HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի քաղաքապետն ու հայտատուները չներկայացան աճուրդին

Սիսիանի քաղաքապետարանը մայիսի 12-ին հայտարարել էր բաց դասական աճուրդ՝ համայնքային սեփականություն հանդիսացող Իսրայելյան 27/3 հասցեում գտնվող անշարժ գույքը` 32 քմ հողամասը եւ նրա վրա կառուցված 24,79 քմ ավտոտնակը՝ 480 հազար դրամ մեկնարկային գնով վաճառելու համար: Աճուրդի էին դրվել նաեւ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, 1995թ. արտադրության ԳԱԶ 31 054 LL70 ավտոմեքենան եւ մի քանի լոտ հող: Աճուրդը, սակայն չկայացավ, որի պատճառն, ըստ համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանի, աճուրդավարի` քաղաքապետի բացակայությունն էր քաղաքից:

 «Հետքի» հարցին, թե աճուրդն հետաձգելու մասին որոշումը երբ է կայացվել եւ, արդյոք այդ մասին տեղեկացվել են մասնակիցները, աշխատակազմի քարտուղարը պատասխանեց. «Հենց նոր քաղաքապետի հետ խոսեցի, ասաց, որ հետաձգենք, երեւի վաղը կանենք, մասնակիցներին կտեղեկացնեմ»: Կես ժամ անց, Միրաբյանը կրկին հաստատեց, որ դեռ կիրազեկի մասնաիցներին, միաժամանակ նշելով, որ «միեւնույն է, բավարար թվով դիմողներ չկան»: Հայտեր են ներկայացվել ընդամենը 3 լոտի համար: Այդ մասին նշումներ էին կատարվել նաեւ աճուրդի գրանցամատյանում:

Համայնքային իշխանության աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Միրզոյանի խոսքով` 3 հայտ ստացվել է Գարեգին Նժդեհի 5/1 հասցեի բնակավայրերի այլ հողեր հանդիսացող 400 քմ հողամասի համար:Երկու հոգի դիմել է ավտոտնակի համար: Սպասարկման կետ կառուցելու նպատակով մեկ հայտ ներկայացվել է Գայի 1/1 հասցեում գտնվող հողամասի համար: 

«ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան աճուրդի դնելուց առաջ ներկայացվե՞լ է գնահատման, մեր հաջորդ հարցին, աշխատակազմի քարտուղարը պատասխանեց, թե դրա անհրաժեշտությունը չկա: Նրա խոսքով` աճուրդի կազմակերպման համար նաեւ համապատասխան հանձնաժողով չի ստեղծվել, քանի որ «միեւնույնն է» աճուրդավարը համայնքի ղեկավարն է, նա էլ սովորաբար կազմակերպում է աճուրդը:

Հետաքրքրականն այն է, չնայած աճուրդը հետաձգելու մասին, աշխատակազմի քարտուղարի խոսքով, քաղաքապետը տեղեկացրել էր նախատեսված ժամից մի քանի րոպե առաջ, եւ այդ մասին դեռեւս իրազեկված չէին հայտատուները, այնուամենայնիվ, նրանցից ոչ ոք հայտարարված ժամին քաղաքապետարան չէր ներկայացել: Վաչագան Միրաբյանին խնդրեցի մեկնաբանել այդ փաստը, իսկ նա զայրացավ, ասելով, թե ինքը պրովոկացիոն հարցերի չի պատասխանում:  Անպատասխան մնաց նաեւ այն հարցը, թե մինչեւ երբ է հետաձգվում հայտարարված աճուրդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter