HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞վ է Արամ Մանուկյանին հարվածելու մեջ մեղադրվողը պարտական իշխանությանը

42-ամյա Արշակ Սվազյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Սոսեի փողոցի շքամուտքում հարվածելու մեջ: Ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում Արշակ Սվազյանը նշել է, թե ինքը հայրենասիրական ապտակ է հասցրել Արամ Մանուկյանին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: Ավելին՝ նա պնդել է, որ անձամբ ճանաչում է երկրի նախագահին, նրան համարում է մեծ եղբայր:

Նշենք, որ ինչպես այս անգամ, այնպես էլ 5 տարի առաջ, երբ նույն քաղաքացին մեղադրվել էր մաքսանենգ ճանապարհով Դուբայից մոտ 69 մլն դրամ արժողության ադամանդե քարեր Հայաստան բերելու մեջ, նրա նկատմամբ դատաիրավական համակարգը բարեհաճ է գտնվել. դատարանները երկու անգամ էլ որպես խափանման միջոց կիրառել են չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգի կայքից:

Մանուկ Սվազյանը շուրջ 5 տարի Դուբայ քաղաքում զբաղվել է ավտոմեքենաների առք ու վաճառքի բիզնեսով: Դատաքննությամբ պարզվել է, որ Արշակ Սվազյանը 2010թ.-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանել է Երևան, ապա սպասարկման սրահով անցել է մաքսային հսկողության գոտին և տաբատի գրպանում մաքսային հսկողությունից թաքցնելով՝ տեղափոխել է 68.859.000 դրամ արժողությամբ ադամանդյա քարեր: Դրանք հայտնաբերվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում տարի առաջ քննված գործով ամբաստանյալ Արշակ Սվազյանն իրեն մեղավոր չի ճանաչել, այլ նշել է, որ ադամանդներն իրեն է փոխանցել իր ծանոթը՝ ասելով, որ Երևանում իրեն կդիմավորի քարերի տերը ու կվերցնի դրանք:

Սակայն դատարանը գտել է, որ Սվազյանի ցուցմունքը անհիմն է, որ այդպիսով նա փորձում է խուսափել պատասխանատվությունից: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Սակայն նա բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որտեղ էլ կիրառվել է ՔՕ 70 հոդվածը: Այսինքն՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարվա փորձաշրջան:

Սակայն ՀՀ լխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը վճռաբեկ բողոք է բերել, որը բավարարվել է: Չնայած նրան, որ օրինական ուժ է տրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճին, այդուհանդերձ Արշակ Սվազյանի նկատմամբ կիրառվել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշումը, և նա այդպիսով ազատվել է պատասխանատվությունից: Մոտ 69 մլն դրամ արժողությամբ ադամանդե քարերը բռնագանձվել են հօգուտ պետության: 

Լուսանկարը` Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter