HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատժել էին մի մարդու, որը գողացել էր… արյուն

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

19 տարի առաջ՝ 20 տարեկանում, չէի տարբերում դատապաշտպանը դատախազից, չգիտեի նրանց լիազորություններն ու գործառույթները: Չգիտեի քրեական օրենսգրքի, հոդվածների, պատիժների մասին: Չգիտեի, թե ովքեր են բանտերում: Առավել ևս չգիտեի, որ կա Մահվան տուն, որտեղ քարե դագաղներում պատիժ կրող մարդիկ են գոյատևում, որտեղ հարազատները ծաղիկների փոխարեն սնունդ ու հագուստ են բերում:

1996-ին, երբ ընդամենը 3 ամսում արագ-արագ ինձ մահապատժի դատապարտեցին չգործած հանցանքի համար ու բարձրացրեցին մահապատժի դատապարտվածների հարկաբաժին, լսեցի մի պատմություն արյուն գողացողի մասին: Մի երիտասարդ, որը նոր էր մահապատժի դատապարտվել ու եկել էր ներքևի «անորոշ» խցերից, պատմում էր, որ իրենց խցում մի պապիկ է եղել, ում մեղադրել են… արյուն գողանալու մեջ: Նման բան երբևէ չէի լսել: Պարզվում է՝ նա գողություն է արել, որ փրկի թոռան կյանքը: Պարզապես չի ունեցել անհրաժեշտ գումար: Չէ՛, պապիկը անհրաժեշտ գումարը չի գողացել, այլ անհրաժեշտ խմբի արյունը: Նրան գողության հոդվածով դատեցին և, եթե չեմ սխալվում, դատապարտեցին երկու տարվա ազատազրկման:

19 տարի առաջ դեռ ոչինչ չգիտեի քրեական իրավունքի մասին, այն մասին, որ կա ծայրահեղ անհրաժեշտություն հասկացությունը: Բայց նույնիսկ այն ժամանակ համարում էի, որ նման արարքի համար չի կարելի մարդուն զրկել ազատությունից:

Այս պատմության մասին վերհիշեցի «Քրեական իրավունք» առարկայի քննությանը պատրաստվելիս, քանի որ հաճախ դասագրքում առաջադրվում են նմանատիպ կոնկրետ իրավիճակներ և հնարավոր լուծումներ՝ ըստ օրենսդրության: Հիմա արդեն գիտեմ, կարդացել եմ Քրեական օրենսգրքում սիրուն-սիրուն գրվածը. արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներից մեկը ծայրահեղ անհրաժեշտությունն է (քրեական օրենսգրքի 44-րդ հոդված): Այո՛, մարդը կարող է ըստ էության հանցանք կատարել, այսինքն`նրա արարքում կան հանցակազմի բոլոր հատկանիշները, սակայն օրենքը բացառում է հանցավորությունը, հետևաբար որևէ քրեական պատիժ չի կարող նշանակվել:

Արդյո՞ք իմ պատմության պապիկը, ով ճարահատյալ փորձել է փրկել իր թոռնիկի կյանքը, չի գործել ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում: Մի՞թե երեխայի կյանքը ավելին չէ, քան մեկ կամ մի քանի տոպրակ արյունը: Մի՞թե պետության համար երեխայի կյանքն ավելի գերակա շահ չէ, քան գողացված արյունը:                                                  

Ծայրահեղ անհրաժեշտության, անհրաժեշտ ինքնապաշտպանության մասին մտածմունքներս, ինչպես նաև այս պատմության պապիկի գործը, նաև այլ քրեական գործեր, որոնց հանդիպել եմ 19 տարիների ընթացքում, հանգեցնում են հետևյալ համոզման.

1. Մեր երկրում օրենքի առջև բոլոր քաղաքացիները հավասար չեն: Սա սահմանադրական նորմ է, որը չի գործում մեր երկրում: Օրինակներ՝ որքան կցանկանաք. ամենավառ օրինակը Սյունիքի մարզպետի և նրա որդու, հարազատների անվան հետ կապվող սպանություններն են ու տարբեր ռազբորկաները: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը որակում է որպես անհրաժեշտ պաշտպանություն, այսինքն՝ պետական մարմինը շահագրգռված փնտրում-գտնում է հանցավորությունը բացառող հանգամանքներ: Իսկ թոռնիկի կյանքը փրկող պապիկը մեր երկրում հանցագործ է համարվում և պատժվում: Ո՞վ գիտի՝ գուցե նա գաղութում անցկացրել է իր կյանքի վերջին տարիները:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում երեք ցմահ դատապարտվածների, այդ թվում իմ գործով ակնհայտ նոր երևան եկած հանգամանքներ ներկայացվեցին գլխավոր դատախազություն, սակայն համակարգը, լավ գիտակցելով դատաիրավական համակարգի անկատարությունը, մանավանդ՝ 1990-ականներին, այնուամենայնիվ, քայլեր չձեռնարկեց, որ արդարությունը վերականգնվի գոնե մեկ անմեղ դատապարտվածի կյանքում: Հասկանալի է դառնում, որ թե՛ դատախազության, թե՛ դատարանների շահագրգռվածությունն ամենևին էլ արդարության վերականգնումը չէ, այլ իշխանության հովանավորչությունը վայելողներին քրեական պատասխանատվությունից ազատելը, իսկ նման թիկունք ու իշխանական կապեր չունեցողներին, անգամ եթե նրանք անմեղ են, դատապարտել օրենքի ողջ խստությամբ:

2. Հայաստանում դատաիրավական ոլորտում, մասնավորապես՝ քրեական գործերով ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ոչ միայն օրենքի առջև մարդկանց հավասարության սկզբունքը, այլև օրինականության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու հատկապես ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ սկզբունքները:

ԱԿՆՀԱՅՏ  Է, ՈՐ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ ԲՈՒՅՆ Է ԴՐԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԳՐԵԹԵ  ԲՈԼՈՐ  ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

ԱԿՆՀԱՅՏ  Է, ՈՐ ԱՅՍ  ԱՄԵՆԸ  ԾՆՈՒՄ Է  ՎԱԽԻ  ՄԹՆՈԼՈՐՏ, ԻՆՉԸ  ԲՆՈՐՈՇ Է  ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ԵԼՔԸ` ՊԱՅՔԱՐԵԼ, ԵՎ ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՀԵՏ… ՄԻԱՅՆ  ԱՌԱՋ

Մեկնաբանություններ (2)

Սէրլի
Հրանոյշ Յակոբեանի մուրացիկութեան շնորհիւ Հետքը ճանչցանք, Հետքի շնորհիւ ալ այս զարմանալի մարդը բացայայտեցինք, զոր ամենուս կրնայ մարդկայնութեան եւ օրինապահութեան դասեր տալ։ Կը զարմանանք քեզմով, սիրելի Մհեր Ենոքեան, աղօթենք, որ դուրս ելլես բանտէն եւ ատիկա ուշ չըլլայ։
President
ՀՀ մարմինները շարունակում են աշխատել ստալինյան ոճով: Ինկվիզիցիցիան դատախազության միակ մեթոդն է: Սա իրավունքի խնդիր չէ, այլ գործելաոճի: Եթե ավելի ընդհանրական եզակացություն անենք, խնդիրը պետական խշխանության կազմակերպման մեթոդին է հանգում. ՀՀ պետությունն է այդպիսին, իսկ քիրական քաղաքականություն ընդամենը նույն պետական քաղաքականության մի մասն է, որ, ի դեպ, նաև սպասարկում է քաղաքական իշխանությանը: Եթե վաղը ՀՀ տարածքում գործի Նորվեգիայի քր. օրենսգիրքը, գործնական առումով որևէ տարբերություն չես տեսնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter