունը»,- ասում է Ժաննա Մինասյանը:

Երկարակյացները

Հովհաննես Մինասյանը մահացել է 2005-ին` ապրելով 97 տարի: Ժաննա Մինասյանն ասում է, որ նկատել է՝ Ցեղասպանության ականատեսները երկար են ապրում: Ըստ նրա` դա փաստում է նաև վիճակագրությունը: «Բնությունը շտկելու հատկություն ունի, չէ՞: Երևի դա էլ ինչ-որ ձևով ցավը մարդկանց հասցնելու ճանապարհ է»,- նշում է տիկին Ժաննան: Նա հիշում է, որ իրենց ընտանիքի մշտական հյուրերի թվում էին հոր նկարագրած որբաշխարհի մարդիկ: Հայրը մտերիմ էր գրող Խաչիկ Դաշտենցի, բանաստեղծ Սարմենի, արվեստագետ Եղիշե Մարտիկյանի, Կարեն Դեմիրճյանի հոր՝ Սերոբ Դեմիրճյանի հետ:

Ժաննան պատմում է, թե նրանք այնքան կենսուրախ մարդիկ էին, որ երբեք չէիր մտածի, թե այդքան ցավ են տեսել: Հետո ավելացնում, որ հայրը մինչև կյանքի վերջ ցանկանում էր Վան գնալ: «Ասում էր, որ մի առու էր հոսում իրենց տան մոտով, ամեն անգամ անցնելուց ուրախանում էր, որովհետև հայրը ձեռքից բռնում էր, թռցնում առվի վրայով: Ասում էր՝ եթե գնանք Վան, կգտնեմ մեր տունը»,- պատմում է դուստրը՝ ավելացնելով, որ հիմա ինքն է ցանկանում իրականացնել հոր երազանքը՝ գնալ Արևմտյան Հայաստան:

Լուսանկարները` Հ. Մինասյանի ինքնակենսագրական գրքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter